Մոսկվայում օրերս նշվել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստուհի, Հայաստանի վաստակավոր արտիստուհի եւ պրոֆեսոր, նշանավոր դաշնակահարուհի Մարիա Ղամբարյանի 100-ամյակը։ Միջոցառմանը ներկա է եղել մեկ դար ապրած դաշնակահարուհին․ տեղեկանում ենք մոսկովյան մամուլից։
Հանրահայտ արվեստագետին հարգանքի տուրք է մատուցվել Գնեսինների անվան ՌԴ Մանկավարժական Մասնագիտական Ակադեմիայի լեփ-լեցուն համերգային դահլիճում, որտեղ Մարիա Ղամբարյանը դասավանդել է ավելի քան վաթսուն տարի:
Հնչել են Մարիա Ղամբարյանի հարցազրույցներից հատվածներ, շնորհավորանքներ, համերգային կատարումներ։
Երեկոյի ընթացքում հնչել են նաեւ Մարիա Ղամբարյանի տարբեր տարիների ձայնագրությունները։
Մարիա Ղամբարյանը ծնվել է Երեւանում, 1925-ին։ Նրա հայրն ու հորեղբայրը հայտնի գիտնականներ էին։ Մասնագիտական կրթություն ստանալուց հետո դաշնակահարուհին համերգային գործունեությունը սկսել է 1951 թվականից։ Համերգացանկը ընդգրկում է Բախի, Բեթհովենի, Շոպենի, Շումանի, Շուբերտի, Սպիրիդոն Մելիքյանի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Էդուարդ Բաղդասարյանի, Տիգրան Մանսուրյանի երկերը։ Համերգային ծրագրերով ներկայացել է աշխարհի բազմաթիվ երկրներում։ 1991 թվականին վարպետության դասընթացներ է ունեցել Իսպանիայում։ 1992 թվականին Կորեայում թողարկվել է նրա կատարմամբ երկու ձայնասկավառակ։ Բազմաթիվ պարգեւների եւ կոչումների հեղինակ է։