Իշխանութիւնը գիտէ, որ Սիւնիքէն անցնելիք միջանցքներու աշխատանքները մենք պիտի խոչընդոտենք, պիտի չթողենք նման բան տեղի ունենայ, ատոր համար կ'ուզէ մեզ ձերբակալել, եւ հարցին հեշտ լուծում տալ։ Այս մասին 7 Յունիսին, Քարահունջի վարչական ղեկավար Լուսինէ Աւետիսեանի դատական նիստէն առաջ՝ լրագրողներու հետ զրոյցի ժամանակ ըսած է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանեանը։
«Ես պատրաստ եմ դատուելու միայն թէ մեր ժողովրդին ամէն օր չտանեն, վախեցնեն, Եթէ պէտք է դատեն, թող դատեն, միայն թէ տարեց մարդկանց, գիւղապետներներին եւ մեր աշխատակիցներին հանգիստ թողնեն, առանց այն էլ մարդիկ արտագաղթում են աշխատանք չունենալու, այս մթնոլորտի պատճառով։ Մեր բոլոր վարչական ղեկավարներին կանչում են։ Տեղեկութիւն ունեմ, որ երէկ Որոտան գիւղի ամբողջ ազգաբնակչութեանը տարել են ոստիկանութիւն նոյն խնդրով։ Ես հենց այսօր էլ պատրաստ եմ, միեւնոյնն է, իմ սկզբունքերը չեն փոխուելու»,- նշած է ան։
Առուշանեանի խօսքով՝ Լուսինէ Աւետիսեանի ձերբակալութիւնը հերթական բանասարկութիւնն է։
«Մենք սկզբունքօրէն մեզ թոյլ չենք տայ որեւէ աշխատողի, որեւէ քաղաքացու, ասել՝ արի եւ մեզ քուէարկի։ Ուղղակի հերթական բանսարկութիւններ են, եւ մեր քաղաքացիներին հետեւեալ խօսքն են ասում, որ գրէք Առուշի վրայ կամ էլ ձեզ կը դատենք։ Ես ինձ երբեւէ չեմ կարող թոյլ տալ նման բան անել։ Այ իրենք, որ վարչական ռեսուրսն օգտագործում են, մարդկանց վախեցնում են, ուսուցչին ասում են գործից կը հանենք, նրանց մօտ նորմալ է, բայց իմ ընկալումներում սխալ է»,-ըսած է Առուշ Առուշանեանը։
Նշենք, որ Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի ղեկավար Լուսինէ Աւետիսեանը ձերբակալուած է 5 Յունիսին՝ Քարահունջ համայնքի բնակիչներուն ընտրակաշառք բաժնելու եւ ընտրութիւններուն մասնակցելու հարկադրելու կասկածանքով։