Եւրոպական խորհրդարանի խորհրդարանական վեհաժողովը ընդունած է «Լաչինի միջանցքով ազատ եւ ապահով մուտքի երաշխաւորում» բանաձեւը եւ խորհրդատուութիւնները: Այս մասին յայտնած է Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբէն Ռուբինեան՝ աւելցնելով, որ ատրպէյճանցիներուն առաջարկած շուրջ 60 փոփոխութիւնները մերժուած են:
Դիմատետրի իր էջին վրայ ան յայտնած է, որ ԵԽԽՎի բանաձեւը յստակ կերպով կ՛արձանագրէ, որ Լաչինի միջանցքով չկայ ազատ եւ ապահով տեղաշարժ:
«Բանաձեւը հիմնականում անդրադառնում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար (մարդասիրական) եւ մարդու իրաւունքների հետեւանքներին, ընդգծւում է Լաչինի միջանցք եւ Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահաւաք առաքելութեան հրատապ գործուղման անհրաժեշտութիւնը, կոչ է արւում Ադրբեջանին անյապաղ կատարել ՄԻԵԴ եւ Արդարադատութեան միջազգային դատարանի որոշումները, կոչ է արւում Ադրբեջանին վերականգնել էլեկտրաէներգիայի եւ գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ:
Ադրբեջանին նաեւ հասցէական կոչ է արւում հրաժարուել հայերի դէմ կիրառուող թշնամական եւ սպառնալից հռետորաբանութիւնից:
Բանաձեւում, ի թիւս այլ կէտերի, մասնաւորապէս, արձանագրւում է. Վեհաժողովը չափազանց անհանգստացած է Լաչինի միջանցքով ազատ եւ անվտանգ տեղաշարժի ընդհատումով եւ դրան յաջորդած ելեկտրաէներգիայի եւ գազի մատակարարման կանխամտածուած դադարեցմամբ։
Վեհաժողովը ցնցուած է այն փաստից, որ Ադրբեջանի ղեկավարութիւնը չի ընդունում ներկայ իրավիճակից բխող լրջագոյն հումանիտար եւ մարդու իրաւունքների հետ կապուած հետեւանքները: Վեհաժողովը խորապէս ափսոսում է, որ ԵԽԽՎ զեկուցողն իր փաստահաւաք այցի ընթացքում չի հրաւիրուել Ադրբեջան եւ չի կարողացել մեկնել Լաչինի միջանցք։
Վեհաժողովը շեշտում է, որ ներկայ իրավիճակը կայուն չէ եւ կարող է յանգեցնել նրան, որ հայ բնակչութիւնը պարտադրուած լինի լքել իրենց տներն ու համայնքները, եթէ հակամարտութիւնը լուծում չստանայ: Այս համատեքստում Վեհաժողովը կոչ է անում հրատապ հասցէագրել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչութեան իրաւունքների եւ անվտանգութեան հարցերը՝ Բաքուի եւ Ստեփանակերտի միջեւ երկխօսութեան միջոցով, ինչպէս նաեւ ապահովել միջազգային չէզոք ներգրաւում՝ խաղաղութեանն ուղղուած ցանկացած մեխանիզմի կիրառման համար։
Վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանին առանց աւելորդ երկարաձգման կատարել 2022 թ․ դեկտեմբերի 21-ին կիրառուած ՄԻԵԴ միջանկեալ միջոցները։ Վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանին հրատապ կերպով կատարել նաեւ Արդարադատութեան միջազգային դատարանի որոշումը։
Վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանին հրաւիրել Եւրոպայի խորհրդի պատուիրակութեանը փաստահաւաք առաքելութեամբ այցելել Լաչինի միջանցք եւ Լեռնային Ղարաբաղ՝ տեղում իրավիճակը գնահատելու համար: Վեհաժողովը նաեւ կոչ է անում Ադրբեջանին թոյլ տալ այլ միջազգային կազմակերպութիւններին՝ ներառեալ ՄԱԿ հաստատութիւններին, մուտք գործել տարածաշրջան։
Վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանին իրապէս կառուցողական եւ խաղաղ մօտեցում ցուցաբերել հարեւան Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղում բնակող հայերի նկատմամբ: ԵԽԽՎ-ն Ադրբեջանին կոչ է անում գործադրել բոլոր ջանքերը երկու ուղղութիւններով Լաչինի միջանցքով ազատ եւ անվտանգ տեղաշարժի համար: ԵԽԽՎ-ն կոչ է անում Ադրբեջանին անյապաղ վերականգնել ելեկտրաէներգիայի եւ գազի մատակարարումը եւ հայերի հետ համաձայնեցնել հայկական, ոչ թէ՝ ադրբեջանական տարածքով անցնող գազի եւ ելեկտրացանցի մատակարարման նոր երթուղին:
Վեհաժողովը խիստ մտահոգուած է Ադրբեջանի ղեկավարութեան՝ ամենաբարձր մակարդակով հայերի դէմ կիրառուող թշնամական եւ սպառնալից հռետորաբանութեամբ եւ յորդորում է Ադրբեջանին հրաժարուել նման հռետորաբանութիւնից եւ քայլեր ձեռնարկել ինչպէս ատելութեան խօսքի, այդ թուում՝ հանրութեան եւ բարձրաստիճան պաշտօնեաների կողմից հնչող, այնպէս էլ ատելութեան հողի վրայ յանցագործութիւնների դէմ պայքարելու համար»,- գրած է ան: