image

Արա Բերքյան- Հայ մշակույթի եվ արվեստի յուրօրինակ դեսպանը

Արա Բերքյան- Հայ մշակույթի եվ արվեստի յուրօրինակ դեսպանը

 Ասածս փաստում է Կաթողիկոսի 1988 թվակիր նամակից հատվածը. «Սիրելի Արա, Անհունօրեն ուրախ ենք և մեծապես կը գնահատենք Ձեր հարատեւ  եւ  անխոնջ աշխատանքը՝  Հայ-Գերմանական յարաբերութեան ուսումնասիրման եւ զարգացման տեսակէտէն: Խորապես հրճուեցանք՝ տեսնելով Ձեր հրատարակած գիրքը՝  «Zwischen Rhein und Arax» … Վստահ ենք, որ հայագիտության մեջ կարեւոր ներդրում մըն է Ձեր աշխատանքը: Ապահովաբար անիկա մեծապես պիտի նպաստէ  Հայ և Գերմանացի ժողովուրդներու ճշգրիտ և հարազատ փոխճանաչման եւ բարեկամական յարաբերություններու զարգացման… Մենք ուրախ պիտի ըլլանք այս գիրքին  հայերէն  թարգմանությունը տպուած տեսնելով  Անթիլիասի մեր տպարանին մէջ… Մնամք սիրոյ ողջույնիւ եւ օրհնութեամբ Աղօթարար  Գարեգին  Բ  Կաթողիկոս Մեծի տանն Կիլիկիոյ»:

 

 

 

 

2024 թ․ ապրիլի 20-ին լրանում է ճարտարապետության և ինժեներության դոկտոր, գրող, հրապարակախոս, գերմանահայ նշանավոր գործիչ  ԱՐԱ Յ․ ԲԵՐՔՅԱՆԻ (Պիլէզիկեան) ծննդյան 90-ամյա և մահվան 30-ամյա տարելիցները։ 

Շատ տարագիր հայերի նման՝ Արա Բերքյանը (Պիլէզիկեան) ծնվել էր  օտար ափերում՝ Բեյրությում՝ Ցեղասպանությունը վերապրածի ընտանիքում, ահա թե ինչու՝ Մեծն Դ․ Վարուժանի խոսքով․․․ «․․․Հայությունը կուլար և կը մռնչեր  իր մեջ»։ 

Կյանքի երեսունյոթ տարին ապրել ու արարել  էր Արևմտյան Գերմանիայում։ Քաջատեղյակ էր աշխարհի, մասնավորապես գերմանական մշակույթին և արվեստին, այնուամենայնիվ, Արա Բերքյանի սիրտը տրոփում էր ամենայն հայկականով: 

Անցած դարի 60-70-80-ականներին, երբ դեռ Գերմանիայում չկային ներկայիս սոցիալական ցանցերի ընձեռած մեծ հնարավորությունները, չկար Հայաստանի դեսպանատուն, չկային երկու երկրների միջև համագործակցության այլևայլ ընկերություններ, ֆորումներ,   Բերքյանն իր առջև խնդիր է դրել ծառայել հարազատ ժողովրդին, և հաղթահարելով  այդ ճանապարհի բոլոր դժվարությունները՝ ճարտարապետի, ինժեների, գրողի, հրապարակախոսի, նկարչի ունակությունները ի սպաս է դրել օտար ափերում՝ հայոց պատմութունն ու ճարտարապետութունը աշխարհին ներկայացնելու, եվրոպական իրականության մեջ հայկական մշակույթը քարոզելու, հայրենակիցներին հայ լեզվին ու հավատքին մոտ պահելու, Հայոց ցեղասպանության մասին իրազեկելու, գերմանա-հայկական հյարաբերութունները վերստին նորոգելու գործին:

 

 

ԱՐԱ Յ. ԲԵՐՔՅԱՆԸ  (ՊԻԼԷԶԻԿԵԱՆ)  ծնվել է 1934 թ. ապրիլի 20-ին, Բեյրութում, որտեղ հաստատվել էր մայրական կողմը՝ Տիգրանակերտում հայտնի Աբրահամ, Պողոս և Սամուել Սարաֆյան եղբայրների գերդաստանը: Աբրահամը և Պողոսը (Արայի պապը), ուսանել էին Մարտինիի Ամերիկյան բարձրագույն վարժարանում (Թուրքիա): Կատարելապես տիրապետել անգլերենին և արաբերենին, հրապուրվել լուսանկարչական արվեստով: Տիգրանակերտում ունեին իրենց լուսանկարչատունը: 1895-1896 թթ. ջարդերից հրաշքով փրկված, երեք եղբայրները հաստատվում են Բեյրութում, որտեղ նույնպես  հիմնադրում են լուսանկարչատուն: 

Հայրական կողմը սերում էր Մարաշից։  1915 թվականի Ցեղասպանությունից փրկված պապի՝ Նազարեթ փաշա Պիլէզիկեանի գերդաստանը հաստատվում է Սիրիայի Հալեպ քաղաքում: Հայրը՝ Յոհաննես (Ժան) Պիլէզիկեանը մեկնում է Բեյրութ ուսանելու (իրավաբագիտություն), այնտեղ ծանոթանում և ամուսնանում է Թագուհի Սարաֆյանի հետ: 

Արան  ծնողներից  ժառանգել էր հայկական ազգային ոգու հյութառատ սերմերը, որոնք շռայլորեն ծլարձակեցին՝ սնուցվելով Բեյրութի հայկական միջավայրի  հայապահպան գործունեության ազդեցությամբ:

Նա հաճախ էր շեշտում, որ․ «Պէյրութը փոքրիկ Հայաստան մըն էր եւ հայերս զօրաւոր փոքրամասնութիւն մըն էինք հոն, եւ աւելի ազատութիւն ունեինք, քան խորհրդային Հայաստանին մէջ»:

Թեև  հայկական դպրոց չէր ավարտել, սակայն Հայ ճեմարանի ուսուցիչ Գառնիկ Բանեանից ստացած երկու տարվա մասնավոր դասերով  տիրապետում էր հայերենին:  

Նախ հաճախում է Բեյրութի ֆրանսիական գիմնազիան, այնուհետև՝ ամերիկյան համալսարանը, որն ավարտելով՝ 1956 թ. ստանում է ճարտարապետ-ինժեների որակավորում: 

Ուսումը շարունակելու նպատակով 1957 թ.  հաստատվում է Արևմտյան Գերմանիայում: Գերմաներեն  սովորում է Մյունխենի Գյոթեի ինստիտուտում, ապա՝ 1958-61 թթ․ կրթաթոշակով,  ուսումը շարունակում է Մյունխենի և Ախըենի տեխնիկական համալսարաններում: 

1965-66 թթ. ստանձնում է Ախընի տեխնիկական համալսարանի գիտական աշխատողի պարտականությունները: 

1967 թ. հրատարակում է «ՆԱԽԱԳԾՈՒՄԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ՄԵՐՁԱՐԵՎԱԴԱՐՁԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ»  գիրքը: 

Քիմքին խորթ է հնչել օտարաշունչ Պիելէզիկեան ազգանունը, 1971 կրում էր ԲԵՐՔԵԱՆ ազգանունը։ Թեև ժառանգներ չունեցավ, բայց՝ ազգանունի նման ճյուղերը վերընձյուղվեցին հայկական ճարտարապետությունում, առանձնապես՝ բերդամրոցներում, գերմանա-հայկական հարաբերություններում։

1976 թ. Դարմշտատի տեխնիկական համալսարանում  գերմաներենով պաշտպանում է  «ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ  ԱՄՐՈՑՆԵՐԸ» թեմայով թեզը և ստանում ինժեներության և ճարտարապետության դոկտորի կոչում: 

Հայ և օտարազգի մեծահամբավ գիտնականների բնորոշմամբ, Արա Բերքյանն իր դոկտորական ուսումնասիրությունով ճանաչողության նոր աստիճանի է բարձրացրել հայկական ճարտարապետության վարկանիշը: Այդ մասին է վկայում նաև պրոֆեսոր Արմեն Զարյանի նամակը (22.11.1978) Արա Բերքյանին․ «…Հարգելի պարոն Արա Բերքյան, ես ևս ուրախ եմ, որ պատեհություն ունեցա  Ձեզ անձամբ ճանաչելու: Կարդացել էի Ձեր այնքան շահեկան աշխատությունը: Դա  միակն է մինչև օրս, որ այդ թեմայով և այդպես ծավալուն է, գիտականորեն այնքան վավերականությամբ… Լավագույն մաղթանքներով և բարեկամական զգացմունքներով՝ Արմեն Զարյան»:

Ա. Բերքյանը տարիներ ի վեր աշխատել է Մյունխենի, Մայնցի, Վիսբադենի ճարտարապետական բյուրոներում, իսկ կյանքի վերջին տարիներին՝ Հեսսենի տնտեսության և անշարժ գույքի նախարարությունում որպես ճարտարապետ: Մասնակցել է տարաբնույթ շենք-շինությունների համար հայտարարված մրցույթների, այդ թվում՝ 1965 թ. Բեռլինում կառուցվելիք թանգարանի մրցույթին:

 1967 թ. Մյունխենում նախատեսված պատկերասրահի համար հայտարարված համագերմանական մրցույթին ներկայացված նրա նախագիծը՝ լավագույնների շարքում, հրապարակվել է Գերմանիայի «Շինարարական աշխարհ» հանդեսի 1967 թ. հունիսի 1-ի համարում: Մայնցի Մայր տաճարի նրա փետրանկարը ցուցադրվել է  երկրի տարբեր վայրերում: Նա եղել է Ռայնլանդ Ֆալսի և Հեսսենի ճարտարապետների պալատների անդամ:

1957 թ. հանգրվանելով Գերմանիայում, Բերքյանը նկատում է, որ տեղացիները կամ չգիտեն հայերի և Հայաստանի մասին կամ կամ նրանց իմացությունը հեռու է ճշմարտությունից և լիարժեք լինելուց, իհարկե, բացառություն են կազմել առանձին մտավորականներ, ինչպես նաև կաթոլիկ և ավետարանական եկեղեցիների հոգևոր առաջնորդները:

    1960-ական թվականներին Ա. Բերքյանն, ուսանողական մի քանի ընկերների հետ, Մյունխենում հիմնադրում  է  «Հայ  ուսանողների միությունը», նպատակ հետապնդելով՝ բանախոսությունների միջոցով իրազեկել Հայաստանի մասին: Հետագայում,  նրա ջանքերով, համանման միություն է ստեղծում Ախընում: 

    1965 թ. Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցի առիթով,  Ա. Բերքյանը և  երկու ուսանողական ընկերների՝ Արմեն Հախնազարյանի և Վազգեն Խուդավերդյանի հետ կազմակերպում են նամակ-ակցիա՝ գերմանական  մամուլին և տեղացիներին իրազեկելու՝ Թուրքիայում Երիտթուրքերի կառավարության ծրագրած և իրականացրած 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին, որին զոհ գնացին 1,5 միլիոն հայեր։  Նամակին կցում են Մայնցի համալսարանի դասախոս, դոկտոր-պրոֆեսոր Անտոն Հիլքմանի Հայոց ցեղասպանության մասին մեծածավալ հոդվածը, որը տպագրվել էր 1965 թ. Քյոլնի «Բեգեգնունգ»  ամսագրում: Հոդվածի 300 առանձնատիպ առաքում են Գերմանիայի թերթերի, ամսագրերի խմբագրություններ, հրատարակչություններ, քաղաքական, մշակութային անվանի գործիչների, հոգևոր-եկեղեցական առաջնորդների: Թեև արդյունքը այնքան էլ գոհացուցիչ չի լինում, ամեն պարագայում, «Ֆրանքֆուրտեր Ալգեմայնե Ցայտունգ», «Դի վելտ»  թերթերը տպագրում են հոդվածներ Հայոց  ցեղասպանության մասին, նաև Ա. Բերքյանի հոդվածը՝ «Հայ ժողովրդի մահուղին»  լույս է ընծայվում  «Ախընի Ֆոլկսցայտունգ» թերթի 1965 թ. մայիսի 17-ի համարում: 

        Այդ ակցիայից հետո ևս հիսուն տարի հարկավոր եղավ, մինչև գերմանական Բունդեսթագը քննարկեց հայկական կոտորածների և բռնի տեղահանությունների մասին հարցը, իսկ 2016 թ. հունիսի 2-ին՝ Ցեղասպանությունից 101 տարի անց, Գերմանական Բունդեսթագի պատգամավորները այլևս ծնկի չեկան թուրքական սպառնալիքներից ու ճնշումներից՝ ճանաչեցին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց և քրիստոնյա մյուս փոքրամասնությունների ցեղասպանությունը: Գերմանիան այլևս խուսանավելու տեղ չուներ՝ առերեսվեց իր պատմությանը և ընդունեց մեղսակցությունը։ Անուրանալի է, որ  խնդրի առաջադրման մեջ իրենց ավանդն ունեին տասնամյակների հեռվում նամակ-ակցիան կազմակերպած երիտասարդները:

    Բերքյանը ամենից առաջ հայկական մշակույթի և արվեստի մի յուրօրինակ դեսպան էր, ազգային ոգին արթուն պահող նվիրյալ անձնավորություն: Սակայն ազգային խնդիրների իրականացումն այնքան էլ դյուրին չէր անցած դարի 60-ական թվականների Գերմանիայում: Հայության ճնշող մեծամասնությունը այն տարիներին ներգաղթել էր Թուրքիայից, որտեղ զրկված էր մայրենի լեզվին և պատմությանը հաղորդակցվելու հնարավորությունից: Ընդամենը հինգ հազար հայ՝ ցրված երկրի ամբողջ տարածքում: Հայրենակիցների շրջանում հայկական ոգու արթնացումը,  նրանց վերադարձն իրենց ակունքներին և հայ-գերմանական հարաբերությունների նորոգումը եղել են Արա Բերքյանի գործունեության հիմնական նպատակները: Վերոհիշյալ խնդիրների համակարգմանը, ինչպես նաև Հայաստանի հետ մշակութային կապերի ամրապնդմանը  կարող էր նպաստել Գերմանա-հայկական ընկերության վերաբացումը, որը  1914 թ. հիմնադրել էր հայ ժողովրդի մեծ բարեկամ ու նվիրյալ Յոհաննես Լեփսիուսը, սակայն 1956 թ. այն լուծարվել էր: 

Ընկերության վերաբացման գաղափարն առաջինը ծագեց Արա Բերքյանի մեջ՝ 60-ական թվականների սկզբին: Նա որոնել և գտել է ընկերության նախկին անդամներ Ալֆրեդ Մուրադյանին, Բեռլինի ազատ համալսարանի դասախոս, դոկտոր Պետրոս Ֆրունջյանին,  Ընկերության վերջին նախագահ, դոկտոր Պաուլ  Ռոհրբախի որդիներին և ուրիշների: Շատերն այդ գործում տեսել են միայն խնդիրներ, սակայն Արա Բերքյանը պայքարող մարտիկի համառությամբ է լծվում նպատակի իրականացմանը՝ այդ ճանապարհին հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ: Այդ բարդ ու դժվարին գործում նրան օգնել և քաջալերել է  Մայնցի համալսարանի պրոֆեսոր Անտոն Հիլքմանը: Ի վերջո, երկարատև բանակցություններից, հանդիպումներից, նամակ-դիմումներից հետո, Հայդելբերգի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Հայերի ջերմ աջակցությամբ, 1972 թ. վերաբացվում է Գերմանա-հայկական ընկերությունը, որի նախագահ է ընտրվում պրոֆեսոր Ֆրիդրիխ Հայերը: Արա Բերքյանը սկզբում ստանձնում է գանձապահի, հետագայում՝ փոխնախագահի պաշտոնը: 

1989 թ. Գերմանա-հայկական ընկերության 75-ամյա հոբելյանական հանդիսության  ժամանակ, Ընկերությանը նոր կյանք պարգևելու նախաձեռնության, առանձնահատուկ  ծառայությունների, հայ ժողովրդի պատմությանը և մշակույթին նվիրված հրապարակումների, հայ և գերմանացի ժողովուրդների փոխճանաչմանը նպաստելու համար Ա. Բերքյանին և Ֆրիդրիխ Հայերին շնորհվում են  ընկերության Պատվավոր անդամի կոչում: 

«․․․Արա Բերքյանը Գերմանա-հայկական ընկերության հոգին էր։ Նա էր կատարում բոլոր անհրաժեշտ աշխատանքները՝ կանոնադրության նախագծից մինչև Մայնցի միությունների ցանկում գրանցելը։ Նաև նոր հիմնադրված «Հայ-գերմանական հանդեսի» խմբագրի պաշտոնում բազում հոդվածներ հրապարակեց այնտեղ, կազմակերպեց հայ արվեստին նվիրված ցուցահանդեսներ, եղավ դրանց թարգմանն ու բանախոսը։ Բերքյանը հայկական տեղեկատու բյուրո էր․․․»։

Հետագայում այսպես էր բնորոշելու նրան պրոֆեսոր Ֆ. Հայերը Ա. Բերքյանի հիշատակի խոսքում («Հայ-գերմանական թղթակցություն», թ. 83, 1994 ):   

Բազում են Արա Բերքյանի հայանպաստ նախաձեռնություններն ու իրականացրած աշխատանքները Գերմանիայում: Ինչպես արդեն վերը նցվեց, նա եղել է Մյունխենի,  Ախընի ոսանողական,  Հեսսենի մշակութային  միությունների հիմնադիրներից, վարչության անդրանիկ նախագահ, Մայնցի հայկական համայնքի նախագահ: Պրոֆեսոր Հայերի և Արա Բերքյանի ջանքերով, գերմանահայ գաղութում տեղեկատվություն ու քարոզչություն ապահովելու նպատակով, լույս է ընծայվել  «Հայ-գերմանական հանդեսը», որի խմբագիր է աշխատել երկու անգամ՝ հարյուրավոր հոդվածներ հրապարակել այնտեղ: Նրա շնորհիվ լույս ընծայվեց  Մայնցի հայկական համայնքի «Բանբերը»։

Անցած դարի 70-80-ական թվականներին հայկական կյանքի երակը սկսել էր բուռն բաբախել գերմանական հողի վրա: Կազմակերպվում էին հայկական մշակույթի շաբաթներ, հայ արվեստին նվիրված ցուցահանդեսներ, տոնակատարություններ, հանդիպումներ հայրենիքի և սփյուռքի գիտության և մշակույթի գործիչների հետ: Արա Բերքյանն այդ բոլոր միջոցառումների կենտրոնում էր՝ որպես նախաձեռնող, կազմակերպիչ, թարգման ու բանախոս: Այդ ամենը նա հետագայում ի մի է բերել, ամբողջացրել և, որպես առանձին մաս, զետեղել  «ՀՌԵՆՈՍԻ ԵՎ ԱՐԱՔՍԻ ՄԻՋԵՎ. 900 ՏԱՐՎԱ ԳԵՐՄԱՆԱ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» գրքում (համահեղինակ՝ Էննո Մեյեր), որի գերմաներեն բնօրինակը լույս է տեսել 1988 թ. և մեծ արձագանք գտել Գերմանիայում, սփյուռքում և Հայաստանում:  

Ոգևորված անկախացած Հայաստանով, գրքի մասին դրական հրապարակումներով,  որոշել էր գիրքը համալրել երկու ժողովուրդների՝ մեր օրերի հարաբերությունների մասին պատմող էջերով և  վերահրատարակել, ինչպես նաև թարգմանել հայերեն, անգլերեն։ Ավա՜ղ, վրահաս մահը չթողեց իրականացնել այդ ցանկությունը։ Միջանկյալ նշեմ, որ այդ հայերեն գիրքը՝ իմ թարգմանությամբ, լույս տեսավ 2016 թ․ Երևանում։

1988 թ․ սահմռկեցուցիչ երկրաշարժից հետո, Արա Բերքյանը համախմբում է ինչպես գերմանաբնակ հայ երիտասարդներին, այնպես էլ գերմանական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ ներդրում ունենալու աղետի գոտին վերականգնելու գործում։ Որպես  Հեսսենի և Հայաստանի հուշարձանների փրկության կոմիտեի գերմանական մասնաճյուղի փոխնախագահ, ջանքեր չէր խնայում երկրաշարժից տուժած Ամբերդի և Մակարավանքի վերանորոգման համար։

Արցախյան ազատամարտի տարիներին նա բազմաթիվ հրապարակումներով, ելույթներով հանդես է եկել գերմանական մամուլում, հեռուտատեսությամբ՝ ճշմարտացի մեկնաբանելով իրադարձությունները։

1993 թ․ Մայնցի համայնքի օգնությունը հասցրեց Արցախ։ Առաջին անգամ էր լինում այնտեղ, որի պատմության, ճարտարապետական հուշարձանների մասին հրաշալի գիտեր,  իր անտիպ՝ «Հայաստանի բերդեր և ամրացված վանքեր» գրքում ընդգրկել է նաև Գանձասար և Ամարաս վանքերը:

 Հենց Արցախում որոշեց․ «․․․Թերևս երկու, երեք տարի հետո վերջնականապես կգամ Արցախ, եթե արցախցիներն ինձ ընդունեն՝ կդառնամ շուշեցի։ Այս խաչքարերի գոյությունն եմ ցանկանում արցախցիներին, որոնք իրենց արդարացի պայքարն են մղում, իսկ արդարությունը միշտ էլ հաղթում է․․»։ 

Ավա՜ղ, միամիտ ու ազնիվ Արան չգիտեր, որ ճշմարտությունն ու արդարությունը գնովի և վաճառովի է։ Ճանաչելով նրա անձը, կարող եմ երևակայել, թե, ինչպիսի մորմոք ու նվաստացում կապրեր  (շատերիս նման) վերջին տարիների հազարավոր զոհերի, մեր վիրավոր հողի, հայաթափված Արցախի, աշխարհի անտարբերության համար։ Ի զորու չէինք կռվել 100 միլիոնանոց երկրի (երկրներ) բանակների դեմ, իսկ  նյութապաշտ Եվրոպան ու Ամերիկան (ինչպես միշտ), առաջնորդվում են նախ իրենց տերությունների շահերով, որն համընկնում է թուրքի շահի հետ։  Ռուսաստանը՝ իր երկդիմի խաղով, վերստին բեմը հանձնեց նզովված թուրքին, որը կանգնեց Ադրբեջանի թիկունքին։ Աշխարհի համար Հայաստանի լինելը՝ չլինելու նման է․ նավթաոսկի  չունենք․․․ 

    Ընդգրկուն է եղել Արա Բերքյանի անձնական և գիտական կապերի աշխարհագրությունը՝ Հայաստան, Իրան, Լիբանան, Եվրոպական և Մերձավոր Արևելքի երկրներ, ԱՄՆ։ Հազարավոր էջեր նամակներ, նյութեր, գերմանական պետական, ռազմական արխիվային փաստաթղթեր:  Իր բարեկամների ու մտերիմների թվում են եղել  Ամենայն Հայոց Վազգեն Ա, Կիլիկիո Խորեն Ա և Գարեգին Բ Սարգիսեան  (հետագայում՝ Ամենայն Հայոց կաթողիկոս) կաթողիկոսները, հարյուրավոր անուն հանրաճանաչ  քաղաքական, մշակութային, հոգևոր գործիչներ,  հայ և  օտարազգի նշանավոր գիտնականներ, եթե միայն անունները թվարկեմ, էջեր կլցվեն։ Ընտանեկան մտերմություն ուներ Կիլիկիայի կաթողիկոս Գարեգին Բ Սարգիսեանի հետ, ով բարձր էր գնահատում Արայ Բերքյանի ազգանվեր էությունը։

 Ասածս փաստում է Կաթողիկոսի 1988 թվակիր նամակից հատվածը. «Սիրելի Արա, Անհունօրեն ուրախ ենք և մեծապես կը գնահատենք Ձեր հարատեւ  եւ  անխոնջ աշխատանքը՝  Հայ-Գերմանական յարաբերութեան ուսումնասիրման եւ զարգացման տեսակէտէն: Խորապես հրճուեցանք՝ տեսնելով Ձեր հրատարակած գիրքը՝  «Zwischen Rhein und Arax» … Վստահ ենք, որ հայագիտության մեջ կարեւոր ներդրում մըն է Ձեր աշխատանքը: Ապահովաբար անիկա մեծապես պիտի նպաստէ  Հայ և Գերմանացի ժողովուրդներու ճշգրիտ և հարազատ փոխճանաչման եւ բարեկամական յարաբերություններու զարգացման… Մենք ուրախ պիտի ըլլանք այս գիրքին  հայերէն  թարգմանությունը տպուած տեսնելով  Անթիլիասի մեր տպարանին մէջ… Մնամք սիրոյ ողջույնիւ եւ օրհնութեամբ Աղօթարար  Գարեգին  Բ  Կաթողիկոս Մեծի տանն Կիլիկիոյ»:

      Ա. Բերքյանի ազգանվեր էության և վարքի մասին պատմող բազմաթիվ վկայություններից առանձնացնենք ևս մեկը՝  հատված 1993 թ. Հայ  Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդին հասցեագրված իր նամակից. « …Անշուշտ, թէ մենք ալ կուզենք նոր կազմակերպւող  Առաջնորդարան մը հաստատ հիմերու վրայ տեսնել: Սակայն առաջնութեան հարց մը կայ. այս դժուար օրերուն, երբ հայկական պետութեան գոյութիւնն իսկ վտանգուած է եւ հրատապ օգնութեան պէտք ունի, մենք կը ձգտենք կարելին եղածին չափ  մեր մասնակցութիւնը բերել, որպէս կայանայ մեր անկախ պետութիւնը, թէեւ նա (մեր օգնությիւնը) մեկ կաթիլ է մեծ ծովուն մեջ: Մենք համոզուած ենք, որ առանց Մայնցի համայնքի, առանց գերմանահայ գաղութի հայ ազգը կարող է շարունակել  իր կեանքը, բայց առանց Հայաստանի Հանրապետութեան  եւ  առանց ազատ Արցախի, մենք՝ սփիւռքահայութիւնը, ծովը նետուած տաշեղի կը նմանինք, ուրիշ խօսքով, թափառական ժողովրդի նման առանց Հայրենիք կը մնանք․․․»:

    Ճակատագրի կամոք, Ա. Բերքյանը ծնվել էր Հայաստանից հեռու, բայց  սերը նրա հանդեպ այնքան բուռն ու խորն էր արմատավորված նրա ներաշխարհում, որ ամբողջովին համակված էր  իր հայրենիքով ու ազգային խնդիրներով: Այդ սերը նրան 1968 թվականից պարբերաբար բերում էր  Հայրենիք: Հայաստանում նա ծանոթանում է ակադեմիկոս Վարազդատ   Հարությունյանի հետ: Հետագա տարիներին նրանց բարեկամությունն ավելի ու ավելի ամրապնդվեց և ջերմացավ, որը գոյատևեց քառորդ դարից ավելի:  Վ. Հարությունյանն իր «Արվեստակից ժամանակակիցներս» (Երևան, 2001) գրքում մի առանձին հոդվածով՝ «Հայրենիքից հեռու, հայրենիքը՝ սրտում», անդրադարձել  է Արա Բերքյանին:  «...Հարազատ ժողովրդի ճարտարապետական ժառանգության ուսումնասիրման տենչը 1968-ին  նրան Հայաստան բերեց: Ծանոթացանք, հայտնեց, որ զբաղված է միջնադարյան Հայաստանի բերդերի և ամրաշինական արվեստի ուսումնասիրմամբ, խնդրեց խորհրդատու լինել… ծանոթացնել Հայաստանում գտնվող մի քանի բերդերի: Արայի հետ բարձրացանք լեռները, եղանք Ամբերդում, Բջնիում, Սմբատաբերդում: Նյութերի հարուստ պաշարով մեկնեց Բերքյանը: Իմացա, որ հայցել է դոկտորի աստիճան՝ թեման ընտրելով «Հայկական միջնադարյան պաշտպանական  ամրոցները», ապա այն հրատարակեց որպես մենագրություն… Արա  Բերքյանին հանդիպում էի ոչ միայն Հայաստանում, այլև հայ արվեստին նվիրված միջազգային գիտաժողովներում, ավելի շատ՝ Իտալիայում: Այդպիսի մի գիտաժողովում, 1988-ին Վենետիկում նա ելույթ ունեցավ ոմանց տարօրինակ թվացող թեմայով՝ հայ վարպետների մասնակցությունը Գերմանիայի որոշ հուշարձանների կառուցմանը: Որպես ապացույց, նա խնամքով հավաքել էր քարերի վրա հայ վարպետների թողած նշագրերը, նաև հայերեն տառաձևերը․․․»,- այսպիսին  է  հիշում Ա. Բերքյանին ականավոր գիտնականը: 

  Այդ թեմային է անդրադառնում նաև դոկտոր, պրոֆեսոր Արմեն Զարյանը  22.02.1989 թվակիր նամակում. «Սիրելի Արա Բերքյան. օրերս ստացա Ձեր ուղարկած գիրքը Վալտեր Նիեսի հեղինակությամբ՝ «Քարագործ վարպետների նշանագրերը Բուդինգենի և Գելնհաուզենի բերդերում», 1988:  Գոհունակությամբ շնորհավորում եմ  Ձեզ, քանի որ պատճառ հանդիսացաք կենտրոնական Եվրոպայում գործած քարագործ վարպետների ներկայությունը ու նրանց մասնակցությունը տարբեր տիպի շինություններում նոր փաստերով ապացուցված լինելու… Նշանների փաստն անժխտելի է և բացահայտում է վարպետի ազգությունը և իր կարողությունների աստիճանը: Ինչ մնում է Ձեզ՝ մնում է սրտագին շնորհակալություն հայտնել… Լավագույն մաղթանքներով՝  Արմեն Զարյան»:

    Նա ոչ միայն պեղում, դարերի խորքից դուրս էր բերում հայոց պատմության, ճարտարապետության կամ հայ-գերմանական առնչությունների չլուսաբանված էջերը, այլև զգոն, ուշադիր հետևում էր օտարալեզու մամուլում հայ մշակույթի մասին սպրդող թյուր տեղեկություններին և անհապաղ արձագանքում: 

   Օրինակները բազմաթիվ են և բազմապիսի, որոնք առնչվում են գիտության, մշակույթի, հասարակական կյանքի տարբեր ոլորտներին: Եթե  թերթենք «Հայ-գերմանական հանդեսի» հին հավաքածուն, ապա գրեթե բոլոր համարներում կհանդիպենք Արա Բերքյանի զայրույթով գրված պատասխանները՝ ընդդեմ «Spiegel», «Stern», «Geo», «ARD», «ZDF»  և այլ լրատվամիջոցների էջերում ի հայտ եկած հակահայկական հոդվածների: 

Ի դեպ․ նրա արխիվային նյութերը  բազմալեզու են՝ հայերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, արաբերեն, որոնց նա տիրապետում էր։

Բաժանորդագրվում էր «Նյույորք-Թայմս», «Լոնդոն-Թայմս», ֆրանսիական, գերմանական, հայկական թերթեր, ամսագրեր։ Գիրքը, թերթը,  ամսագիրը Բերքյանը չէր կարդում սոսկ ընթերցող, և եթե այդ նյութերը այսուայնկերպ առնչվեին Հայաստանին ու հայկական մշակույթին, հայ ժողովրդի իրավունքներին, ուրեմն անմիջապես արձագանքում էր։ Իրեն զգում էր հայրենի ժողովրդի և նրա մշակութային ժառանգության կենսական շահերի պաշտպան։ 

Շուրջ հիսուն անձանց հետ նամակագրությունից ծաղկաքաղ (158) նամակներ  զետեղել էի իմ «ԱՐԱ Յ․ ԲԵՐՔՅԱՆ» գրքում։ Վերջին ժամանակներս աշխատում եմ նրա հոգևոր կապերի նոր գրքի վրա, աշխատանքի ընթացքում նախատեսված պլանը շարունակ փոփոխվեց։  Գրքում որոշեցի առանձնացնել միայն երեք հայասեր անձանց հետ բարեկամական հարաբերություները՝ դոկտոր, պրոֆեսորներ Անտոն Հիլքման, Ֆրիդրիխ Հայեր և ակադեմիկոս Վարազդա Հարությունյան։

Կյանքի վերջին տարիներին Բերքյանն աշխատում էր «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԵՐԴԵՐ և ԱՄՐԱՑՎԱԾ ՎԱՆՔԵՐ»  գրքի վրա։ Նրան հայտնի էր, որ դոկտորական մենագրությունը վաճառվում է  «սև շուկայում», այդ մասին գրում է Վ․ Հարությունիանին հասցեագրած մի նամակում, ահա թե ինչու որոշել էր այն վերանայել, համալրել նոր բերդերով և վերահրատարակել գերմաներեն և անգլերեն ընդարձակ տարբերակը: Շուրջ քսան տարի տքնաջան աշխատանք կատարելով՝ գիտական իր մենագրության  38 բերդերի և վանքերի փոխարեն նորում ընդգրկել է 64 բերդերի և վանքերի ուսումնասիրություններ: Նոր բաժին է նվիրել Կիլիկիայի ամրաշինությանը: Արա Բերքյանը որպես շինարար ճարտարապետ է հետազոտում,  լուսաբանում բերդերի տեղընտրության սկզբունքները, անդրադառնում դրանց հորինվածքին, ամրաշինական տեխնիկային ու ամրոցների հետ առնչվող այլ հարցերին, դրանք բաղդատում հարևան երկրների նմանատիպ կառույցների հետ:

     Ավա՜ղ, 1994  թ. մահը ձեռքից վերցրեց գրիչը և այդ ուշագրավ աշխատության անտիպ ձեռագիրը  մնաց նրա գրասեղանի վրա: Նրա մահից հետո շուրջ 30 տարի ես ջանքեր եմ թափում հրատարակել գիրքը, իրականացնել նրա մեծ ցանկությունը։ 

Մտածում եմ, Բերքյանի կյանքը ավելի հարմարավետ կլիներ, եթե նա զբաղվեր միայն իր մասնագիտությամբ, և մանավանդ կհասցներ հրատարակել հայկական բերդերի մասին իր արժեքավոր գիրքը։ 

Ես անձնական փորձից գիտեմ, որ օտար ափերում հայությամբ զբաղվելը թեʹ բարոյական, թեʹ նյութական զոհողություններ են պահանջում։  Իսկ Բերքյանը համեստ էր, սիրով էր անում այդ ամենը, երբեք չէր շեշտում իր անձը, ծնծղաներ չէր հնչեցնում իր արած հսկայածավալ աշխատանքի համար։ Փառքի մարմաջով չէր լցված, փառքի հետևից չվազեց, և մեդալների ու շքանշանների արժանանալու համար չի արել, իր կենդանության օրոք հայոց կողմից մեդալների չի արժանացել։ 

Արա Բերքյանի անձնական արխիվում պահպանվող հազարավոր էջեր նյութերն ու նամակները, որոնցում կարմիր թելի նման արծարծվում են Հայաստանին, օտար ափերում հայապահպանությանը, Հայոց ցեղասպանությանը, հայկական մշակույթին ու արվեստին առնչվող հարցեր․ շարունակում են նոր տեսանկյունից ներկայացնել Արա Բերքյան գործչին ու գիտնականին։ Այդ նյութերը նաև ժամանակաշրջանի պատկերն են արտացոլում,և  որոշակի պատկերացում տալիս նաև նրա միջավայրի, հասարակական կյանքի մի շարք հայ և օտար նշանավոր դեմքերի մասին, առանձնապես այն  անհատների, որոնք կիսում էին հայ ժողովրդի ցավը։

Վերջին ժամանակներս թվայնացնել եմ նրա անձնական արխիվի առանձին թղթապանակներ՝ շուրջ հինգ հազար էջից ավելի․․․

  Նա ուներ այլևայլ նախասիրություններ, օժտված էր արվեստագետի, նկարչի նուրբ դիտողականությամբ։ Այդ շնորհը ժառանգել էր նկարչուհի մորից։ Մեծ սեր ուներ ֆլամանդացի գեղանկարիչ Պ․Պ․ Ռուբենսի հանդեպ։ Արվեստի կոպիներ ունի նրանից։  Այսօր էլ Վիսբադենի մեր բնակարանի պատերը զարդարում են նրա կտավները (աբստրակտ, լանդշաֆտ, նատյուրմորտ), ակվարելները և գծանկարները։ Բերքյանի  մեծ երազն էր, թոշակի անցնելուց հետո, ամբողջությամբ տրվել նկարչությանը։ Ավա՜ղ, այդ փափագն էլ չիրականացավ։ 

Հիանալի սուսերամարտիկ, դահուկորդ, հրաձիգ էր,  Ռայնլանդֆալս երկրամասի հրաձգության ակումբի անդամ, բազմիցս մասնակցել էր հրաձգության  համագերմանական մրցումներին՝ գրավելով 2-րդ, 3-րդ հորիզոնականներ, Բեյրութում ուսանած տարիներին փոքր տրամաչափի ատրճանակի համալսարանական մրցումների ոսկե մեդալակիր էր։

Ստեղծագործական շատ անելիքներ ուներ։ 

Սերում էր Կիլիկիայից, ահա ինչու Երևանում պատվիրեց Կիլիկիայի արքաների դիմանկարները՝ վերակազմված մանրանկարչության և դրամների հիման վրա,  կամենում էր  կազմել և հրատարակել Կիլիկիայի արքաների հանրագիտակ։ 

Ամենակարևորը՝ ներքուստ փայփայում էր մի մեծ երազանք՝ բնակություն հաստատել Հայաստանում, Շուշիում և՝ ճարտարապետի, շինարար ինժեների ունակություններով ակտիվ մասնակցություն բերել անկախացած Հայաստանի վերակերտումին։ 

Ավա՜ղ, երազը հանգավ։

Բայց նա շարունակում է Հայաստան վերադառնալ իր գիտական և հոգևոր ժառանգությամբ՝ գրքերով, նամականիներով, դեռ կվերադանա իր անձնական հարուստ արխիվով, որոնք կշարունակեն նորովի ներկայացնել Արա Բերքյանի հարուստ ներաշխարհի, նրա ազնիվ մղումների մասին, ում սրտի և հոգու վրա ծանրացած էր հայրենիքի վիճակը, և կպատմեն, թե հեռավոր ափերում ինչպիսի մշտնջենական պայքարում է ապրել հայրենապաշտ գիտնականը, հայագետն ու գործիչը իր ներդրումը բերելու հարազատ ժողովրդի ճակատագրին։ 

 

Լիզա Բերքյան-Աբրահամյան

Գերմանիա,Վիսբադեն

  Հեղինակը՝ Լիզա Բերքյան-Աբրահամյանը գրադարանագետ էմատենագետ-լրագրողթարգմանիչ,  Հայաստանի ժուռնալիստների միության անդամ։

Ավարտել է ԽԱբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետըԲաքվի կուսակցական բարձրագույն դպրոցըՎիսբադենի ժողովրդական բարձրագույն դպրոցի և Գյոթեի ինստիտուտի գերմաներենի դասընթացները: 

Աշխատել է Գեղարոտի մասսայական գրադարանի վարիչ, «Արագած» շրջանային թերթի բաժնի վարիչնույն թերթի գլխավոր խմբագիրՀԿԿ Արագածի շրջկոմի գաղափարախոսական բաժնի վարիչ:

1992 թ ամուսնացել է ճարտարապետության և ինժեներության դոկտորգրող Արա Բերքյանի հետբնակություն հաստատել Գերմանիայի Վիսբադեն քաղաքում: 

Աշխատել է Վիսբադենի քաղաքային գրադարանում որպես գլխավոր մասնագետ:

 Եղել է Մայնցի հայկական համայնքի երկլեզվյա «Բանբեր» ամսաթերթի խմբագիրշաբաթօրյա դպրոցի վարժուհի։  

Հայաստանիհայկական մշակույթիամուսնու ազգանվեր գործունեության և նրա գրքերի մասին բանախոսություններովելույթներով հանդես է եկել ՄայնցիՖրանքֆուրտիՇտուտգարտիՀանաուիՔյոլնի հայկական միություններումՎիսբադենի  քաղաքապետարանումՎիսբադենի ժողովրդական բարձրագույն դպրոցումՎիսբադենիՔելքհայմի հինգ ավետարանական եկեղեցիների   համայնքներում,  Հայաստանի Հանրապետության դեսպանատանը (Բեռլին), Վիսբադենի Հայրենի և Գրականության տներում։

Հեղինակել է «ԱՐԱ Յ ԲԵՐՔՅԱՆ» (2014), «ՎԵՐՀՈՒՇԻ ՄԱՍՈՒՆՔՆԵՐ» (2018) գրքերըգերմաներենից հայերեն է թարգմանել և հրատարակել ԷՆՆԵՈ ՄԵՅԵՐԻ ԵՎ ԱՐԱ ԲԵՐՔՅԱՆԻ՝ «ՀՌԵՆՈՍԻ ԵՎ ԱՐԱՔՍԻ ՄԻՋԵՎ. 900 ՏԱՐՎԱ ԳԵՐՄԱՆԱ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» գիրքը (2016) ։