2026-ին պաշտպանության ոլորտին կուղղվի կապիտալ ծախսերի 43%-ը։ Այս մասին 2026-ի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նախարարը հայտնել է, որ 2026-ին կապիտալ ծախսերը կկազմեն 704 մլրդ դրամ, իսկ 2027-2028 թվականներին կկազմեն համապատասխանաբար 719 և 803 մլրդ դրամ։
«2026-ին տնտեսական և սոցիալական ոլորտներին ուղղվող կապիտալ ծախսերը 22%-ով կգերազանցեն 25-ին պետական բյուջեով սահմանված կապիտալ ծախսերի մակարդակը։ Այսինքն, մենք առանձնացրել ենք պաշտպանության նախարարության և տնտեսական ենթակառուցվածքներին ուղղվող կապիտալ ծախսերի մակարդակը։ Արդյունքում 26-ի տնտեսական և սոցիալական ոլորտներին ուղղվող կապիտալ ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 3,4%-ը, իսկ 27-28-ին 3,2 և 3,6%-ը։ Սոցիալական պաշտպանության ծախսերը կկազմեն մոտ 993 մլրդ դրամ, իսկ 27-28-ին կկազմեն համապատասխանաբար մեկ տրիլիոն 62 մլրդ և մեկ տրիլիոն 123 մլրդ դրամ։ Դրանք 9,6%-ով կգերազանցեն 25-ի պետական բյուջեով սահմանված սոցիալական պաշտպանության ծախսերը, իսկ 27-28 թվականներին 17,6 և 24%-ով։ Արդյունքում 2026-ին սոցիալական պաշտպանության ծախսերը կկազմեն համախառն ներքին արդյունքի 8,3%ը, պահպանելով 2025-ի մակարդակը, իսկ 27-28-ին կկազմեն համապատասխանաբար 8,2 և 8%»,- հայտնել է նախարարը։