image

Հայաստանցիք իրենց գումարները ԱՄՆ կը տեղափոխեն

Հայաստանցիք իրենց գումարները ԱՄՆ կը տեղափոխեն

Արամ  Աճէմեան  «Նիւզ.ամ»ի մէջ կը գրէ ՝

«Այս տարուայ առաջին 2 ամիսներին կտրուկ աւելացել է Հայաստանից դրամական հոսքը ԱՄՆ (մօտ 80%-ով), միաժամանակ նուազել է ՌԴ-ից ներհոսքը (մօտ 20%-ով)։ Ենթադրուում է, որ դրանց կը հետեւի արտագաղթի նոր ալիքը։

Վերջին 10 տարիների համեմատ 2020 թուականի տնտեսական ճգաժամն աննախադէպ էր։ Տնտեսութեան խորը անկման պայմաններում կրճատուեցին նաեւ դրսից եկող գումարները, ինչն էլ աւելի վատթարացրեց դրսից եկող գումարներով ապրող մարդկանց կենսամակարդակը: 2020-ի ընթացքում պանքերի միջոցով ֆիզիքական անձինք ստացել են 1,84 միլիառ տոլար, որը նախորդ տարուայ համեմատը պակաս է 116 միլիոն տոլարով կամ 6%-ով։

Անշուշտ, թրանֆերթների (փոխանցումներ) կրճատման վրայ մեծ ազդեցութիւն է թողել Covid-19-ի համավարակը, ինչի պատճառով արտագնայ աշխատանքի չկարողացան մեկնել հազարաւոր մարդիկ, իսկ մեկնողներն էլ, հիմնականում պայմանաւորուած Ռուսաստանի տնտեսական իրավիճակով, աւելի քիչ գումար փոխանցեցին Հայաստանում ապրող իրենց հարազատներին։ Թրանֆերթների (փոխանցումներու) նման անկում գրանցուել էր նաեւ 2009 եւ 2015 թուականներին, ինչը նոյնպէս պայմանաւորուած էր տնտեսական ճգնաժամով։


 

Յատկանշական է, որ 2015 թուականից սկսած զգալի աւելացել է Հայաստանից արտերկիր փոխանցումների ծաւալը։ Եւ եթէ մինչեւ 2019 թուականը դա կարելի էր բացատրել նաեւ մեքենաների ներմուծման աննախադէպ աճով, ապա 2020 թուականին արձանագրուած 1,26 միլիառ տոլարի արտահոսքից կարելի է ենթադրել, որ քաղաքական անկայունութեամբ կամ ընկերային-տնտեսական իրավիճակով պայմանաւորուած մարդիկ իրենց փողերը դուրս են բերում Հայաստանից։ Վերջին պատերազմն իր հերթին է նպաստել անկայունութեան եւ արտագաղթի աճին։


 

Իրավիճակը գրեթէ նոյնն է նաեւ այս տարի։ 2021 թուականի յունուար-փետրուար ամիսներին նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ Հայաստան է փոխանցուել 4,4%-ով աւելի շատ գումար, մասնաւորապէս՝ ՌԴ-ից փոխանցուող գումարների ծաւալը կրճատուել է 19,1%-ով, իսկ ԱՄՆ-ից փոխանցուող գումարներն աճել են 83%-ով։ Խիստ մտահոգիչ է, որ այս նոյն ժամանակահատուածում դէպի ԱՄՆ արտահոսքը աւելացել է 78,8%-ով։ Ստացուում է, որ ԱՄՆ-ում հաստատուած մեր հայրենակիցները բարեգործական, կենցաղային կամ այլ նպատակներով գումարներ են փոխանցում Հայաստան, իսկ ՀՀ-ում բնակուողներն իրենց գումարները հանում են երկրից: Ի տարբերութիւն նախորդ տարիների ԱՄՆ փոխանցուած գումարներով մեքենաների կամ այլ ապրանքների ներկրումը չի աճել։ Պաշտօնական վիճակագրութեան համաձայն՝ 2021 թուականի յունուար-փետրուար ամիսներին ներկրման ծաւալները կրճատուել են 15,8%-ով։

Շարունակուում է Հայաստանից գումարների արտահոսքը, ինչը եւս մէկ անգամ փաստում է ընկերային-տնտեսական եւ քաղաքական ճգնաժամի խորացման մասին։ Հետեւաբար, յաջորդ ամիսների ընթացքում կարելի է սպասել արտագաղթի նոր ալիքների»։