image

Համաժողով՝ նվիրված Փոքր Ասիայի ժողովուրդների իրավունքներին

Համաժողով՝ նվիրված Փոքր Ասիայի ժողովուրդների իրավունքներին

Փոքր Ասիայի ժողովուրդների տասնյակ մտավորական ներկայացուցիչներ Հրանտ Դինքի նահատակության 10-րդ տարելիցի առթիվ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում հունվարի 28-ին և 29-ին հավաքվելու են մասնակցելու «Իրավունքների շուրջ միավորված» (United in Rights) խորագրով  համաժողովին, որի նախաձեռնողներից է նաև «Արևելք» լրատվական կայքը՝ Արևմտահայոց Ազգային համագումարի և տասնյակ նշանավոր կազմակերպությունների հետ: Այդ կազմակերպությունների շարքում են AGADEKA-ն, Ankara Initiative for Freedom of Thought-ը, Zazaki Institut Frankfurt-ը, Ozgurluk ve Sosyalizm Partisi-ը, Zentralverband der Assyrischen Vereinigungen in Deutschland-ը, Verein der Griechen aus Pontos im Reg.-ը, Assyrian Federation of Europe-ը, Kizilbas Dergisi-ը, Nor Zartonk-ը, Federation des Yezdis de France-ը, Baris Icin Aktivite-ը:

Համաժողովը ուշադրություն է հրավիրելու այն հանգամանքի վրա, որ Փոքր Ասիայի՝ Անատոլիայի տարածաշրջանում դարեր շարունակ  ապրել են տարբեր ազգեր, երբեմն հույների, երբեմն արաբների, երբեմն հայերի կամ այլ ազգերի գերիշխանության տակ, բայց գոյակցել են միատեղ, հաշտ ու համերաշխ:  Հայ, քուրդ և թուրք ազգայնականներն  անդադար մեկուսացնում են այդ տարածքը, ինչը պատճառ է դառնում շատ խնդիրների համար, մինչդեռ,  Փոքր Ասիայի տարածաշրջանում  ազգերը, ապրելով հաշտ, ստեղծել են քաղաքակրթական արժեքներ, որոնք դարձել են ընդհանուր: Համաժողովի ընթացքում քննարկվելու են տարածաշրջանի ժողովուրդներին հուզող ընդհանուր հարցեր: 

«Արևելքը», իբրև Հայաստանից համաժողովի ինֆոմացիոն հովանավոր, ամենօրյա լրատվություն է հաղորդելու Բեռլինից, ներկայացնելով համագումարի մասնակիցների կարծիքները, մեջբերումներ նրանց ելույթներից և հարցազրույցներ՝ մասնակից գործիչների հետ: