image

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իտալիոյ վճռաբեկ դատարանի պատուիրակութիւնը

 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իտալիոյ վճռաբեկ դատարանի պատուիրակութիւնը

Հոկտեմբերի 3-ին  Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում  ընդունեց  Իտալիայի Վճռաբեկ դատարանի առաջին նախագահ Պիետրոյ Կուրցիոյի գլխաւորած պատուիրակութեանը` ուղեկցութեամբ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսեանի: 

Հանդիպմանը ներկայ էր նաեւ Իտալիայում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Ծովինար Համբարձումեանը:

Ողջոյնի իր խօսքում Վեհափառ Հայրապետն արձանագրեց, որ հայ ժողովուրդն ամենաջերմ զգացումներն է տածում բարեկամ Իտալիայի նկատմամբ, որի հետ յարաբերութիւնները խարսխուած են ընդհանուր պատմամշակութային եւ քրիստոնէական արժէքների հիման վրայ:

Բարձր գնահատելով  երկու երկրների Վճռաբեկ դատարանների միջեւ ձեւաւորուող գործակցութիւնը` Ամենայն Հայոց  Կաթողիկոսը նկատեց, որ հայ-իտալական դարաւոր բարեկամութիւնն արտայայտւում է նաեւ եկեղեցական մակարդակով, ինչի վկայութիւնն են Հայ Առաքելական եւ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների եղբայրական փոխյարաբերութիւնները:

Անդրադառնալով արցախեան 44-օրեայ պատերազմին եւ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ սանձազերծուած ռազմական գործողութիւններին` Նորին Սրբութիւնը նշեց, որ Արցախի եւ Հայաստանի հանդէպ Ադրբեջանի կողմից իրականացուող ագրեսիան ու ոտնձգութիւնները կանխելու համար անհրաժեշտ է միջազգային հանրութեան խիստ դատապարտումը: Նորին Սրբութիւնը կարեւոր նկատեց նաեւ միջազգային հանրութեան գործուն աջակցութիւնն Ադրբեջանում պահուող հայ ռազմագերիների շուտափոյթ վերադարձի գործընթացում:

Իր հերթին պարոն Պիետրոյ Կուրցիոն ընդգծեց, որ Հայաստանն ու Իտալիան, լինելով քրիստոնեայ երկրներ, ունեն նոյն արժեհամակարգը եւ այդ առիթով վստահութիւն յայտնեց, որ հայ-իտալական ջերմ յարաբերութիւնները կը զարգանան ու կ'ամրապնդուեն նաեւ երկու երկրների Վճռաբեկ դատարանների միջեւ փորձի փոխանակմամբ եւ համագործակցութեամբ:

Հանդիպմանն անդրադարձ կատարուեց նաեւ Ադրբեջանի վերահսկողութեան տակ յայտնուած տարածքներում հայկական հոգեւոր-մշակութային ժառանգութեան ոչնչացման ու իւրացման փաստերին: