image

Նրա երազանքները դարձան թևեր, իսկ հաղթանակները՝ ոտքի կանգնելու օրինակ

Նրա երազանքները դարձան թևեր, իսկ հաղթանակները՝ ոտքի կանգնելու օրինակ

Լողի բազմակի չեմպիոն Կարին Օջալն այսօր  Թուրքիայում  միակ կին հաշմանդամ լողի մարզիչն է, որի նվաճումները  ժամանակ առ ժամանակ հայտնվում են թուրքական հայտնի թերթերի էջերում: Կարինը պայքարի, կամքի, տաղանդի, աշխատասիրության ու  անհնարին պայմաններում՝ հաղթանակներ կերտող հայի վառ օրինակ է, որի հաջողություններով միշտ հպարտանում  են պոլսահայ համայնքում: Տեղեկացնենք, որ Կարին Օջալն այս տարի դարձել է Շիշլի մարզական ակումբի ընտանիքի անդամը: Մեզ հետ զրույցում նա պատմեց իր կյանքի անհայտ և հայտնի ճակատագրական դրվագները, որոնք մարդու ներաշխարհն են տակնուվրա անում:

-Հարգելի՛ Կարին, ինչո՞ւ ընտանիքդ Բիթլիսից Ստամբուլ տեղափոխվեց:

-Բիթլիսի Մութքի Չաթալերիք գյուղի  վերջին հայ ընտանիքը մեր ընտանիքն էր։ Ես  10 տարեկան էի, երբ եղբորս ծնվելուց 15 օր հետո մայրս մահացավ։ Հայրս՝ հորեղբայրներիս ու հորաքրոջս խորհրդով, 2005 թվականին մեկընդմիշտ փակեց Բիթլիսի հարազատ տան դուռը՝ իր 9 երեխաների հետ տեղափոխվելով Ստամբուլ՝ այն հավատով, որ  մենք հուսալի ապագա կունենանք։

-Ի՞նչ տեղ ունի Բիթլիսը ձեր կյանքում: 

-Մայրիկիս գերեզմանը Բիթլիսում է. ինչպես իմ  վերքն է այնտեղ, այնտեղ է նաև իմ գերդաստանի պատմությունը: Բիթլիսը յուրօրինակ տեղ ունի իմ կյանքում: Ըստ տոհմածառի՝ մեր գերդաստանը 1800-ականներից է այնտեղ։ Հայրական պապս՝ Թեմուրը, իր ծնողների մինուճար որդի՞ն էր, թե՞ ոչ, ստույգ չգիտենք։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մեծ ընտանիքից  պապս էր ողջ մնացել, իսկ նրա խնամակալությունը  ստանձնել էր իր զարմիկը, ավելին՝ ազգանունը յան-ով էր ավարտվում, սակայն, ըստ այդ ժամանակվա ազգանվան մասին օրենքի պահանջի՝ նրանց տվել էին մեկ ընդհանուր՝ Օջալ ազգանունը։ Հնում այնտեղ հայկական եկեղեցիներ ունեինք, որոնք ժամանակի ընթացքում՝ անհայտ հանգամանքներում ավերվել են, իսկ մեր հայկական գերեզմանատունը, որը պապերս են իրենց ուժերով կառուցել, կանգուն է։ 

Բիթլիսում բոլորը գիտեին մեր հայ լինելը։ Մեր գյուղն ուներ 9 տուն։ Դարպասները միշտ բաց էին՝ կողպեք չկար։ Բոլորը հանգիստ ելումուտ էին անում՝հաց ուտում, հարևանություն անում մեզ հետ։ Տանը մայրս ու հայրս խոսում էին երեք  լեզվով՝ հայերեն, քրդերեն կամ զազաերեն։ Երբ Ստամբուլ եկանք, թուրքերեն չգիտեինք, իսկ մեր հայերենը ավելի շատ Հայաստանի հայերենի բարբառներին էր մոտ՝ ո՞նց ես-ի փոխարեն՝ հարցնում էինք՝ իմա՞լ իս․․․

-Ստամբուլում որտե՞ղ հաստատվեցիք:

-Ստամբուլի հայաբնակ Քում Քափը թաղամասում էինք ապաստանել։ Մինչ տան հարցերը լուծվելը՝ բոլորս ցրվել և տարբեր տներում էինք ապրում՝ հորեղբայրներիս, հորաքրոջս մոտ։ Սկզբնական շրջանում երեխաներով հաճախում էինք Պեզճյան վարժարան։ Եվ քանի որ նյութական խնդիրներ ունեինք՝ Պեզճյան վարժարանից մեզ գիշերօթիկ դպրոց տարան։ Գիշերօթիկ գնալուս օրը մինչև կյանքիս վերջ չեմ մոռանա։ Սկյուտարում ծվարած դպրոցի դարպասներին գրված էր՝ Գալֆայան որբանոց։ Ես այդ գիշեր մինչև առավոտ լաց եմ եղել ու ասել՝ մենք տուն չենք գնալու, վե՛րջ, արդեն այստեղ ենք։ Եվ այդ զգացումներին գումարվել էր նաև մայրիկիս կորստյան ցավը։ Այդ որոշման համար շատ էի բարկացել ավագ քրոջս վրա, սակայն մեծանալուց հետո ես միայն հասկանում, որ ինչ կարող էր անել քույրդ։ Նա ընդամենը ուզում էր, որ ապահով ձեռքերում և կուշտ լինենք։ 6 տարի 3 քույրերով այդպես մնացինք այնտեղ։ Ամենամեծ դասը, որ ինձ տվեց Գալֆայանը՝ ոչ մեկից կախված չլինելով՝ նույնիսկ սահմանափակ կարողություններով, 

սեփական ոտքերի վրա կանգնել էր։ Մեկը մյուսից տարբեր 45 ճակատագրեր մեկ հարկի տակ էինք, և միայն Աստված գիտեր՝ որ մեկիս պատմությունն էր ավելի դառը։ Կյանքիս ամենադժվար, բայց ամենամեծ իմաստ հաղորդած շրջանն էր։ Ահա այստեղ էր, որ նաև պիտի իրականություն դառնար անիրականանալին։ Օրերից մի օր Գալֆայանի տաս աղջիկներով Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոցում միջոցառման էինք մասնակցում, որի ընթացքում պետք է ծաղկեփնջեր նվիրեինք հյուրերին։ Բոլորովին անտեղյակ էի, թե ում ծաղիկներ նվիրեցի։ Ես նայեցի այդ կնոջ աչքերի մեջ ու արցունքներս գլորվեցին, չհասկացա՝ ինչու։ Ինձ հարցրեց՝ կցանկանայի՞ր ընկերներիդ պես վազել․․․ 

Պարզվեց Թուրքիայի նախկին Կրթության նախարար տիկին Նիմեթ Բաշն էր։ Նա զանգահարում է վարժարան՝ իմանալու իմ պատմությունը, որ հասկանա, թե ինչպես կարող է օգտակար լինել։ Շատ արագ կազմակերպում է իմ ոտքի վիրահատությունը: Կյանքում առաջին անգամ ունեցա իմ պրոթեզը, ասես նոր ծնված լինեի։ Ես մինչ օրս մեծ երախտագիտությամբ եմ հիշում նրան, և մենք լավ բարեկամներ ենք դարձել։

-Գալֆայանից հետո ինչպե՞ս դասավորվեց ձեր կյանքը:

-Ավագ քրոջս հետ խորհրդակցեցինք ու որոշեցինք գիշերօթիկից դուրս գալ։ Քրոջս ու զարմիկներիս օգնությամբ մեր հետագա ուսումը շարունակեցինք Եսայան վարժարանում։ Քույրերով գիտակցում էինք, որ միայն կրթությունն է կարող  երաշխավորել մեր ապագան Թուրքիայի նման երկրում, կրթությունից բացի ուրիշ ճար չունենք։ Կրթաթոշակով սովորեցինք, և այժմ քույրերս և ես տարբեր համալսարանների ուսանողներ ենք, թվում է՝ կյանքը կամաց -կամաց սկսել է մեզ ժպտալ։

Երբ ինչ-որ բան մարդու համար անհասանելի է, մարդն ավելի շատ է ձգտում դրան։ Օրինակ՝ պրոթեզ չունեի՝ երազում էի վազել, ցատկել,անընդհատ փորձում էի վազքը։ Մի օր Եսայան վարժարանում մարմնամարզության ուսուցչուհու հետ «Հաշմանդամների կյանքում հանդիպած դժվարությունները․ ի՞նչ լուծումներ կարող ենք գտնել» թեմայով հետազոտություն էինք իրականացնում։ Ես հաշմանդամ էի. հետևաբար նրանցից մեկն էի, ավելին՝ աուտիզմով հիվանդ եղբայր ունեի, հետևաբար ինձ համար թեման մշտական ուսումնասիրության նյութ էր։

Գնացի հաշմանդամ երեխաների լողի ակումբ հարցազրույցի՝ ձեռքիս  տեսախցիկ,նոթատետր։ Երբ մարզիչները տեսան, որ ձեռքեր ու ոտք չունեմ, հարցրին՝ լողալ գիտե՞ս։ Ասացի՝ լողում եմ, սակայն տեխնիկան չգիտեմ։ Ասացին՝ հոգ չէ, և այդ օրը ինձ լողազգեստ, ակնոց և լողի գլխարկ տվեցին, ջուրը գցեցին։ Նույնիսկ չհասկացա՝ ինչ է տեղի ունենում, այդ օրն իմ կյանքը գլխիվայր փոխվեց։ Այդ օրվանից՝ 2015 թվականի ապրիլից մինչ օրս լողի ասպարեզում եմ։ Եսայան վարժարանն ինձ թիկունք կանգնեց ամեն հարցում. մարմնամարզության ուսուցչուհիս՝ Անժել Ելեգենը, միշտ մրցումներիս էր գալիս։ Յուրաքանչյուրիս կյանքում կա  մի ուսուցիչ, որի տեղն ուրիշ է, իմ կյանքում այդ ուսուցիչն օրիորդ Անժելն է։

Մարզումներից  երեք  ամիս հետո տեղեկացա, որ պետք է մասնակցեմ Ստամբուլում կայանալիք լողի հանրապետական մրցումներին: Երրորդ տեղը զբաղեցրի, և ինձ տարան Կեսարիա՝ Թուրքիայի լողի առաջնությանը մասնակցելու, որտեղ էլ առաջին տեղը գրավեցի։ Այդ օրը երբեք չեմ մոռանա. կյանքիս մեջ առաջին անգամ այդքան հաշմանդամների մի վայրում տեսա։ Ինձ համար ամենամեծ դասն էր, քանի որ մինչ այդ փողոց դուրս գալիս մտածում էի՝ արդյոք մարդիկ նայո՞ւմ են ձեռքերիս, չգիտեի՝ որտեղ թաքցնել դրանք, որ չտեսնեին։ Հենց սկսեցի լողալ, այդ զգացումն անհետացավ։ Անսպասելիորեն կողք կողքի դասվեցին տեղական և միջազգային լողի հեղինակավոր մրցույթներում իմ նվաճած բազմաթիվ մեդալները: Այդ հաղթանակներից, մեդալներից այն կողմ ամենակարևորը ինձ համար հաշմանդամ երեխաների հետ մեր մարզումներն ու շփումներն են։ Չեմ ուզում ասել հաշմանդամ, չէ՞ որ մենք պարզապես տարբեր ենք: Եթե խելքս ու սիրտս տեղում է՝ ինչ կապ ունի, թե քանի մատ-ոտք ունեմ։ 

 

-Լինելով Թուրքիայի լողի չեմպիոն՝ նաև ստանձնեցիք երկրում հաշմանդամ երեխաների մարզչի պատասխանատու աշխատանքը: Ինչպե՞ս եք հաջողում:

-Հաշմանդամ երեխաներին մարզելն իրականում իմ երազանքն  էր, որովհետև իմացածդ դիմացինին փոխանցելը, բացատրելը, ուրիշի համար լուծում փնտրելն ինձ միշտ շատ է գրավել։ Եվ քանի որ լողի մեջ եմ հմուտ, ուրեմն այս ասպարեզում կարող եմ օգտակար լինել հաշմանդամներին։ Հավատացնում եմ՝ նրանց առաջնային նպատակը Թուրքիայի կամ աշխարհի չեմպիոն դառնալը չէ, այլ առաջինը՝ 50 մետրը մեն-մենակ հաղթահարելը. պատկերացրեք լողավազան գալիս է անվասայլակով, մայրը կամ հայրն են նրան բերում այնտեղ, նույնիսկ մայրն ու հայրն են նրան կերակրում, հագցնում, սակայն լողավազանում  նա միայնակ հաղթահարում է 50 մետրը: Պատկերացնո՞ւմ եք, թե նրա համար որքան մեծ է այդ հաղթանակը։ Եվ նրան ամենալավը ո՞վ է հասկանում՝ այդ պայքարը իր հետ տանող անձը։  Ահա թե ինչու ցանկացա իմ ներդրումն ունենալ նրանց կյանքում, և հիմա Թուրքիայում այս ասպարեզում միակ կին հաշմանդամ մարզիչն եմ։ Մինչև հիմա իմ հայ լինելը որևէ կերպ չի ազդել գործունեությանս վար: Իրականում ինչպես քեզ դրսևորես, այդպես էլ կընկալվես, և քանի որ առաջնային պլանում աշխատանքս է, նրանք այդ շրջանակից դուրս չեն գալիս ու այլ հարցեր չեն տալիս։

-Առաջին այցդ հայրենիք ինչպիսի՞նն էր:

-2008 թվականին Հայաստանում նշվում էր Հայ երիտասարդության տարին, որին մասնակցում էին աշխարհի 32 երկրներից 540 հայ երիտասարդներ ՝ այդ թվում և ես։ Մեծ զարմանք ապրեցի,երբ իմացա, որ շատերի արմատները հասնում են մինչև Անատոլիայի խորքերը՝ Մարաշ, Մալաթիա, նույնիսկ իմ ծննդավայր Բիթլիս և այլն: Հայաստանում ունեցածս զգացողությունն ամբողջ կյանքում ոչ մի տեղ չեմ ունեցել։ Առաջին անգամ ինքս ինձ ասացի՝ Կարի՛ն, այստեղ դու ազատ ես։ Անունս Կարին լինելու պատճառով  ոչ ոք ինձ այլ աչքով չէր նայում, օտարություն չէր դրսևորում։

Հայաստանում բնավ թուրքերեն չեմ խոսել։ Թուրքիայից  երկու հայ էինք գնացել՝ ես և Սիրունը. կա՛մ անգլերեն, կա՛մ հայերեն էինք խոսում միմյանց հետ։ Այս ծրագրի ընթացքում ամեն հայ երիտասարդ իր երկիրն էր ներկայացնում։ Երբ հերթը  հասավ մեզ, շատ զարմացան,  քանի որ արտասահմանի կամ հայաստանցի մեր ընկերներն իսկապես չգիտեին հայերիս՝ Թուրքիայում այսքան հանգիստ ապրելու մասին, հատկապես այն, թե որքան շատ դպրոցներ, եկեղեցիներ ունենք, որքան շատ հայ է ապրում այստեղ: Շատ էին ուրախացել և սկսել ավելի շատ հետաքրքրվել Թուրքիայի հայերով։ Հետագայում մի քանի հոգի եկան Ստամբուլ, այստեղ նրանց հետ տեսարժան վայրերով շրջեցինք, ծանոթացրի մեր կյանքին, մեր տուն եկան: Օրինակ՝ մարսելցի ընկերոջս մայրը Մալաթիայից էր, նույնիսկ թուրքերեն գիտեր։

Աշխարհի տարբեր կողմերում նույն զգացմունքն ապրող մարդիկ մեկտեղվել էին նույն սրտի համար՝ հայրենիք։ Որտե՞ղ պետք է լինենք, որտե՞ղ ենք մեզ ազատ զգում. փորձեցինք միասին բացահայտել։ Անմոռաց օրեր անցկացրինք հայրենիքում: Այստեղ էի ծանոթացել նաև հայաստացի ընկերոջս՝ Նարեկի հետ: Այսօր շատ եմ տխրում, քանի որ իմ 22-ամյա ընկերը՝ Նարեկը, այլևս մեզ հետ չէ, նա զոհվել է Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ:

 -Պատերազմի և խաղաղության մասին ի՞նչ եք մտածում:

-Պատերազմը հանցանք է, ինչպե՞ս կարելի է շնորհավորել այն, սակայն կան շնորհավորողներ. օրինակ՝ Ադրբեջանի հաղթանակը շնորհավորողներ եղան: Մի հոգի գնում սպանում է, իսկ դու նրան շնորհավորում ես։ Մարդկային չէ։ Ինչո՞ւ պետք է Նարեկը և հազարավոր հայ զինվորներ զոհվեին: Ես դեմ եմ, երբ նույնիսկ այստեղ՝ թուրք զինվորի հուղարկավորությանը հնչում է «վաթան սաղ օլսուն»-ը (հայրենիքը ողջ լինի): Երեխան լույս աշխարհ է գալիս պատերազմում զոհվելո՞ւ համար։ Այս մտածելակերպն ինձ հակառակ է, չեմ ընդունում։ Չեմ կարող երեխայիս մահով  ուրախ լինել։ Ես շատ եմ հուզվում, սակայն Թուրքիայում այդպիսի երջանիկ մայրեր շատ կան։

 Թուրքական մեդիան այնքան միակողմանի էր այս պատերազմի ժամանակ՝ հայերը ադրբեջանցիներին սպանեցին, իսկ ադրբեջանցիները չե՞ն սպանել հայերին, այդ ո՞ւմ գլուխներն էին կտրում ու ցույց տալիս, տեղադրում համացանցում՝ իբրև հայի լեշեր են։ Ինչո՞ւ, նրանք կենդանի էակներ չե՞ն։ Իմ կարծիքով՝ պատերազմը հրահրող ամեն ոք մեղավոր է։ Իմ ամենամեծ ցավն այն է, որ 100 տարի առաջ ապրվածը դեռ շարունակվում է: 

Հայաստանցի մի կնոջ հետ էի ծանոթացել, որն ասել էր՝ մեր դեմ զենքով եկողին, երգ ու պարով՝ արվեստով ենք դիմավորում, այսինքն մենք պատերազմ չենք ուզում։ Ամեն ինչ փամփուշտով ու զենքով չէ, խոսքն իզո՞ւր է։ Մյուս կողմից լսում ենք, թե թուրքը թուրքի հետ լավ է, սո՛ւտ է, հետևեք ամենօրյա լրատվությանը և տեսեք, որ ոչ թե հայն է իր կնոջը կամ երեխային սպանում,  այլ՝ թուրքը: 

-Պատերազմում հաշմանդամ դարձած զինվորներին ինչպե՞ս օգնել:

 -Ի ծնե հաշմանդամության և հետագայում ի հայտ եկած հաշմանդամության միջև սարերի տարբերություն կա։ Օրինակ՝ ես առանց ձեռքերի եմ ծնվել, և քանի որ չգիտեմ՝ ինչ ասել է  5 մատ ունենալը, հետևաբար դրանք գործածելն ու չլինելն էլ չգիտեմ ինչ է: Սակայն հետագայում ձեռքը կամ ոտքը, աչքերը կորցրած մարդկանց համար ուշքի գալը, կյանք վերադառնալը մեծ ջանքեր է պահանջում։ Անցյալ տարի ոտքս վիրահատել եմ. ոտքս կարճացրել են. մինչև հիմա զգում եմ կարճացրած ոտքիս պակասը։ Եթե ես ապրում եմ ինչ-որ մի բանի պակաս լինելու զգացումը, ապա  սարսափում եմ պատկերացնել, թե ինչ են ապրում պատերազմում հաշմանդամ դարձած զինվորները։ Ավելին՝ պրոթեզները թանկ արժեն։ Օրինակ՝ իմ ոտքի պրոթեզը մոտավորապես 3000 դոլար է, որն ամեն մարդու գրպանին հասանելի չէ։ Ես հովանավորներ էի գտել։ 

Վերջերս ինձ Հայաստանից Հայկ անունով մի տղա էր պրոթեզի հարցով դիմել, վերջինս ականի պայթյունից  ոտքն էր կորցրել և քանի որ անհրաժեշտ դրամական միջոցներ չուներ, Հայաստանում նրա համար միայն ոտքի վրա կանգնելու ամենապարզ պրոթեզն էին պատրաստել։ Հայկը եկավ Ստամբուլ, և ես նրան տարա հետազոտության իմ պրոթեզիստի մոտ. առաջիկայում նրա համար իր վիճակին համապատասխան պրոթեզ են պատրաստելու։ «Ինչպես օգնել»-ի պատասխանն այնքան պարզ է՝ լսել նրանց ու ձեռք մեկնել, դառնալ նրանցից մեկի հերոսը, ճիշտ այնպես, ինչպես տարիներ առաջ Թուրքիայի Կրթության նախարարն օգնեց ինձ պրոթեզի ունենալու հարցում, որպեսզի ոտքի կանգնեմ, վազեմ երազանքներիս հետևից:

 

Լիլիթ Պողոսյան, Թուրքիա

 

Լիլիթ Պողոսյան

Լիլիթ Պողոսյան

Լիլիթ Ռազմիկի Պողոսյանը ծնվել է 1981 թվականի...