«Առավոտի» հարցերին պատասխանում է Հայ Առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը
-Կաթոլիկ Եկեղեցու Արևելյան եկեղեցիների գերատեսչության կողմից կազմակերպված Արևելյան եկեղեցիների օգնության բարեսիրական հաստատությունների 97-րդ համագումարին, հանդես գալով զեկույցով, Դուք անդրադարձել եք Արցախի հարցի քաղաքական կողմին, Արցախից տեղահանված հայրենակիցների սոցիալական իրավիճակին, հոգևոր-մշակութային ժառանգության վիճակին։ Ինչպե՞ս կգնահատեք Վատիկանի եկեղեցու դիրքորոշումը արցախահայության խնդիրներով, արդյոք գործուն քայլեր կարո՞ղ ենք ակնկալել կաթոլիկ եկեղեցուց։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և տնօրինությամբ և Արևելյան Եկեղեցիների Վերատեսչության Վերատեսուչ Կարդինալ Քլաուդիո Գուջերոտտիի հրավերով մասնակցեցինք Կաթոլիկ Եկեղեցու Արևելյան եկեղեցիների օգնության բարեսիրական հաստատությունների 97-րդ համագումարին։ Առիթն օգտագործելով՝ ցանկանում եմ շնորհակալության և գնահատանքի խոսք հղել Կարդինալ Գուջերոտտիին՝ հրավերի և համաժողովի շրջանակներում իր հնչեցրած կարևոր գնահատականների համար[1]։
Գալով Ձեր հարցին, պետք է նշենք, որ Արցախի շրջափակման օրերին, 2023թ. սեպտեմբերին և դրանից հետո Հռոմի Սրբազան Քահանայապետը քանիցս անդրադարձ ունեցել է Արցախի մարդասիրական ճգնաժամի, հայ ռազմագերիների, Արցախից տեղահանված մեր հայրենակիցների խնդիրներին, ինչպես նաև Արցախում գտնվող մեր սրբավայրերի կենսական պահպանության հարցերին։ Այն իրողությունը, որ հիշյալ համաժողովի միջոցով մեզ առիթ տրվեց հատուկ զեկույց ներկայացնելու Արցախից բռնի տեղահանվածների մասին, կարելի է զարգացում համարել տվյալ ուղղությամբ։ Սա ցույց է տալիս, որ Կաթոլիկ Եկեղեցին, հանձին իր առաջնորդի, չի բավարարվում միայն խնդրի բարձրաձայնմամբ, մեր ցավը կիսելու եղբայրական հանձնառությամբ, այլ որոշակի գործնական քայլեր է անում նաև միջազգային հանրության ուշադրությունը առկա խնդրի վրա սևեռելու իմաստով։ Այլ խոսքով՝ այդ ամենը նպատակ է հետապնդում արցախահայերի սեփական բնօրրանում ապրելու արդար իրավունքների պաշտպանության հարցը միջազգային իրավունքի դաշտ բերելու։
Քրիստոնյա էթնիկ հայերի հանդեպ ազգային, կրոնական հողի վրա Ադրբեջանի վարչակարգի կողմից տասնամյակներ շարունակ ատելության խոսքի գեներացումը, պատմական հայրենիքից արցախահայերի բռնի տեղահանությունը, այլև ինչպես 44 օրյա պատերազմի, այնպես էլ Արցախի վերջնական բռնազավթումի հետևանքով հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման դեպքերը (քրիստոնեական սրբավայրերի պայթեցումը, հայկական հուշարձանների ու գերեզմանների պղծումը), ոչ այլ ինչ են, քան շարունակությունը 1915 թվականի Ցեղասպանության։ Այս իմաստով արցախահայերի համար չափազանց կարևոր է, որ պետությունները, միջազգային կառույցները, առավել ևս եկեղեցիները, խոսեն ճշմարտության մասին, քաղաքական գնահատական տան տեղի ունեցածին և հաստատեն, որ Արցախում ապրող քրիստոնյա հայ ժողովրդի հետ կատարվածն ազգային և կրոնական հիմքով իրագործված էթնիկ զտում է, մարդկության մի հատվածի դեմ գործված ոճիր, հանցագործություն։ Կարճ ասած, աշխարհը պիտի դատապարտի մարդկության դեմ գործված այս չարիքը։
-Արևելյան եկեղեցիների օգնության բարեսիրական հաստատությունների 97-րդ համագումարի ընթացքում ևս արձանագրվել է, որ արցախցիների հետ տեղի ունեցածը էթնիկ զտում է, սա արձանագրված է նաև տարբեր միջազգային կազմակերպությունների հայտարարություններում։ Հայտարարություններից այն կողմ՝ արդյոք միջազգային հանրության քայլերը համարժեք և բավարար համարո՞ւմ եք արցախցիների իրավունքների պաշտպանության հարցում։
Այո, համագումարի ընթացքում մեր զեկուցման մեջ հատուկ ընդգծվել է, որ 2020-2023 թթ․ Արցախից բռնի տեղահանվել են շուրջ 150 000 մարդ, ինչպես արդեն ասացի, քանդվել և ավերվել են եկեղեցիներ, վարչական նշանակության շենքեր, բոլորովին վերջերս Ադրբեջանի կողմից պայթեցվել է Բերձորի եկեղեցին։ Այս ամենը մարդու և մարդկության դեմ իրագործված չարիք է, որը հարցի լուծման մեկ տարբերակ ունի միայն, ուժի և բռնության տարբերակը։
Միջազգային հանրության քայլերն ու արձագանքն այդ ամենին դեռևս համարժեք չենք համարում։ Տրված գնահատականներն ու հրապարակումները մինչ այժմ որևէ ձևով չեն ազդել Ադրբեջանի վարչակարգի վրա՝ փոխելու իր քաղաքականությունը, միջազգային իրավունքը միանշանակ դեռևս խախտված է մնում՝ ի դեմս բռնի տեղահանված արցախցիների, նրանց բռնաբարված իրավունքների։
Անշուշտ, ինչպես արցախահայերը, այնպես էլ ողջ հայ ժողովուրդը շնորհակալ է բոլոր նրանց, ովքեր բարձրաձայնել են կատարվածի մասին։ Այդ մարդիկ, իրենց կերպարը միշտ հերոսական են մնալու հայ ժողովրդի հիշողության մեջ։ Մեր զեկույցի նպատակներից մեկն էլ այն էր, որ տեղահանվածների խնդիրների վերհանումով ցույց տրվի, որ հանցագործությունը միջազգային իրավունքի տեսանկյունից շարունակում է անպատիժ մնալ՝ հանձին Ադրբեջանի հայասպան քաղաքական էլիտայի։ Հետևաբար, քանի դեռ միջազգային հանրությունն արժանին չի մատուցել արցախահայության դեմ իրականացված հանցագործությանը, թույլ է տալիս, որպեսզի Ադրբեջանի բռնապետական վարչակարգի կողմից քրիստոնյա, էթնիկ հայերի դեմ գեներացված ատելության և բռնության քարոզը շարունակվի։ Միջազգային հանրությունը պարտավոր է խոսել, պայքարել որևէ կրոնական կամ էթնիկ խմբի իրավունքների համար, որպեսզի դրանք առևտրի կամ սակարկման առարկա չդառնան միջազգային գլխավոր խաղացողների ձեռքում։ Հարցն այսօր վերաբերում է արցախահայության իրավունքներին։
-Արցախցիների՝ վերադարձի իրավունքի մասին Դուք էլ եք բազմիցս հայտարարել, ըստ Ձեզ ի՞նչ պայմաններով և հանգամանքներում պետք է այդ վերադարձը կատարվի և այժմ նախադրյալներ ու երաշխիքներ տեսնո՞ւմ եք այդ խնդրի լուծման համար։
Ինչպես արդեն նշեցինք, նախ անհրաժեշտ է, որպեսզի միջազգային հանրությունը ճշգրիտ գնահատական հնչեցնի կատարվածի վերաբերյալ։ Արցախահայերի վերադարձը հնարավոր է միայն միջազգային երաշխիքների առկայության դեպքում, ինչը սակայն բանակցությունների բավական երկար և բարդ աշխատանք է ենթադրում։ Եկեղեցականներս, մշտապես շփվելով արցախահայ մեր հայրենակիցների հետ, հաստատապես գիտենք, որ Արցախ վերադարձի ձգտումն ու ցանկությունը առկա են մեր ժողովրդի մոտ, և մենք պետք է Արցախ վերադառնալու և այնտեղ անվտանգ ապրելու համար գործուն պայքար և աշխատանք տանենք։
Դարձյալ շեշտում եմ, որ արցախահայերի վերադարձի հարցը միջազգային իրավունքի հարց է, որը, մասնավորապես, վերաբերում է մարդու հիմնարար իրավունքներին և ազատություններին, այս պարագային արդեն, արցախցիների՝ սեփական հողում ապրելու արդար իրավունքին։ Հայության ակնկալիքն է նաև, որ սա կարևոր մաս դառնա Հայաստանի Հանրապետության արտաքին պետական քաղաքականության։
-Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության՝ Ադրբեջանի կողմից ոչնչացման մասին գրեթե ամեն օր ահազանգեր ենք լսում։ Եկեղեցին ի՞նչ գործիքակազմ ունի այս հարցով պայքարելու համար։
2020թ․ 44-օրյա պատերազմից հետո Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիմնվել է Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակ, որի նպատակն է միջազգային հանրությանը, հասարակական տարբեր կազմակերպություններին համապարփակ տեղեկատվություն փոխանցել Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության վերաբերյալ: Գրասենյակը կապեր է հաստատել հուշարձանների պատմությամբ զբաղվող միջազգային կառույցների և պետական պատկան մարմինների, ինչպես նաև միջեկեղեցական կառույցների և օտար Եկեղեցիների հետ՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Արցախի հուշարձանների պահպանության կարևորության վրա:
Վերջին օրերին Իսպանիայի Մալագա քաղաքում տեղի է ունեցել Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի կողմից կազմակերպված, մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված «Պաշտամունքի վայրերի և մշակութային ժառանգության անվտանգությունը, ֆինանսական, քաղաքական և իրավական պաշտպանությունը» խորագիրը կրող ամառային 11-րդ համաժողովը, որին քննարկվել են նաև պատերազմների հետևանքով առաջացած մարտահրավերները, այդ թվում նաև փախստականների և բռնի տեղահանված ժողովուրդների իրավունքների ու մշակութային ժառանգության պաշտպանությունը։ Համաժողովի աշխատանքներին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ներկայացրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը՝ հանդես գալով Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի հոգևոր մշակութային ժառանգության ոչնչացման, սրբավայրերի պաշտպանության և բռնի տեղահանված արցախահայության հիմնարար իրավունքների վերականգնման հրատապության վերաբերյալ զեկույցով[2]։
Այս հարցում ևս անհրաժեշտ է, որպեսզի միջազգային կառույցները և բարեկամ երկրները կարողանան ազդել Ադրբեջանի քաղաքականության վրա՝ թույլ չտալու համար պատմական, քրիստոնեական սրբավայրերի ոչնչացումը։ Այլ հնարավորություն կամ գործիքակազմ Հայ Եկեղեցին, ցավոք, չունի։
-Հայ ռազմագերիների ազատ արձակման հետ կապված հարցեր քննարկվո՞ւմ են եկեղեցական համաժողովների, հանդիպումների ընթացքում, ի՞նչ քայլեր է եկեղեցին ձեռնարկում հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը բարձրացնելու և այդ հարցի լուծմանը նպաստելու համար։
Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարության ու ռազմագերիների ազատ արձակման հարցը Հայ Եկեղեցու ուշադրության ներքո է հենց առաջին օրերից։ Միջազգային կառույցների ղեկավարների, դիվանագետների և քաղաքական տարբեր գործիչների հետ հանդիպումների ընթացքին Վեհափառ Հայրապետի կողմից պարտադիր բարձրացվում են գերիների վերադարձման հարցը, ադրբեջանական բանտերում նրանց իրավունքների ոտնահարման խնդիրները։ Մայր Աթոռի կողմից բազմաթիվ դիմումներ, խնդրանքներ են կատարվել միջազգային պետական, մարդասիրական, եկեղեցական կառույցների։ Որոշ արձագանքներ և հայտարարություններ հնչել են՝ ի պատասխան Մայր Աթոռի դիմումների։
Պետք է հիշեցնենք, որ հենց Վեհափառ Հայրապետի դիմումին ի պատասխան՝ Հունգարիայի կառավարությունը կարողացել է միջնորդել և Հայաստան վերադարձնել հինգ գերիների։ Այս մասին մանրամասն ներկայացրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը՝ Շողակաթ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում[3]։ Այդ ուղղությամբ Հայ Եկեղեցու գործուն ջանքերը շարունակվում են, և լիահույս ենք, որ Տիրոջ ողորմությամբ, հաջողությամբ պիտի պսակվեն։
Հարցերը՝ Տաթեւ Հարությունյանի
[1] https://www.vaticannews.va/hy/vatican/news/2024-07/hy-gugerotti-artsakh-roaco-chiesa-rmeno-apostolica.html
[2] https://www.armenianchurch.org/hy/news/09-07-2024/11642
[3] https://youtu.be/Dz-2VS9R1FU?si=i34WDyG7sJz-saUq