image

«Ի՞նչ տրամադրություններով պետք է աղոթել». Արժ. Տ. Հովսեփ Քահանա Հակոբյանի գրառումը

«Ի՞նչ տրամադրություններով պետք է աղոթել». Արժ. Տ. Հովսեփ Քահանա Հակոբյանի գրառումը

Երկար տարիներ ԱՄՆ Արեւմտյան Թեմում Հոգեւոր ծառայություն մատուցած եւ Քահանայից Դասու նվիրյալ  հոգեւորական՝ Արժ. Տ. Հովսեփ Քահանա Հակոբյանի էջից կարդում ենք՝ 

Ինձ թվում է, որ նա, ով տրամադրվում է աղոթելու, պետք է ինքնամփոփվի և որոշ չափով նախապատրաստվի, որպեսզի լինի ավելի փութաջան ու ժիր, ավելի ուշադիր աղոթքի ամբողջությանը:

Պետք է նմանապես իր մտքից վանի բոլոր նեղություններն ու խռովքները և աշխատի հիշել Աստծու մեծությունը, որին ինքը մոտենում է, մտածի, որ ամբարշտություն է նրան ներկայանալ առանց ուշադրության, առանց ջանքի, մի տեսակ անհոգությամբ, արձակ-համարձակ: 

Վերջապես պետք է դեն գցել ամեն տեսակ օտարոտի մտածում: Աղոթքի կանգնելիս աղոթողը ձեռքերն Աստծուն ներկայացնելուց առաջ պետք է իր հոգի՛ն ներկայացնի նրան, աչքերը Բարձրյալին ուղղելուց առաջ պետք է իր մի՛տքը ուղղի նրան, նախքան վեր կենալը պետք է երկրային ամեն բանից անջատի իր միտքը` այն ամբողջությամբ մատուցելու համար տիեզերքի Տիրոջը․

վերջապես նա անհիշաչարությամբ պետք է մի կողմ դնի ու մոռանա այն բոլոր վիրավորանքները, որ կարծում է, թե հասցրել են իրեն, եթե ուզում է, որ Աստված մոռանա իր, իր մերձավորների և ողջամտության դեմ գործված չարիքը: 

Քանի որ մարմինը կարող է շատ դիրքեր ընդունել, այն դիրքը, երբ մենք մեկնում ենք մեր ձեռքերը վեր և բարձրացնում մեր աչքերը դեպի երկինք, վստահաբար պետք է նախընտրելի լինի մյուս բոլոր դիրքերից, որպեսզի աղոթքի ժամանակ մարմինն արտահայտի պատկերը հոգու բոլոր տրամադրությունների: 

Մենք ասում ենք, որ այս ձևով պետք է անել, երբ արգելքներ չկան: Բայց երբեմն հանգամանքները կարող են ստիպել մեզ, որ աղոթենք նստած, օրինակ` երբ ոտքերի ցավ ունենք, կամ նույնիսկ պառկած, երբ ջերմություն ունենք: 

Նույն պատճառով, եթե, օրինակի համար, նավի մեջ ենք, կամ մեր գործերը թույլ չեն տալիս մեզ առանձնանալ` կատարելու համար աղոթքի մեր պարտականությունը, կարելի է աղոթել առանց արտաքին որևէ դիրք ընդունելու: 

«Աղոթքի մասին»