Երեւանի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ ամերիկաբնակ գործիչ, մտավորական, գրող Վիգեն Հովսեփյանի բանաստեղծությունների առաջին գրքի շնորհանդեսը: «Աստղերու հաւատքով» խորագրով գրքի ամերիկյան ներկայացումը կայացել էր շաբաթներ առաջ՝ Pasadena Antique Warehouse-ում՝ ներկայությամբ ամերիկահայ մտավորականների, հասակարական-քաղաքական, մշակութային եւ այլ ասպարեզների ներկայացուցիչների: Հայաստանյան շնորհանդեսը նույնպես բազմամարդ էր. ընթերցողներին մեկ հարկի տակ էր համախմբել արեւմտահայ պոեզիան, որի դարավոր ու ավանդական շունչն այսօր գրասերը ջանում է փնտրել ժամանակակից ստեղծագործողների գրություններում: Վիգեն Հովսեփյանի պոեզիան այդ ավանդույթների շարունակողն է, միաժամանկ նոր շունչ ու խոսք է ժամանակակից հայ գրականության մեջ: Այդ կարծիքը հայտնեցին նաեւ գրողի կյանքի եւ ստեղծագործությունների մասին ելույթ ունեցող բանախոսները: Լրագրող, մեկնաբան Սաքո Արյանը, անդրադառնալով մերձավոր-արեւելյան միջավայրից սնված հովսեփյանական պոեզիային, նշեց, որ նրա ստեղծած գրականությունը չի դավաճանում անցյալի պատկերներին, որ մշտամնա են գրքի էջերում: Վիգեն Հովսեփյանի գրքի եւ ստեղծագործական ուղու մասին խոսք ասաց նաեւ Կոնգրեսի գրադարանի հայկական եւ վրացական բաժնի ղեկավար, Կոլումբիայի համալսարանի դասախոս Խաչիկ Մուրադյանը՝ հաստատելով, որ աշխարհը անդառնալի կերպով փոխվել է, նոր աշխարհ է ի հայտ գալիս, եւ որ Վիգեն Հովսեփյանի պոեզիան մեր առջեւ բացում է այդ նոր աշխարհի դռները:
«Սիվիլնեթ» կայքի խմբագիր Աբո Պողիկյանը նույնպես անդրադարձավ ամերիկաբնակ ստեղծագործողի գրքին, խոսեց նաեւ Վիգեն Հովսեփյանի մարդկային արժանիքների մասին, նշելով, որ դրանք անբաժան են նրա գրականությունից: Շնորհանդեսի ընթացքում հնչեցին հեղինակի կատարմամբ բանաստեղծությունների ձայնագրություններից, իսկ հալեպահայ ասմունքող Մարալ Գասպարյանը գրքից ընթերցեց ընտրյալ գործեր: Տեղի ունեցավ հարց ու պատասխան. ներկաները հարցեր ուղղեցին Վիգեն Հովսեփյանին: Նրանց հետաքրքրում էին քաղաքական գործչի եւ բանաստեղծի կերպարների համադրումը, լիրիկական քերթողություն ստեղծելու շարժառիթները, գաղթի, հայրենիքի եւ կորուստների թեման նրա գրականության մեջ եւ շատ այլ հարցեր, որոնց Վիգեն Հովսեփյանը ջանաց տալ անկեղծ պատասխաններ: Վերջում տեղի ունեցավ գինեձոն եւ հեղինակի կողմից գրքի ընծայագրում: Շնորհանդեսը վարում էր լրագրող Վրույր Թադեւոսյանը, որ նույնպես հարցեր ուղղեց Վիգեն Հովսեփյանին՝ նրա ստեղծագործական մղումների եւ առաջիկա ծրագրերի մասին: Վիգեն Հովսեփյանը նշեց, որ գիրքն իր առաջինն է, բայց ոչ՝ վերջինը: