image
Հրատապ լուրեր:

«Սուրբ Կիրակոս» եկեղեցու թաղականությունը դատ է բացել պետության դեմ

«Սուրբ Կիրակոս» եկեղեցու թաղականությունը դատ է բացել պետության դեմ

Ինչպես հայտնել էինք, Թուրքիայի Սուր գավառում պետականացվել են բազմաթիվ եկեղեցիներ, մզկիթներ և հասարակական շինություններ, որոնց մեջ էր նաև Դիարբեքիրի «Սուրբ Կիրակոս» հայկական եկեղեցին։ Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» թերթն այսօր հայտնել է, որ այդ առթիվ  «Սուրբ Կիրակոս» եկեղեցու թաղականությունը դատ է բացել Թուրքիայի վարչապետության և քաղաքաշինության նախարարության դեմ: Պետության դեմ ներկայացված դատական հայցում հայկական կողմի փաստաբանը նշել է, որ Թուրքիայի Նախարարների խորհրդի պետականացման որոշումը հակասում է մի շարք տեղական ու միջազգային օրենքների, ինչպես օրինակ, Մշակութային և Կալվածքների պահպանման օրենքին, ինչպես նաև՝ Լոզանի դաշնագրին, որով ճանաչվում է փոքրամասնություններին պատկանող բոլոր տեսակի բարեգործական, կրոնական և այլ հաստատությունները: 

«Սուրբ Կիրակոս» եկեղեցու պետականացման դեմ հանդես էր եկել նաև Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանը: 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակույթի ժառանգության մեջ ներառված Դիարբեքիրի «Սուրբ Կիրակոս» եկեղեցին Միջին Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին է, ուր ամեն տարի աշխարհի տարբեր երկրներից  հազարավոր ուխտավորներ են այցելում: 2012-ին, տասնամյակների դադարից հետո այնտեղ եկեղեցական արարողություն է անցկացվել: Այն այսօր Դիարբեքիրում կանգուն մնացած միակ հայկական եկեղեցին է, որ վերջին տարիներին զգալի վնասներ է կրել քաղաքում ընթացող զինված բախումների հետևանքով: