image
Հրատապ լուրեր:

«Պիտի հաւատանք Հայոց վաղուայ ապագային» Տ. Վազգէն արք. Միրզախանեան

«Պիտի  հաւատանք  Հայոց վաղուայ ապագային» Տ. Վազգէն  արք. Միրզախանեան

  Մայր   Աթոռ  Սուրբ Էջմիածնի    Եպիսկոպոսաց Դասու անդամներէն՝  Տ. Վազգէն արք. Միրզախանեան   մեր  փափաքով     Ամանորեայ  իր  մաղթանքները յղեց՝  «Արեւելք»ի  ընթերցողներուն, որ կը ներկայացնենք   ստորեւ.

 

«Սիրելի հայրենակիցներ

Ամանորեայ եւ Սուրբ Ծննդեան նախատօնական օրերին, աղօթում եմ, որ Աստուած մխիթարութիւն ու համբերութիւն տայ, գօտեպնդում ու յոյս արցախեան հերոսամարտում զոհուած մեր նահատակների ծնողներին ու հարազատներին, ամոքի ամէնքիս  բեկուած ու խոցուած սրտերը: Խնդրում եմ նաեւ ամենակարող Աստծոյն որ մեր գերեվարուած ու անյայտ կորած զինուորներին ու զաւակներին վերադարձնի տուն, ուրախութիւն ու բերկրանք պարգեւի տառապած ու վշտացած ծնողներին ու բարեկամներին: Մեր պաղատանքն է, որ Աստուած շուտափոյթ ապաքինում պարգեւի ու դարմանի վիրաւոր զինուորների վէրքերը. եւ քաջարի զինուորներին , ովքեր որ պահում են ու պահպանում են  հողն հայրենի  եւ նրա հետ մէկտեղ նաեւ մեր սահմանները Արցախի ոյժ, զօրութիւն ու կորով նրանց ու զօրահրամանատարներին: Թող նոր տարուայ եւ Սուրբ Ծննդեան տօները նորովի իմաստաւորուեն մեր ազգի, հայրենիքի ու եկեղեցու առաքելութեան ու պատմութեան հոլովոյթում: Թող իրենց տները կորցրած մեր զաւակները, ովքեր այս պատերազմում կորցրեցին իրենց տները, շէները, թող գայ մի բարի օր, որ վերականգնուի այդ ամէնը ու մարդիկ վերադառնան իրենց տները: Հայաստան եւ Արցախ աշխարհի վերածնունդը դարձնենք մեր երազանքների ու տեսիլքների առանցքը, նայենք դէպի ապագան, միասնաբար աշխատենք, հերկենք հողը հայրենի, զարկ տանք կրթութեան ու գիտութեանը, դաստիարակենք մեր պատանիներին ու երիտասարդներին հայրենաշունչ ու բարեկիրթ վարքով: Սէրն ու կարեկցանքը, ողորմածութիւնն ու հանդուրժողականութիւնը, ներողամտութիւնն ու համբերատարութիւնը թող դառնան մեր ապրելակերպի ձեւ ու խորհուրդ: Ամանորի եւ Սուրբ Ծննդեան նախատօնական օրերին յիշենք ու մեր խոնարհումը բերենք զոհուած ու նահատակուած որդիների հայրերի, քոյրերի ու մայրերի յիշատակին, յուսադրենք ու քաջալերենք գերեվարուած ու անյայտ կորած ռազմիկների հարազատներին, օգնենք նրանց. օգնենք իրենց հողն ու ջուրը հայրենի եզերքը կորցրած արցախահայութեանը. երախտագիտութեան ու խրախուսանքի խօսքեր ուղղենք Արցախի եւ Հայաստանի սահմանները պահող զինուորների եւ զօրահրամանատարների ընտանիքներին ու հարազատներին: Ու հաւատանք հայոց վաղուայ ապագային, ապրենք այդ ապագայով, կերտենք այդ ապագան յոյսով եւ հաւատով: Համոզուած ենք որ Աստուծոյ ողորմածութեամբ ազգս հայոց ունի դեռեւս  նորանոր տեսիլքների եւ երազանքների իրականացման հնարաւորութիւն եւ իր ուժերին ապաւինած, իր մտքին, իր բազկին, իր իմաստութեանը, պիտի գնայ առաջ: Աստուած օրհնի մեր ժողովրդին աշխարհի բոլոր անկիւններում: Շնորհաւոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ»։