image
Հրատապ լուրեր:

Կանոնադրութիւնը կը խախտուի. Գարեգին Բ.-ն պարտաւոր է հրաւիրել Գերագոյն հոգեւոր խորհուրդի նիստ. յայտարարութիւն

Կանոնադրութիւնը կը խախտուի. Գարեգին Բ.-ն պարտաւոր է հրաւիրել Գերագոյն հոգեւոր խորհուրդի նիստ. յայտարարութիւն

Խումբ մը եպիսկոպոսներ հանդէս եկած են յայտարարութեամբ.

«Սոյն թուականի դեկտեմբերի 15-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Գերագոյն Հոգեւոր Խորհրդի մի շարք անդամների տեղեկացրել է, որ Հայրապետական տնօրինութեամբ դադարեցրել է Գերագոյն Հոգեւոր Խորհրդի (այսուհետ՝ ԳՀԽ) կազմում նրանց լիազօրութիւնները` չնշելով հիմքերը եւ պատճառները։

Սրբազանների մի մասը ԳՀԽ անդամ է ընտրուել չորս տարի ժամկէտով 2017 թուականի յունիսի 6-8-ը Մայր Աթոռում հրաւիրուած Եկեղեցական-Ներկայացուցչական Ժողովի (այսուհետ՝ ԵՆԺ) կողմից։

Ըստ վերոյիշեալ կանոնադրութեան՝ երկու տարին մէկ անգամ պէտք է հրաւիրուի ԵՆԺ ժողով եւ ԳՀԽ կանոնադրութեան համաձայն՝ չորս տարին լրացած անդամի լիազօրութիւնները դադարելու դէպքում պէտք է կատարուի ԳՀԽ անդամների նոր ընտրութիւններ։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի լիազօրութիւնների սահմաններում երկու տարին մէկ պէտք է հրաւիրուէր ԵՆ ժողով եւ կատարուէր ԳՀԽ անդամների նոր ընտրութիւններ:

Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գործադիր իշխանութեան մարմինը շարունակել է գործել՝ խախտելով ԳՀԽ կանոնադրութիւնը։ Բնականաբար, հարցեր են առաջանում՝ մասնաւորապէս 2021 թուականից սկսած ԳՀԽ-ի գործունէութեան իրաւազօրութեան եւ կայացրած որոշումների օրինականութեան վերաբերեալ։ ԵՆԺ եւ ԳՀԽ կանոնադրութիւններում բացակայում են նաեւ այն կարգաւորումները, որոնք կարող են հիմք ծառայել Եկեղեցու բարձրագոյն մարմինների ժողովների չհրաւիրման համար։ Այս ամէնը եւս մէկ անգամ վկայութիւնն է Գարեգին Բ Կաթողիկոսի միանձնեայ, կանոնախախտ գործունէութեան, որը յանգեցրել է Մայր Աթոռի ու Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կառավարման ճգնաժամի։

Վերստին յիշեցնում ենք, որ եպիսկոպոսաց դասի ներկայացուցիչներիս կողմից բազմիցս բարձրաձայնուել են Եկեղեցու թերի կառավարմանը վերաբերող լրջագոյն խնդիրները եւ մեր վերջին հանրային յայտարարութիւններում մատնանշուել են դրանց յանգուցալուծման հնարաւորութիւնները՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանգստեան կոչելու, նոր կանոնադրութիւն մշակելու եւ ընդունելու՝ հիմնուելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու աւանդութեան եւ Առաքելութեան վրայ։

Հաշուի առնելով ԵՆԺ եւ ԳՀԽ կանոնադրութիւնների կոպիտ եւ կամայական խախտումները, այս մարմինների գործունէութեան լիազօրութիւնների չարաշահումները, պարզ է դառնում, որ սոյն թուականի դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հրաւիրուած Գերագոյն Հոգեւոր Խորհրդի նիստն անվաւեր է, իսկ 2021 թուականից յետոյ այս մարմնի կայացրած որոշումները կարող են դիտարկուել ոչ իրաւաչափ:

Անհրաժեշտ է անյապաղ դադարեցնել ներկայիս ԳՀԽ գործունէութիւնը եւ նոր անդամների նշանակումը՝ մինչեւ ԵՆ նոր ժողովի հրաւիրումը»։