image

«Դիմադրութեան» շարժումը ցոյց կը կատարէ Եւրոպական միութեան դեսպանատան դիմաց

«Դիմադրութեան» շարժումը ցոյց կը կատարէ Եւրոպական միութեան դեսպանատան դիմաց

«Յունիսի 3-ին հենց այս հատուածում, ԵՄ գրասենեակի անմիջական հարեւանութեամբ ժողովրդի վրայ կիրառուեց լուսաձայնային նռնակ»: Այս մասին, այսօր՝ Յունիս 7-ին, ԵՄ գրասենեակին դիմաց «Դիմադրութեան» շարժման գործողութեան ժամանակ յայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արամ Վարդեւանեանը:

«Ես կարծում եմ՝ սա նաեւ այս իշխանութիւնների հերթական ամօթալի էջերից մէկն է: Զարմանալին այն է, որ ԵՄ դեսպանատունը դրա մասին չի խօսում: Չի խօսում տասնեակ հարիւրաւոր վնասուածքներ ստացած քաղաքացիների մասին, չի խօսում, որ խաղաղ հաւաքի նկատմամբ նռնակ է օգտագործուել», ըսաւ ան:

Այնուհետեւ Վարդեւանեան ընթերցեց ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցութիւններու («Հայաստան» եւ «Պատիւ ունեմ») յայտարարութիւնը, որ փոխանցուեցաւ ԵՄ դեսպան Անտրէա Վիքթորինին:

Յայտարարութեան մէջ կ'ըսուի.

«Ընդդիմադիր խորհրդարանական երկու խմբակցութիւններն արձանագրում են.

Սոյն թուականի Յունիսի  3-ին, Պռոշեան-Դեմիրճեան փողոցների հատման հատուածում խաղաղ հաւաքի մասնակիցների նկատմամբ ոստիկանական ուժերի կողմից կիրառուել է ապօրինի եւ անհամաչափ ուժ ու յատուկ միջոցներ, այն է «Սվիրել» լուսաձայնային նռնակներ: Չնայած այն բանին, որ հաւաքը կրում էր բացառապէս խաղաղ բնոյթ եւ այդ պարագայում ոստիկանական ուժերը պէտք է ոչ թէ խոչընդոտէին, այլ ընդհակառակը, պարտաւոր էին աջակցել խաղաղ հաւաքի անցկացմանը:

Ընդ որում, լուսաձայնային նռնակների կիրառում իրականացնել է առանց նախնական զգուշացման:

Անհամաչափ ուժի եւ յատուկ միջոցների կիրառման արդիւնքում խաղաղ հաւաքի մասնակից հարիւրաւոր քաղաքացիների շրջանում, որոնց թւում նաեւ կանանց ու տարեցների մօտ առկայ են տարբեր աստիճանի ծանրութեան վնասուածքներ: Մարմնական տարատեսակ վնասուածքներ են ստացել նաեւ ընդդիմադիր խմբակցութիւնների պատգամաւորներից մի քանիսը, ինչպէս նաեւ «Դիմադրութեան» շարժման մասնակից քաղաքական կուսակցութիւնների ներկայացուցիչներ:

Ընդ որում, վնասուածք ստացածների միայն մի հատուածն է դիմել բժշկական օգնութեան: Զգալի հատուածը նախընտրել է բուժում ստանալ տնային պայմաններում, ինչը հիմք է տուել իշխանական ներկայացուցիչներին լրատուական դաշտ նետել թեզ, թէ բախումների արդիւնքում ոստիկանները շրջանում վնասուածք ստացածների քանակը շատ աւելին է, քան ցուցարարների շրջանում:

Հարկ է նշել, որ ոստիկանութեան ներկայացուցիչների մեծ մասը տուժել է յատուկ միջոցների սխալ կիրառման արդիւնքում:

Իսկ որոշ լրատուամիջոցներում տեղ գտած տեղեկատուութեան համաձայն կիրառուած լուսաձայնային նռնակները նաեւ եղել են ժամկէտանց:

Յաջորդ խնդիրը, որ ներկայացվում է դեսպանին, դա խաղաղ հաւաքի ընթացքում ոստիկանութեան մի շարք ծառայողների կողմից ոստիկանութեան մասին եւ ՀՀ օրէնսդրութեան կոպիտ խախտմամբ ոստիկանութեան ծառայողների նոյնականացնելու հնարաւորութիւն տուող տարբերանշանները չկրելու փաստն է:

Օրէնքի նման պահանջը նպատակ է հետապնդում, որ քաղաքացին կարողանայ ճանաչել կամ նոյնականացնել իրեն մօտեցած կամ իրեն բերման ենթարկող ոստիկանութեան ծառայողին:

Աւելին ԵՄ դեսպանատան համար մշտապէս կարեւորուող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի խաղաղ հաւաքների ազատութեան վերաբերեալ ուղեցոյց 159-րդ կէտում ուղղակի առկայ է նման պահանջ: Նաեւ անհրաժեշտ ենք համարում նշել, որ այս խնդիրը նոյնիսկ արձանագրուել է գործող ՄԻՊ-ի կողմից:

Ոստիկանական բիրտ ու անհամաչափ ուժ է կիրառվել; ոչ միայն քաղաքացիների նկատմամբ, այլ նաեւ լրատուամիջոցների նկատմամբ, խոչընդոտուել է նրանց մասնագիտական աշխատանքը: Այսպէս,  սադրանքի արդիւնքում ստեղծուած հրմշտոցի ժամանակ ոստիկանները խլել են լրատուամիջոցներից մէկի լուսանկարողի տեսախցիկի ձողը, երբ լրագրողը ընկած է եղել գետնին, եւ այդ ձողով ոստիկանները սկսել են ծեծել ցուցարարներին: Արդիւնքում լուսանկարողը ստացել է ոտքի վնասուածք, իսկ ԶԼՄ գոյքը վնասուել է:

Ոստիկանները խոչընդոտել են այն լրագրողների եւ լուսանկարողների աշխատանքը, որոնք այդ պահին փորձել են նկարահանել լուսաձայնային նռնակներ նետող ոստիկանին: Ընդ որում, պէտք է արձանագրել, որ ոստիկանական ուժերի կողմից առանց զգուշացման յատուկ միջոցների կիրառումը ինքնին արդէն վտանգ է ստեղծել նշուած տրածքում աշխատող լրագրողների առողջութեան եւ մասնագիտական գործունէութիւն ծաւալելու համար:

Խաղաղ հաւաքի մասնակիցների նկատմամբ բիրտ ու սադրիչ գործողութիւնները կատարուել են անձամբ Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրամանի հիման վրայ: Սա հերթական կարմիր գծի հատումն էր, երբ սեփական ժողովրդի նկատմամբ Փաշինեանի հրամանով կիրառւում են լուսաձայնային նռնակներ: Քաջ գիտկցելով, որ հաւաքի մասնակիցների մեծ մասը 44-օրեայ պատերազմի մասնակիցներ են: Իսկ յետպատերազմական շրջանում այդ միջոցների ձայնն անգամ բաւական է հաւաքի մասնակիցներին սադրելու համար»:

Արամ Վարդեւանեանը յոյս յայտնեց, որ ԵՄ դեսպանին կողմէ այս յայտարարութեան պատշաճ արձագանգ կ'ըլլայ:

«Երբ ԵՄ–ի դեսպանատան դիմաց ոստիկանութիւնը խախտում է մարդու իրաւունքների ուխտի բոլոր կէտերը եւ ԵՄ դեսպանատունը լուռ է մնում, ես սա չեմ հասկանում: Սա ամենաանընդունելի երկակի չափանիշն է: Նոյն այս դեսպանատունը 2018-ին մարդու մազ ծռվելու դէպքում օրուայ մէջ մի քանի յայտարարութիւն էր տարածում, իսկ հիմա լուռ է եւ այդ լռութեամբ խրխուսում է ոստիկանական վայրագութիւնները», ըսաւ Վարդեւանեանը: