«Անուշ» օպերան 110 տարեկան է

 «Անուշ» օպերան 110 տարեկան է

110 տարի առաջ այս օրն առաջին անգամ Գյումրիում ներկայացվել է «Անուշ» օպերան: Այն հայ ժողովրդական երաժշտական լեզվով գրված առաջին լիավարտ օպերան է, որ ազգային օպերային գրականության մեջ ստեղծել է նոր ոճական ուղղություն։ Երաժշտության եւ լիբրետոյի հեղինակը Արմեն Տիգրանյանն է, որ օպերան գրել է  ըստ Հովհաննես Թումանյանի  համանուն պոեմի)։ «Անուշ» օպերան գրվել է 1908-1912 թվականների ընթացքում, բայց հետագա 30 տարիներին կոմպոզիտորը բազմաթիվ ուղղումներ եւ լրացումներ է կատարել տեքստի մեջ։ Արմեն Տիգրանյանը հիմնականում աշխատում էր իր հայրենի  Ալեքսանդրապոլում։ Դեռ ամենասկզբում՝ 1908 թվականին, առանձին հատվածներ ներկայացվել են Թիֆլիսում՝ Ներսիսյան դպրոցի սաների ուժերով։

Պրեմիերան կայացել է 1912 թվականի օգոստոսի 4-ին։ Սարոյի դերակատարն էր Շարա Տալյանը, իսկ Անուշին մարմնավորում էր Աստղիկ Մարիկյանը։ Քաղաքի համերգային դահլիճը լեփլեցուն էր։ Նրանք, ում չէր հաջողվել դահլիճ մտնել, օպերան լսում էին բաց պատուհանների մոտ կանգնած։ Այդ տարիներին գրեթե միջոցներ չկային պատշաճ բեմադրություն ստեղծելու համար։ Վատն էր ակուստիկան, 12 երաժշտից բաղկացած փոքրիկ նվագախումբ էր, հագուստն ու դեկորացիան խիստ համեստ էին։ Նվագախումբի երաժիշտները շատ երիտասարդ էին, որոնք թեկուզ լավ էին կատարում, բայց չունեին համապատասխան մասնագիտական հմտություններ։ Եվ չնայած այս բոլոր բացթողումներին, հանդիսատեսը կարողացավ զգալ օպերայի ուժն ու շքեղությունը։

Ներկայացումից հետո մարդկանց բազմությունը ջահերով դուրս եկավ փողոց։ Նրանք օպերայից հատվածներ էին երգում եւ այնքան սրտանց էին կատարում, որ արտացոլվում էր Թումանյանի հերոսների բնավորությունն ու Լոռվա բնությունը։ Հենց այդ ժամանակ պարզ դարձավ, որ «Անուշ» օպերան մեծ ապագա կունենա։ Ալեքսանդրապոլում օպերան բեմադրվեց եւս մի քանի անգամ, իսկ հետո սկսվեց նրա հաղթական արշավն այլ քաղաքներով։ Շուտով Արմեն Տիգրանյանն՝ իր փոքրիկ թատերախմբի հետ միասին, շրջագայեց Հայաստանի, Ռուսաստանի եւ Անդրկովկասի քաղաքներում։ Օպերան հիացմունքով ընդունվեց Երեւանում, Մոսկվայում, Թբիլիսիում ու Բաքվում։

Իսկ արդեն նվագախմբի լրիվ կազմով, պրոֆեսիոնալ կատարողներով «Անուշ»-ը ներկայացվել է Հովհաննես Թումանյանի ծննդյան 50-ամյակի առթիվ 1919 թվականին՝ Թիֆլիսի Արտիստական թատրոնում եւ Արմեն Տիգրանյանի ղեկավարությամբ։ Դրանից հետո օպերան ներկայացվեց նաեւ արտասահմանի բազմաթիվ հայաշատ բնակավայրերում՝ թափանցելով ժողովրդի կենցաղի մեջ։ 1970-ական թվականներին «Անուշը» դիտեցին նաեւ Փարիզում եւ Մարսելում։

Մի առիթով Տիգրանյանն ասել է. «Մի բան պարզ էր՝ հայկական օպերան չպետք է կրկներ եւրոպականը։ Նա պետք է լիներ յուրօրինակ, ազգային եւ մոտ ժողովուրդին»։

Օպերան մշտապես ընդգրկված է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկում։

Առաջնախաղի ազդագիրը