image

Կիրակոս Գույումջյանի «Իմ երթը երկաթի հետ» գրքի երեւանյան շնորհանդեսին գիրքն արժանացավ մեծ հետաքրքրության եւ գնահատանքի

Կիրակոս Գույումջյանի «Իմ երթը երկաթի հետ» գրքի երեւանյան շնորհանդեսին գիրքն արժանացավ մեծ հետաքրքրության եւ գնահատանքի

 

Հետաքրքիր եւ ուշագրավ գիրք է հրատարակվել Քուվեյթում. «Իմ երթը երկաթի հետ» խորագրով արաբերեն գրքի հեղինակը հայ է՝ գործարար, սփյուռքահայ մամուլի հրապարակագիր, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո շքանշանակիր,  ինչպես նաեւ՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության  «Ասպետ» շքանշանակիր, ՀՀ  գրողների միության անդամ, բարերար՝ Կիրակոս (Կարօ) Գույումջյանը:

Նա Քուվեյթում  հիմնել եւ ղեկավարում է  մետաղագործական խոշոր ընկերություն, եւ չնայած գործարարի բազմազբաղ աշխատանքին ու առօրյային՝ ժամանակ է տրամադրում գրականությանը, հրապարակախոսությանը, հանրային, հասարակական եւ ազգային կյանքին՝ իր մասնակցությամբ եւ գաղափարներով փորձում հնարավորինս լուծել հայ իրականության արդի խնդիրները:

2013 թվականին արաբերենով լույս է տեսել նրա «Կայաններ եւ դիրքորոշումներ» գիրքը, որում զետեղված են տարիների ընթացքում Կիրակոս Գույումջյանի գրած եւ հրատարակած քաղաքական եւ պատմական թեմաներով հոդվածները: «Իմ երթը երկաթի հետ» գիրքը նորություն է թե՛ իր թեմատիկայով, թե՛ այն մոտեցմամբ, որ հեղինակը ցուցաբերել է երկաթ տարրին, իբրեւ պատմության մեջ անփոխարինելի դեր ունեցած եւ այսօր էլ մեր կյանքի անբաժան մաս դարձած  այդ մետաղի, առանց որի պարզապես անհնար է պատկերացնել տնտեսությունն ու նրա ճյուղերը՝ սկսած տրանսպորտից, նավթարդյունաբերությունից, արդյունաբերության մյուս ճյուղերը,  ինչպես նաեւ՝ առողջապահությունը , բնապահպանությունը, ծառայությունների եւ սպասարկման ոլորտները եւ այլ բնագավառներ:

Լինելով Քուվեյթի խոշորագույն ընկերություններից մեկի՝ «Մեթալ Սենթր Քոմփանի»-ի հիմնադիր՝ Կիրակոս Գույումջյանը երկաթի հետ առնչվել է ոչ միայն իր աշխատանքի ընթացքում, այլեւ՝ նախ մանկուց, երբ, հալեպահայ  կենցաղային ավանդույթներին հավատարիմ՝ ամառային արձակուրդներին փոքր ժամանակ ուղարկվել է աշկերտելու արհեստավորների մոտ: Հենց այդ ժամանակ էլ նա սկսել է մանկան հայացքով եւ հետաքրքրությամբ ուսումնասիրել հաստոցների եւ երկաթագործների ձեռքերի տակ ճկվող եւ բազմապիսի կերպեր ստացող երկաթը իր բազում դրսեւորումների մեջ: Իսկ երբ արդեն իբրեւ կյանքի ասպարեզ ընտրել է մետաղագործությունն ու մետաղարդյունաբերությունը՝ երկաթն ուսումնասիրելը հոբբից  վերածվել է լուրջ զբաղմունքի: Պրպտումների, գիտական, պատմական որոնումների, գրական, բանահյուսական եւ այլ հետազոտությունների արդյունքում Կիրակոս Գույումջյանը հավաքել է երկաթի մասին բազմաթիվ նյութեր, որոնք մշակել, հղկել եւ ամփոփել է գրքի մեջ: 

Հուլիսի 10-ին Երեւանում տեղի ունեցավ Գույումջյանի «Իմ երթը երկաթի հետ»  գրքի շնորհանդեսը, որի ընթացքում ներկայացվեց գիրքը՝ արժանանալով մեծ հետաքրքրության եւ գնահատանքի:

Հեղինակի ջանքերով եւ Հայաստանի գրողների միության հովանու ներքո կազմակերպված շնորհանդեսին մասնակցում էին  Գրողների միության անդամներ, դիվանագետներ, մշակութային, կրոնական գործիչներ, սփյուռքահայ եւ հայրենի մտավորականներ: 

Գրքի ներկայացումը կատարեց հայաստանաբնակ հալեպահայ գրող, մամուլի գործիչ Տիգրան Գաբոյանը, որ խոսեց հեղինակի՝ նման գիրք գրելու ցանկության եւ շարժառիթների մասին:

Կիրակոս Գույումջյանի գործունեության եւ գրական վաստակի մասին ելույթ ունեցավ լրագրող, հեռուստատեսային մեկնաբան Սաքո Արյանը, ներածական խոսքով հանդես եկավ  նաեւ հալեպահայ բանաստեղծ, դեղագործ Հակոբ Նալբանդը: 

Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը բարձր գնահատեց Կիրակոս Գույումջյան գրողի վաստակը հայ եւ օտարալեզու գրականության, հրապարակագրության մեջ, նշելով, որ ինքնատիպ այս գիրքն արժե թարգմանել թե՛ հայերեն, թե՛ այլ լեզուներով:

 

ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը, նույնպես նշելով նման կարեւորագույն թեմայով գրքի հրատարակությունը, ավելացրեց, որ բոլոր իրական եւ խորհրդանշական իմաստներից բացի, երկաթը մեզ նաեւ հուշում է երկաթե շերեփ ունենալու անհրաժեշտության մասին, մի գաղափար, որ միշտ այժմեական է մեր ժողովրդի համար: 

Շնորհանդեսի ընթացքում տեսաուղերձներով գրքի հրատարակությունը ողջունեցին եւ հեղինակին շնորհավորեցին  «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը, «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր  Արա Գոչունյանը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայագիտական կենտրոնի տեսուչ Ահարոն Շխըրտմյանը, խորհրդական- ճարտարագետ Կարպիս Մինասյանը: Վերջինս գրքի բովանդակության մասին հայերենով ամփոփ նյութ ներկայացրեց, որը, իմիջիայլոց, բաժանվեց նաեւ շնորհանդեսին ներկա գտնվածներին:

Հեղինակը՝ Կիրակոս Գույումջյանը, պատմեց երկաթի նշանակության  եւ մարդու  հետ այդ մետաղի զգայական, առեւտրական, պատմական եւ այլ կապերի մասին, շեշտադրելով հատկապես իր անսասան երթը երկաթի հետ, որ վերածվել է 332 էջանոց գրքի եւ դրվել ուսումնասիրողի, այս բնագավառում քայլեր անող երիտասարդի եւ լայն ընթերցողի սեղանին: 

Շնորհանդեսին նախատեսված էր նաեւ գեղարվեստական մաս: Հայկական եւ արաբական երգարվեստից դասական երգերով հանդես եկավ  սփյուռքահայ Արամ Խաչատուրեանը, իսկ թավջութակահար Անդրանիկ Աղաջանյանը երեկոյին համահունչ նվագ մատուցեց հանդիսականներին: 

Վերջում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններից Հոգշ. Տ. Գաբրիել վրդ. Սարգսյանը  «Պահպանիչ» աղոթք կատարեց եւ հեղինակի հետ  իրականացրեց գինեձոնի արարողությունը: Տեղի ունեցավ գրքի ստորագրություն եւ հյուրասիրություն:

 

Հ.Գ. Կիրակոս Գույումջյանի «Իմ երթը երկաթի հետ»  գրքի բովանդակության եւ երեւանյան շնորհանդեսի մասին ծավալուն անդրադարձ է պատրաստել Պոլսո «Ժամանակ» օրաթերթը: Հոդվածը կհրատարակվի «Ժամանակ»-ի հուլիս 17-ի համարում. դրա նախորդ օրը՝ հուլիսի 16-ին  մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, կնշվի մետաղագործի մասնագիտական տոնը: Ամեն տարի, հուլիսի երրորդ կիրակին արդյունաբերական անցյալ ունեցած մի շարք երկրներում (սկսած 1950-ականներից) ավանդաբար նշվում է մետաղագործի մասնագիտական օրը: Հավաքվում են մետաղի մշակման եւ արդյունաբերության մեջ ներգրաված  մասնագետներ՝ շնորհավորելու միմյանց եւ նշելու այն հաջողությունները, ձեռքբերումներն ու առաջընթացը, որ մետաղի շնորհիվ ունեցել է աշխարհը՝ հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրեր: Ամեն տարի այդ օրը մետաղը մեծարվում է իբրեւ արդյունաբերության «հաց», առանց որի կյանքի առաջընթացը կարող է կանգ առնել:

Առաջիկա կիրակի օրը նշվելիք տոնի առթիվ շնորհավորում ենք երկաթի մասին նորատիպ գրքի հեղինակ Կիրակոս Գույումջյանին եւ բոլոր հայ մետաղագործներին, որոնք տնտեսության, քաղաքակրթության, արդյունաբերության եւ կյանքի բոլոր բնագավառների համար կարեւորում են մետաղի դերը,  ուսումնասիրում նրա լեզուն եւ փոխանցում մեզ: