image

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցաւ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցաւ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ

Սեպտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետութիւնում իր դիւանագիտական առաքելութիւնն աւարտող Ֆրանսիայի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Ջոնաթան Լաքոտին:

Ողջունելով դեսպանին` Նորին Սրբութիւնն ընդգծեց, որ վերջինիս արդիւնաւէտ պաշտօնավարման ընթացքում առաւել ընդգծուեց հայ-ֆրանսիական բարեկամական կապերի բնոյթը: Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն ի դէմս դեսպան Ջոնաթան Լաքոտի`  իր երախտագիտութիւնը յայտնեց Ֆրանսիայի իշխանութիւններին համավարակի ընթացքում, ինչպէս նաեւ պատերազմի ու յետպատերազմեայ ծանր օրերին Հայաստանին եւ հայ ժողովրդին բերած աջակցութեան եւ զօրակցութեան համար:

Հանդիպմանը Նորին Սրբութիւնը նաեւ յոյս յայտնեց, որ Ֆրանսիան` իբրեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, իր նպաստը կբերի Լեռնային Ղարաբաղի խնդրի արդարացի կարգաւորման գործում: 

Իր հերթին  դեսպան Ջոնաթան Լաքոտն երախտագիտութիւն յայտնեց Վեհափառ Հայրապետին ջերմ ընդունելութեան համար եւ ընդգծեց, որ իր առաքելութիւնն է Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ ձեւաւորուած բարեկամական յարաբերութիւնների պահպանումն ու շարունակական ընթացքի ապահովումը: 

Զրոյցի ընթացքում դեսպանն արձանագրեց նաեւ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնն առաջացրել է բազմաթիւ հարցեր, որոնք դեռեւս չեն արժանացել միջազգային հանրութեան պատշաճ ուշադրութեանն ու գնահատանքին: Այս առնչութեամբ դեսպան Ջոնաթան Լաքոտը հաւաստիացրեց Նորին Սրբութեանը, որ Ֆրանսիան շարունակելու է ջանքեր գործադրել խնդրի արդար եւ խաղաղ կարգաւորման համար: 

Հանդիպման աւարտին Ամենայն Հայոց Հայրապետը դեսպանին մաղթեց նորանոր յաջողութիւններ իր յետագայ գործունէութեան մէջ: