Անկախ Հայաստանի զբոսաշրջիկային շուկայի առաջատարը՝ Levon Travel ընկերության հայաստանյան գրասենյակը շարունակում է շնորհավորանքներ ստանալ՝ հիմնադրման 35-ամյակի առթիվ։
Այդ շնորհավորանքները նաեւ քաջալերանքի խոսքեր են ընկերությանը՝ նույն հավատով շարունակելու 1990-ին սկիզբ առած ուղին։
Ընկերությունը Հայաստան է մուտք գործել նույնիսկ անկախությունից առաջ՝ համարձակ բացելով իր դռները փլուզվող կայսրությունից անկախության դժվարին ճանապարհն անցնող մի երկրում, որտեղ ամեն ինչ, այդ փոփոխությունների պատճառով, անորոշ էր թվում։ Առաջին օրվանից Levon Travel-ը տեսլական է ունեցել՝ ճանապարհորդությունների միջոցով մեր երկիրը կապել աշխարհի հետ եւ այսօր, կարող ենք ասել, որ այդ տեսլականը շոշափելի իրականություն է։
Այն, ինչ սկսվեց որպես փոքր նախաձեռնություն, տարիների ընթացքում վերածվեց Հայաստանի ամենավստահելի եւ փորձառու տուրիստական գործակալություններից մեկի։
Ընկերության աշխատակիցները համոզված են, որ երեւանյան պանդոկներից մեկի մի սենյակում սկիզբ առած գործը, որ այսօր դարձել է տեղական շուկայի առաջատար գործակալություններից մեկը, հաջողության հուզիչ պատմություն է համառության, նորարարության եւ անմնացորդ նվիրվածության մասին։
Levon Travel-ը ոչ միայն նորանկախ երկրի առաջին զբոսաշրջիկային գործակալությունն էր, այլեւ՝ առաջին ամերիկյան ներդրումը նորանկախ Հայաստանում։
35 տարի շարունակ ընկերության հայաստանյան գրասենյակը հպարտությամբ աջակցել է համաշխարհային կազմակերպություններին, դեսպանատներին, ՄԱԿ-ի գործակալություններին, ձեռնարկատիրություններին եւ անհատ ճանապարհորդներին՝ միշտ կենտրոնանալով անհատականացված, բարձրորակ սպասարկման վրա։
«Մեր առաքելությունը միշտ եղել է ավելին, քան՝ պարզապես ճանապարհորդությունը. այն վերաբերում է երկարատեւ կապերի եւ իմաստալից փորձառությունների ստեղծմանը»,-նշում են ընկերության աշխատակիցները՝ իրենց խորին երախտագիտությունը հայտնելով ընկերության հիմնադիր Գարի Կարպիս Թիթիզյանին, որ հավատացել էր այսօրվա օրվան եւ համարձակ նախաձեռնությամբ հանդես եկել 35 տարի առաջ։
Ընկերության աշխատակիցների շնորհակալության մի մեծ բաժին էլ ուղղված է հավատարիմ հաճախորդներին եւ վաղեմի գործընկերներին, որոնք նույնպես օգնել են ձեւավորելու ընկերության ինքնությունը։
Այժմ Levon Travel-ը նոր ճանապարհորդություն է սկսում՝ 35-ամյակի ձեռքբերումներով եւ նոր հաջողությունների եւ նվաճումների հավատով։ Նաեւ՝ Հայաստանն աշխարհին կապելու եւ աշխարհը Հայաստան բերելու առաքելությամբ, որ ավելին է, քան՝ պարզապես ձեռնարկատիրությունը։