Անկարա: Թուրքիայի խորհրդարանում տեղի ունեցած բանավեճի ընթացքում խոսք է գնացել հայոց ցեղասպանության մասին: «Արևելքի» աղբյուրի համաձայն, ՀԺԿ-ի պատգամավոր Սելինա Դողանն ասել է, որ հարցը միայն հայերին կամ թուրքերին չի վերաբերվում, այլ պատկանում է ամբողջ Թուրքիային, ահա ինչու հարցը այլ երկրների խորհրդարանների փոխարեն պետք է լուծել հենց Մեջլիսում: Սելինա Դողանը 1915թ-ի դեպքերի անվանումից ավելի կարևոր է համարել վերաբերմունքը՝ հարցի հանդեպ.
«Հարցը պետք է ազատել ինչ-որ ազգի դեմ վիրավորանքի մակարդակից: Եթե հարցը կարողանանք ավելի մարդկային առումով քննարկել, ապա, ինչպես ասում է մեր խմբակցության փոխնախագահը, նման դեպքում կկարողանանք ապագային նայել ավելի անվտանգ: Հակառակ դեպքում 24 ապրիլների կողքից ենք անցնելու: Իմ կարծիքով մեզանից ոչ մեկը դա չի ուզում»,-ասել է նա, նշելով նաև, որ 2015թ-ին վարչապետը Էրզրումում ելույթ ունենալուց ասել է, որ տեղահանումը մարդկության դեմ հանցանք է:
Պարտադիր զինվորական ծառայության օրենքում փոփոխություն նախատեսող օրինագծի քննարկումների ընթացքում ԺԴԿ Ստամբուլի պատգամավոր Կարո Փայլանը քննադատել է անձնագրերում (ID card) դավանանքային ինքնության նշումը և ազգային պատկանելիության կոդի կիրառումը: Փայլանը հիշեցրել է, որ իր հանդեպ բազմաթիվ անգամ խտրականություն է կիրառվել նշված հանգամանքների պատճառով: Նրա ելույթի ընթացքում օգտագործած «ցեղասպանություն» բառը պատճառ է դարձել վիճաբանության:
«Հարյուր տարի առաջ պետական որոշմամբ հայ ժողովրդի արմատները պոկվել են իրենց պապենական հողերից և բնաջնջվել: Ցեղասպանության ընթացքում իմ ընտանիքն էլ է տուժել: Իմ մեծ հայրը, իր հոր եւ մոր կողմից որբ էր: Իմ ցեղը ջարդվել է»:
Մի շարք պատգամավորներ փորձել են միջամտել Փայլանին, իսկ «Ազգային Շարժում» Կուսակցության Մերսին քաղաքի պատգամավոր Բակի Շիմշեկը, վերցնելով խոսափողը, ասել է. «Գտնվում ենք Թուրքիայի ազգային խորհրդարանում, ոչ մեկը չի կարող ասել թե ցեղասպանություն է տեղի ունեցել, ես չեմ տեսել նման անշնորհքություն»: