Այսօր Բարեկենդան է՝ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու շարժական տոներից մեկը, որ նշվում է Մեծ պահքին նախորդող կիրակի օրը։ Բարեկենդանին մարդիկ զվարճանում էին, երգում, պարում, գցում ճոխ սեղաններ, դիմակավորվում, կազմակերպում խաղեր եւ ներկայացումներ։ Գործածում էին հատկապես յուղալի ուտեստներ, մսեղեն եւ կաթնեղեն, քանի որ Մեծ Պահքի շրջանում հրաժարվում էին դրանցից։
Այսօր էլ միտում կա ավանդական տոները նույն ձեւով նշելու, ինչպես նշել են մեր նախնիք։
Բուն բարեկենդանի օրը ընդունված էր երեկոյան խաշած ձու ուտել՝ այդպիսով փակելով խրախճանքը։ Ասում էին․
«Բերաններս փակում ենք սպիտակ ձվով։
Աստված արժանացնի կարմիր ձվով բաց անելու»։
Միաժամանակ շնորհավորում են միմյանց՝ «Շնորհավոր Բարեկենդան, բարով հասնենք Սուրբ Հարության»։
Հրապարակներում կազմակերպվում էին տարատեսակ խաղեր, պարեր, թատերական ներկայացումներ եւ դիմակահանդեսներ։
Բարեկենդանը բացի կերուխումից ու խրախճանքից նաեւ ազատության օր էր։ Պատահական չէ, որ այդ օրը վանքերում անվանում էին «Աբեղաթող» («աբեղա» եւ «թողուլ»` թողնել, արձակել բառերից)։ Այսինքն՝ այդ օրը աբեղաներն ազատվում էին վանական խիստ կյանքի օրենքներից։
Հնում Բարեկենդանն այնքան սիրված, ժողովրդական, սպասված տոն էր, որ հայ ազգի կողմից այն ընկալվում էր որպես ամենաազգային՝ «հայոց ազգի օրեր»:
Բուն Բարեկենդանի նախորդող օրը ժամերգության ընթացքում եկեղեցու խորանի վարագույրը քաշվում է, խորանը ծածկվում մինչեւ քառասունօրյա պահքի ավարտը։
Լուսանկարները՝ Սյունիքի Խնձորեսկ գյուղում Բարեկենդանի տոնակատարությունից