2020թ․ օգոստոսի 15-ին ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն տարածեց Էգեյան և Արևելյան Միջերկրական տարածաշրջանի վերջին զարգացումների վերաբերյալ` դատապարտելով Թուրքիայի ապօրինի ու սադրիչ գործողությունները[1]։ Օգոստոսի 17-ին պատասխան հայտարարությամբ հանդես եկավ Թուրքիայի ԱԳՆ-ը, որում զարմանք և զայրույթ հայտնեց, որ «Հայաստանը ներկայացնում է Արևելյան Միջերկրականի մասին կարծիք հայտնելու հավակնություն»[2]։ Չենք բացառում, որ այս պարագայում գործ ունենք նաև Թուրքիայի նախանձի հետ․ Հայաստանը Հունաստանին աջակցություն է հայտնում անշահախնդիր, ի տարբերություն Թուրքիայի, որը մշտապես տնտեսական զիջումներ է կորզում «եղբայրական» Ադրբեջանից՝ Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ իր արած ադրբեջանամետ հայտարարությունների դիմաց։
Նկատենք, որ Հունաստանին ու Կիպրոսին աջակցություն հայտնելու պլանում Հայաստանը կորցնելու բան չունի, նման հայտարարությունները ոչ մի կերպ չեն նվազեցնում «Էրդողանական Թուրքիայի» հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարը, քանի որ այդօրինակ հեռանկար պարզապես գոյություն չունի։ Արդյունքում նպատակահարմար կլինի, որ Հայաստանը շարունակի Էգեյան ու Միջերկրական ծովերի զարգացումների վերաբերյալ Հունաստանին ու Կիպրոսին աջակցելը, ինչն աստիճանաբար կհանգեցնի Թուրքիայի համար սեփական նժարը ծանրացնելուն և սեփական (քիչ թե շատ) պահանջարկը մեծացնելուն։
Օգոստոսի 17-ին Ադրբեջանի նախագահի օգնական, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի՝ արտաքին քաղաքական հարցերով բաժնի պետ Հիքմեթ Հաջիևը «Ազերթաջի» հետ զրույցում հայտարարեց, որ Ադրբեջանն աջակցում է Թուրքիայի գործունեությանն Արևելյան Միջերկրականում և քննադատեց Հայաստանին՝ այդ հարցում կարծիք հայտնելու համար[3]։ Օգոստոսի 19-ին էլ նմանատիպ հայտարարությամբ հանդես եկավ Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան[4]։
Ադրբեջանական կողմի այս արձագանքները կարող ենք համարել բավական ուշացած։ Բանն այն է, որ Հայաստանը, Հունաստանի հետ չլինելով «մեկ ազգ, երկու պետություն», իր աջակցությունն է հայտնում նրան, մինչդեռ Ադրբեջանը փաստորեն չէր շտապում սեփական աջակցությունը հայտնել «եղբայրական» Թուրքիային։ Այն, որ ադրբեջանական կողմը, ի վերջո, հանդես եկավ նման հայտարարությամբ, ունի երկու կարևոր պատճառ։
1.Առաջին պատճառն այն է, որ Տավուշյան թեժացման ժամանակ Թուրքիան տարբեր մակարդակներով, բավական ինտենսիվ և անգամ կոշտ ու սպառնալից հայտարարություններ էր հնչեցրել Հայաստանի հասցեին՝ այդպիսով զգալի աջակցություն հայտնելով Ադրբեջանին։ Ելնելով դրանից՝ «եղբայրական» Ադրբեջանը չէր կարող իր պատասխան աջակցությունը չհայտնել Թուրքիային՝ կապված Արևելյան Միջերկրականում նրա դիմակայության հետ։ Սակայն մյուս կողմից Ադրբեջանի համար Արևելյան Միջերկրականի շուրջ Թուրքիային աջակցություն հայտնելը որոշակի ռիսկ է՝ վատթարացնելու համար Թուրքիայի հետ լուրջ խնդիրներ ունեցող երկրների (Իսրայել, ԱՄԷ, Ֆրանսիա, Եգիպտոս, Հունաստան, Կիպրոս) հետ իր հարաբերությունները։ Սա վկայում է, որ Ադրբեջանը գնալով դառնում է «Էրդողանական Թուրքիայի» տարածաշրջանային ագրեսիվ գործողությունների պատանդը, որ նա շարունակ հարկադրված է լինելու իր աջակցությունը հայտնելու դրանց և արդյունքում խնդիրներ ունենալ տարբեր երկրների հետ, ինչը ցանկալի չէ նրա համար։
Ընդ որում՝ այս հարցում թուրքական կողմի ճնշումը գնալով կարող է ուժեղանալ․ Թուրքիան Ադրբեջանից կարող է պահանջել վերանայել Իսրայելի հետ լավ հարաբերությունները՝ ընդգծելով, որ ինքը, հանուն «եղբայրական» Ադրբեջանի, տարիներ շարունակ վատթարացրել է հարաբերությունները Հայաստանի հետ, փակ է պահում նրա հետ սահմանը, և որ Ադրբեջանը պետք է գործով ցույց տա, որ «Թուրքիայի ցավը դա նաև իր ցավն է»։ Իհարկե, Ադրբեջանը շարունակում է միլիարդավոր դոլարների ներդրումներով, համատեղ տարբեր նախագծերով և այլնով կերակրել Թուրքիային, որպեսզի վերջինս շարունակ աչք փակի Իսրայելի հետ իր լավ հարաբերությունների վրա, սակայն հետագայում թուրքական կողմի այս դիրքորոշումը կարող է կոշտանալ՝ կախված տարածաշրջանային զարգացումներից։ Օրինակ, հետագայում Էրդողանը կարող է Ալիևից աջակցություն պահանջել Հին Երուսաղեմում գտնվող և մուսուլմանների երեք գլխավոր սրբավայրերից մեկը հանդիսացող Ալ-Աքսա մզկիթը «ազատագրելու» հարցում (Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու ֆոնին Էրդողանը հայտարարեց, որ հաջորդ քայլը լինելու է Ալ-Աքսան «ազատագրելը»[5])։
Ընդ որում, խնդիրը կարող է չավարտվել միայն Իսրայելով․ Թուրքիան կարող է Ադրբեջանից պահանջել ճանաչել ինքնահռչակ ՀԿԹՀ-ը, որը Արևելյան Միջերկրականում առկա դիմակայության կիզակետում է և որին համայն աշխարհում ճանաչել է միայն Թուրքիան (ադրբեջանական կողմի պնդմամբ՝ Ադրբեջանն այն չի ճանաչել Արցախյան հիմնախնդրի պատճառով)։ Կամ էլ Թուրքիան կարող է շարունակել աչք փակել այդ ամենի վրա՝ պայմանով, որ Ադրբեջանը շարունակ մեծացնի Թուրքիային իր տնտեսական օգուտները, նորանոր զիջումների գնա տարատեսակ հարցերում։ Այդպիսով Էրդողանի տարածաշրջանային գործողությունները կարող են նոր և տհաճ խնդիրների առջև կանգնեցնել Ադրբեջանը, որի նախագահ Իլհամ Ալիևի համար գնալով ավելի է դժվարանալու դրանց շուրջ Թուրքիային աջակցություն չհայտնելը։ Այս համատեքստում Ի․ Ալիևը հայտնվել է երկու քարի արանքում․ մի կողմից «եղբայրական» Թուրքիան, մյուս կողմից՝ իր համար մեծ կարևորություն ունեցող մի շարք երկրներ։ Նրանց միջև խուսանավելու Ադրբեջանի հնարավորությունները նվազելու են հետագայում։
2. Երկրորդ պատճառն այն է, որ Արևելյան Միջերկրականի դեպքերի շուրջ Ադրբեջանի արած հայտարարություններում մեծ դեր ուներ ՀՀ ԱԳՆ-ի վերոնշյալ հայտարարությունը, որից դժգոհ է ոչ միայն Թուրքիան, այլև՝ Ադրբեջանը՝ չնայած նրան, որ իրականում այդ հայտարարությունը չէր առնչվում վերջինիս։ Ամենևին պատահական չենք համարում, որ ադրբեջանական կողմի հայտարարությունների մեծ մասն ուղղված էր ոչ թե Թուրքիան աջակցելուն, այլ՝ Հայաստանը քննադատելուն։ Ավելին, նման արձագանքի հիմնական պատճառ ենք համարում ոչ թե այն, որ իր հայտարարությունում ՀՀ ԱԳՆ-ը դատապարտեց Թուրքիայի գործողությունները Արևելյան Միջերկրականում, այլ՝ ընդհանրապես այդ թեմայով հայտարարություն անելը։ Բանն այն է, որ ՀՀ ԱԳՆ-ի արձագանքից հետո Ադրբեջանն արդեն հարկադրված էր հանդես գալ «պատասխան» հայտարարությամբ («մեկ ազգ, երկու պետություն»), աջակցություն հայտնել «եղբայրական» Թուրքիայի տարածաշրջանային գործողություններին՝ իր համար դրանից բխող հետևանքներով։
Ստացվում է, որ հետագայում հայկական կողմն Արևելյան Միջերկրական զարգացումների շուրջ որքան հաճախ իր աջակցությունը հայտնի Հունաստանին ու Կիպրոսին, առնվազն նույնքան հաճախ (եթե ոչ ավելի) ադրբեջանական կողմը հարկադրված կլինի իր աջակցությունը հայտնել Թուրքիային և ձեռք բերել նոր խնդիրներ։ Այդպիսով, Հայաստանը հնարավորություն է ստացել դրդել Ադրբեջանին՝ դիմելու անցանկալի գործողությունների և ամեն անգամ ապացուցելու, որ «մեկ ազգ, երկու պետությունը» սոսկ «բլեֆ չէ», որ «Թուրքիայի ցավը դա նաև իր ցավն է»։
Հայկ Գաբրիելյան
2 Dışişleri: Ermenistan'ın Doğu Akdeniz ile ilgili fikir beyan etmesi hadsizlik ve sorumsuzluk örneği, Anadolu Ajansı, 17.08.2020
3 Хикмет Гаджиев: Комментарии МИД Армении в связи с Восточным Средиземноморьем – последняя стадия лицемерия, Азертадж, 17.08.2020
4 МИД Азербайджана: Безосновательные заявления Армении в адрес Турции должны быть решительно осуждены, 1news.az, 19.08.2020
5Turkey vows to 'liberate Al-Aqsa' after turning Hagia Sophia to mosque, The Jerusalem Post, 11․07․2020