Նոյեմբեր 3-ին, Ամերիկայի Միացեալ Նահանգների Հայոց Արեւմտեան Թեմի առաջնորդանիստ կենտրոնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ամերիկայի Հայ Աւետարանչական Ընկերակցութեան (ԱՀԱԸ) Հոգաբարձուների Խորհրդի, Հայ Աւետարանական Համաշխարհային Խորհրդի, Հիւսիսային Ամերիկայի Հայ Աւետարանական Եկեղեցիների Միութեան, Հայկազեան Համալսարանի Հոգաբարձուների Խորհրդի ներկայացուցիչներին:
Վերջիններս խորին երախտագիտութիւն յայտնեցին Նորին Սրբութեանը` ԱՄՆ Հայոց Արեւմտեան Թեմ կատարած Հովուապետական այցին ընթացքին առանձին հանդիպման հնարաւորութեան համար, ներկայացնելով Հայ Աւետարանական Եկեղեցու եւ ԱՀԱԸ գործունէութիւնը: Նրանք գոհունակութեամբ անդրադարձան Մայր Եկեղեցու հետ գործակցութեանը եւ ապագայի համար պատրաստակամութիւն յայտնեցին առաւել ջանքեր ներդնել աշխարհասփիւռ հայութեան կեանքում հոգեւոր միութեան հասնելու համար` արձագանքելով մէկ լինելու Տիրոջ պատգամին:
Վեհափառ Հայրապետը գոհունակութիւն յայտնեց հանդիպման համար եւ իր օրհնութեան ու գնահատանաց խօսքն ուղղեց Հայ Աւետարանական եկեղեցու ներկայացուցիչներին: Նորին Սրբութիւնը յատկապէս ընդգծեց վերջին շրջանում Հայ Աւետարանական եկեղեցու պատասխանատուների կողմից Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ միութեան մէջ գործելու պատրաստակամ ոգին, որով հնարաւոր է ամրապնդել համազգային միասնականութիւնը, վերականգնել հոգեւոր կեանքի միութիւնը:
Խօսքը եզրափակելով` Հայոց Հայրապետը յոյս յայտնեց, որ Հայ Աւետարանական Եկեղեցին նոր արդիւնքներով ու ձեռքբերումներով պիտի շարունակի համալրել բարեսիրական իր ծառայութիւնները` յանուն Հայրենիքի զօրացման եւ աշխարհասփիւռ մեր ժողովրդի բարօրութեան: