image

Ատրպէյճանցիք միտումնաւոր կերպով կ՚այրեն ձմերուայ համար մթերուած խոտը

Ատրպէյճանցիք միտումնաւոր կերպով կ՚այրեն ձմերուայ համար մթերուած խոտը

Գեղարքունիքի մէջ ատրպէյճանական զինծառայողներու վարած հրդեհները կ'այրեն ոչ միայն արօտավայրերն ու խոտհարքները, այլ նաեւ խոտը, որ մարդիկ չարչարանքով հնձած, պաշարած են ձմեռուան համար։ Այս մասին դիմատետրեան իր էջին յայտնած է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյեանը:

«Օրինակ՝ Կութ գիւղի բնակիչներից մէկն այսօր՝ ժամը 17-ի սահմաններում ահազանգել է, որ ունի 4-5 հեքթար խոտհարք եւ հաւաքել է մօտաւորապէս 500 հակ խոտ։ Հրդեհը ժամը 17-ի սահմաններում իր խոտի հակերից հեռու է եղել ընդամէնը 4-5 մեթր:

Ահազանգերը նաեւ այն մասին են, որ հրդեհների օճախները մարելուց յետոյ ատրպէյճանական զինծառայողները նորից են դիտաւորեալ հրդեհներ գցում։

Այսօր Գեղարքունիքի մարզի Կութ եւ Սոթք գիւղերից տարբեր ժամերի ահազանգեր ենք ստացել, որ այդ գիւղերի ուղղութեամբ դեռեւս Օգոստոսի 29-ին ատրպէյճանական զինծառայողների գցած հրդեհներն աւելի են ընդարձակուել եւ արդէն տարածուում են դէպի գիւղերը:

Կան շատ վայրեր, որոնց մօտենալ հնարաւոր չէ, քանի որ ատրպէյճանական նշանառութեան ներքոյ են, իսկ մօտենալու դէպքում նրանք արձակում են կրակոցներ:

Հրդեհների մարման աշխատանքներ են իրականացնում փրկարար ծառայողները, նրանց աջակցում են բնակիչները: Բայց համապատասխան տեխնիկա հնարաւոր չէ օգտագործել բոլոր տեղերում, քանի որ հրդեհը տարածուած է տեխնիկայի համար դժուար հասանելի բարձրադիր վայրերում։ Իսկ եղանակային պայմանների պատճառով հրդեհներն աւելի են տարածուում: Ուսումնասիրութիւնները ցոյց են տուել, որ օրուայ ընթացքում յաջողուել է մարել միայն Սոթքի ուղղութեամբ հրդեհը:

Ատրպէյճանական զինծառայողների այս արարքների հետեւանքով ոչնչացուում են քաղաքացիական բնակիչների պատկանող արօտավայրերն ու խոտհարքները, մարդիկ զրկուում են ապրուստի աղբիւրից, ինչն իր հերթին նպաստելու է մարդկանց սոցիալական (ընկերային) խնդիրների աւելացմանը:

Հաշուի առնելով նաեւ, որ ատրպէյճանական զինուած ուժերը ներխուժել ու տեղակայուած են գիւղերի անմիջական հարեւանութեամբ՝ ՀՀ ինքնիշխան տարածքում, ապա հրդեհներն իրական վտանգ են ներկայացնում նաեւ գիւղերի քաղաքացիական բնակչութեան կեանքի, նրանց ողջ սեփականութեան համար:

ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ատրպէյճանական զինուած ուժերի արարքների փաստերը, ստուգումները, վկայում են, որ դրանք դառնում են աւելի ու աւելի վտանգաւոր քաղաքացիական բնակիչների համար, ունեն մարդկանց վնաս պատճառելու ուղղակի դիտաւորութիւն, դարձել են թիրախային, իսկ իրաւունքների խախտումները կրում են զանգուածային բնոյթ»,- յայտնած է Թաթոյեանը: