Հունվարի 9-ին եւ 10-ին Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում «Հայասա» թատերախմբի ներկայացրած «Իմ փետրավոր ընկերը» Սուրբ Ծննդյան պիեսը վառ հույզեր պարգեւեց ավելի քան 2000 երեխայի եւ գրեթե նույնքան մեծահասակի:
Բեմադրիչ ռեժիսոր Նունե Աբրահամյանի բեմադրությունը աչքի ընկավ յուրօրինակ ոճով եւ տեսողական լուծումներով: Պատմության կենտրոնում մի փոքրիկ տղա է․ լինելով ընտանիքում ամենափոքրն ու հաճախ անհավասար վերաբերմունք զգալով քույրերի եւ եղբայրների կողմից, որոշում է փչացնել Սուրբ Ծննդյան տոնը: Բայց այդ գիշեր հանդիպում է իր փետրավոր ընկերը՝ մի փոքրիկ հրեշտակ, որը օգնում է տղային բացահայտել բարության ու ընկերության իրական արժեքը:

Արկածներով լի ճանապարհը, որոնք նրանք անցնում են միասին, դառնում է կյանքի կարեւոր դաս՝ գիտակցելով, որ ուրիշների ուրախությունն էլ այդքան կարևոր է, որքան սեփականը:
Ներկայացումը հատկապես հարստացրեց «Էլենը եւ երեխաները» պարային թատրոն ստուդիայի սաների պարը (գեղարվեստական ղեկավար Էլեն Գրիգորյան), որ գեղեցիկ կերպով ընդգծեց պիեսի մթնոլորտը:

Միջոցառման ավարտին երեխաները ստացան նվերներ, որոնք ամեն տարի հասնում են Հայաստան AMAA-ի ջանքերով եւ տասնյակ կամավորների աջակցությամբ փաթեթավորվում ՀԱԵ-ի նախաձեռնությամբ:

AMAA-ն 1991 թվականից սկսած Հայաստանում կազմակերպում է Սուրբ Ծննդյան ու Ամանորի միջոցառումներ, որոնց մասնակցում են 10,000-ից ավելի երեխաներ: