image

Արա Գյուլերի երևանյան թանգարանի համար տարածք է փնտրվում. նախարարության պարզաբանումը

Արա Գյուլերի երևանյան թանգարանի համար տարածք է փնտրվում. նախարարության պարզաբանումը

Վերջին շրջանում մամուլում արծարծվում է Հայաստանում պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի աշխատանքների թանգարան հիմնելու հարցը: Թեման հատկապես արդիական դարձավ այն ժամանակ, երբ թուրքական մամուլը շրջանառության մեջ դրեց մի լուր, ըստ որի Արա Գյուլերը պայմանագիր է կնքել թուրքական մի ընկերության հետ` իր արխիվը հանձնելու համար, այնուհետև, կրկին ըստ թուրքական լրատվամիջոցների,  չեղյալ է հայտարարվել համաձայնությունը:  Չնայած լուրերը տարածել էին  թուրքական հայտնի  լրատվամիջոցները, Արա Գյուլերը հետագա օրերին հերքեց այդ տեղեկատվությունը:

Մեր հարցումներին ի պատասխան, Հայաստանի մշակույթի նախարարությունից հայտնեցին, որ Երևանում Արա Գյուլերի լուսանկարների թանգարան հիմնելու հարցով զբաղվում է Մշակույթի նախարարությունը, և այժմ Երևանում հարմար տարածք են փնտրում` այդ գաղափարն իրականացնելու համար: ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանն  «Արեւելքին» ասաց, որ նման ցանկություն հայտնվել է Արա Գյուլերի և Մշակույթի նախարարության պաշտոնյաների հանդիպման ժամանակ, ընդ որում` Երևանում Գյուլերի թանգարան ունենալու ցանկությունը եղել է երկկողմանի:  «Խոսքը գնում է առանձին շենքում թանգարան հիմնելու մասին, իսկ մինչև հարմար շենք գտնելը, մենք Գյուլերի ստեղծագործությունների` Ազգային պատկերասրահում բացված ժամանակավոր ցուցադրությունը դարձրինք մշտական, և այսօր Հայաստանի գլխավոր պատկերասրահի մի ամբողջ հարկ տրամադրված է Արա Գյուլերի լուսանկարներին»,-ասաց  Ներսես Տեր-Վարդանյանը, նշելով, որ դրանք թե' բնանկարներ են, թե' դիմանկարներ և թե' Գյուլերի` տարբեր երկրներում արված հայտնի լուսանկարներից: Թվով 160 լուսանկարները, ինչպես հաստատեց Մշակույթի փոխնախարարը,  Արա Գյուլերը նվիրել է Հայաստանին: Հենց դրանք էլ ցուցադրվելու են առաջիկայում բացվելիք թանգարանում, որի հիմնման ժամկետների մասին փոխնախարարը դժվարացավ որևէ բան ասել. «Երբ որ հարմար շենք գտնվի, արդեն հնարավոր կլինի խոսել ժամկետների մասին»:  

Մշակույթի նախարարությունը մշտական կապի մեջ է վարպետի հետ, վստահեցրեց մեր զրուցակիցը, և մեր այն հարցին, թե Գյուլերը ցանկություն ունի՞ իր արխիվից այլ լուսանկարներ ևս նվիրելու, նա պատասխանեց. «Տեղյակ ենք, որ նա հայտնել է նման ցանկություն,  Մշակույթի նախարարությունն էլ հայտնել է իր պատրաստակամությունը, և եթե նվիրի, սիրով կընդունենք,  նոր ցուցանմուշների առկայության պարագայում էլ պատրաստ ենք ցուցադրության փոփոխություն անել, թեմատիկ դարձնել  կամ պարբերաբար փոփոխել»:

Իսկ ինչ պայմաններով է ձեռք բերվելու շենքը,  ըստ Ներսես Տեր-Վարդանյանի, կդիտարկվի այն ժամանակ, երբ թանգարանի վերածելու շենքը կոնկրետ ընտրված լինի,  այդ դեպքում կորոշվի ձեռք բերման միջոցները` գնում, վարձակալություն կամ օգտագործման այլ հիմունքներ: