image

Հովհաննես Մեծ Գևորգյան. նվիրյալ արվեստագետն ու գաղափարի ընկերը

  Հովհաննես Մեծ Գևորգյան. նվիրյալ արվեստագետն ու գաղափարի ընկերը

   

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և Հայաստանի պատանեկան միությունների Կենտրոնական վարչությունների անդամ էր, ներկայումս արդեն ավանդական դարձած և համահայկական բնույթ ստացած Ջահերով երթի նախաձեռնողներից, համահեղինակներից ու կազմակերպիչներից էր:

 

Խոր ցավով տեղեկացնում ենք, որ այսօր՝ մայիսի 22-ին, կյանքից անժամանակ հեռացել է ՀՅԴ Երևանի Քանաքեռ – Զեյթուն վարչական շրջանի «Արամ Պողոսյան» կոմիտեի նախագահ Հովհաննես Մեծ Գևորգյանը:

 

Վաստակաշատ ընկերը ծնվել է 1963 թ. մայիսի 20-ին Երևանում: Հասակ է առել և դաստիարակվել 1946 թվականից հայրենիքում հաստատված՝ Ադանայի հայության ժառանգ, հայտնի քարագործ վարպետ Մովսեսի ընտանիքում: Մանուկ հասակից ունեցել է արվեստագետ նկարչի անուրանալի ձիրք ու տաղանդ: Ծառայել է խորհրդային բանակում: Սովորել և ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ն՝ նկարիչ-մանկավարժի որակավորումով:

 

Աշխատանքային գործունեությունը սկսել է պատանի հասակից՝ օգնելով հորը՝ վարպետ Մովսեսին: 1990-ական թթ. աշխատել է Երևանի մետրոպոլիտենում՝ որպես ձևավորող նկարիչ: Այնուհետև աշխատել է Քանաքեռավանի Արվեստի դպրոցում՝ որպես նկարիչ-մանկավարժ: Երևանի Մ. Ավետիսյանի անվան կերպարվեստի դպրոցի հիմնադիր – տնօրենն է:

 

Հովհաննես Մեծ Գևորգյանը 1992 թվականից ՀՅ Դաշնակցության երդվյալ ու նվիրյալ անդամ էր, անդամակցել է իր բնակավայրի՝ Երևանի Քանաքեռ – Զեյթուն վարչական շրջանի «Արամ Պողոսյան» կոմիտեությանը, իսկ մահվանից առաջ նույն կոմիտեի նախագահն էր:

 

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և Հայաստանի պատանեկան միությունների Կենտրոնական վարչությունների անդամ էր, ներկայումս արդեն ավանդական դարձած և համահայկական բնույթ ստացած Ջահերով երթի նախաձեռնողներից, համահեղինակներից ու կազմակերպիչներից էր:

 

Հովհաննես Մեծ Գևորգյանը տաղանդավոր և յուրահատուկ նկարիչ ու քանդակագործ էր, բազմաթիվ աշխատանքների հեղինակ, որոնք ներկայացվել են անհատական ու այլ ցուցահանդեսներում: Նա ճանաչված ու գնահատված էր արվեստագետ հանրույթի կողմից:

 

Հովհաննես Մեծ Գևորգյանն ամուսնացած էր, ունի 3 որդի և 1 դուստր: Որդիներից Մովսեսն Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից է, վիրավորվել է Վարնկաթաղի ինքնապաշտպանության ժամանակ:

 

Գաղափարական ու հավատավոր ընկերոջ, բազմազավակ հոր, տաղանդավոր նկարիչ-մանկավարժի հիշատակը միշտ վառ կմնա հազարավոր սաների, երիտասարդ սերնդի դաշնակցականների, կուսակցական ընկերների և նրան ճանաչողների սրտերում:

 

Հովհաննես Մեծ Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 24-ին՝ ժամը 18:00-ից,   Երևանի Քանաքեռ – Զեյթուն վարչական շրջան, Հասրաթյան 9/1 հասցեում (Միքայելյան հիվանդանոցի հարևանությամբ): Հուղարկավորությունը՝ մայիսի 25-ին՝ ժամը 13:00-ին, նույն հասցեից: 

 

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

 

ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտե

 

ՀՅԴ Քանաքեռ – Զեյթուն վարչական շրջանի «Արամ Պողոսյան» կոմիտե