image

««Հայաստան» դաշինքն արգելափակել է իմ մասնակցութիւնը խորհրդարանական լսումներին». Էդգար Ղազարեան

««Հայաստան» դաշինքն արգելափակել է իմ մասնակցութիւնը խորհրդարանական լսումներին». Էդգար Ղազարեան

2023 թուականի նոյեմբեր 24-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերու դահլիճէն ներս Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցութեան նախաձեռնութեամբ տեղի ունեցած են խորհրդարանական լսումներ՝ «Հայաքուէ» քաղաքացիական նախաձեռնութեամբ ՀՀ քրէական օրէնսգիրքի մէջ լրացումներ կատարելու մասին հարցի վերաբերեալ։

Այս մասին դիմատետրեան իր էջին գրած է հասարակական գործիչ Էդգար Ղազարեանը։

«Հանդիսանալով «Հայաքուէ»-ի սկզբնական նախաձեռնող խմբի 66 անդամներից մէկը, ինչպէս նաեւ ակտիւօրէն ընդգրկուած լինելով նախաձեռնութեան քարոզչական աշխատանքներում՝ իմ անունը, շատերի հետ միասին, ներկայացուել է Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցութիւն՝ լսումներին հրաւիրելու նպատակով։ Աւելին, ես նախապէս հաստատել եմ ոչ միայն իմ հնարաւոր մասնակցութիւնը, այլեւ լսումների ժամանակ ելոյթով հանդէս գալու պատրաստակամութիւնը։

Լսումներից մէկ օր առաջ ես տեղեկացուել եմ, որ «Հայաստան» խմբակցութիւնից ջնջել են իմ անունը հրաւիրուածների ցանկից՝ հնարաւորութիւն չտալով մասնակցել լսումներին։ Փորձելով հետաքրքրուել պատճառների մասին՝ ինձ պարզաբանել են, որ իմ անունը դուրս է մնացել հրաւիրուածների ցանկից՝ մասնակիցների մեծ թուի եւ դահլիճի սահմանափակումների պատճառով։

Լսումների ընթացքից պարզ եղաւ, որ այդ «բացատրութիւն»-ը որեւէ հիմք չունի, քանի որ լսումների ժամանակ դահլիճում առկայ էին մի քանի տասնեակ ազատ տեղեր։ Սա հիմք է տալիս պարզել, որ «Հայաստան» դաշինքի այդ որոշումը, որն արժանացել է «Հայաքուէ» նախաձեռնութեան համակարգող մարմնի լուռ համաձայնութեանն, ունի այլ պատճառներ։ Ես ստիպուած եմ կատարել իմ սեփական ենթադրութիւնները, որոնք, առնուազն ինձ համար յստակեցնում են գործող «ընդդիմութեան» իրական կարգավիճակը»,- գրած է ան։