image

Հայաստանի մէջ անհրաժեշտ է մթնոլորտը փոխել. Ռոպերթ Քոչարեան

Հայաստանի մէջ անհրաժեշտ է  մթնոլորտը փոխել. Ռոպերթ Քոչարեան

Նախընտրական շտաբներուն մէջ եւ մարդոց միասնական դաշտային աշխատանքի շնորհիւ մենք կը կարողանանք հասնել ցանկալի արդիւնքի:  Այս մասին այսօր՝ 30 մայիսին, Արարատի մարզի բնակիչներու հետ հանդիպման ժամանակ յայտարարած է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխաւորող, Ռոպերթ Քոչարեանը։

«Պէտք է փորձենք որակեալ աշխատանք տանել իւրաքանչիւրս մեր մասով, մենք՝ շտաբերում, դուք՝ այստեղ, տեղում։ Մենք գիտենք՝ որքան բարդ աշխատանք է դաշտային աշխատանքը։ Ընտրական գործընթացի այս երկու թեւերի արդիւնաւէտ աշխատելու դէպքում մենք կունենանք այն արդիւնքը, որն ուզում ենք։ Այս իշխանութեանը մնացել է 22 օր», - ըսած է նախագահ Քոչարեանը՝ աւելցնելով, որ դաշինքի՝ տարբեր մարզերու մէջ ունեցած հանդիպումները նոր լիցք ու ուժ կը հաղորդեն:

«Սա պայքար է։ Իւրաքանչիւր մարտից առաջ, երբ զինուորի աչքերին նայում էինք, հասկանում էինք՝ յաղթելո՞ւ ենք, թէ՝ ոչ։ Նոյնն այս պայքարում է։ Մարդկանց աչքերից երեւում է, թէ ինչ վճռականութեամբ են նրանք լցուած, ինչ համոզմունքներով են գնում պայքարի»,- աւելցուցած է Ռոպերթ Քոչարեանը։

Հանդիպման ժամանակ հնչած են շարք մը հարցեր՝ կրթական համակարգի, ոռոգման ջուրերու, հանրութեան բարոյահոգեբանական վիճակի, պատերազմի հետեւանքով Արցախէն փախստական դարձածներու ընկերային խնդիրներու վերաբերեալ։

«Անհրաժեշտ է երկրի ընդհանուր միջավայրը փոխել, որովհետեւ մեզ մօտ նիարդային (ջղային) մթնոլորտ է տիրում։ Պէտք է փորձենք հանգստութիւն բերել մեր հասարակութեանը։ Վերջերս Մոսկուայում ինձ գիրք են նուիրել, դեռ չեմ հասցրել կարդալ, բայց վերնագրին նայեցի՝ «Нервные государства» («Ջղային Պետութիւններ»)։ Առաջին ցանկութիւնս էր վերնագրի տակ գրել՝ Հայաստան, որովհետեւ Հայաստանն այսօր հենց այդ վիճակում է, եւ սա լաւ վիճակ չէ։ Մենք այսօր մասնակցում ենք ընտրութիւններին, որ երկիրը հանենք այս վիճակից, որովհետեւ նման իրավիճակում մարդ դառնում է իռացիոնալ (բանականութեամբ անըմբռնելի), սկսում է չընկալել եւ չընդունել տրամաբանական բաներ։ Պէտք է հանգստութիւն բերենք։ Մարդկանց գլուխներում շփոթութիւն է առաջանում, որն ամէն քաղաքացի չի կարող յաղթահարել։ Այս ներվայնութիւնը (ջղայնութիւնը) գալիս է վերեւից՝ երկրի ղեկավարութիւնից»,- հանրութեան հոգեբանական վիճակին վերաբերող հարցին ի պատասխան՝ ըսած է Ռոպերթ Քոչարեանը։