image

Մերժենք Սահակաշվիլի-Վաշաձե խաբեբա-ստահակներին․ Չախալյանը՝ ջավախահայերին խաբելու մասին

Մերժենք Սահակաշվիլի-Վաշաձե խաբեբա-ստահակներին․ Չախալյանը՝ ջավախահայերին խաբելու մասին

Վահագն Չախալյանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ջավախահայությունը մանիպուլիացիայի և ապատեղեկատվության զոհ է դարձել։

«Ջավախահայությունը լուրջ մանիպուլիացիայի և ապատեղեկատվության զոհ է դարձել։ Բնակիչների մեծամասնությանն ապակողմնորոշել և ցինիկաբար խաբել են, քաղաքացիներից շատերը գիտեն, թե ընտրություն են կատարում Մկոյանների և Ռայիսյանների միջև, այնինչ… Սիրելի ջավախահայեր ՄԵՆՔ ընտրություն ենք կատարում 48 համարի և 5 համարի միջև, ՄԵՆՔ ընտրություն ենք կատարում Սալոմե Զուրաբիշվիլու և Գրիգոլի Վաշաձեի միջև, ՄԵՆՔ ընտրություն ենք կատարում ժողովրդավարության և ավտորիտարիզմի միջև, ՄԵՆՔ ընտրություն ենք կատարում Ապագայի և անցյալի միջև, ՄԵՆՔ ընտրություն ենք կատարում Հայապահպանության և Հայաթափման միջև, ՄԵՆՔ ընտրություն ենք կատարում Քրիստոնեության և վերջնականապես թուրքացման միջև, ՄԵՆՔ ընտրություն ենք կատարում մեր եղբայրներից բռնի խլված Վրաստանի քաղաքացիությունը հետ վերադարձնելու հնարավորության և մեր ունեցած քաղաքացիությունը հնարավոր բռնի խլման միջև, ՄԵՆՔ ընտրություն ենք կատարում կայունության և ապակայունության միջև, ՄԵՆՔ ընտրություն ենք կատարում հանդուրժողականության և անհանդուրժողականության միջև, ՄԵՆՔ ընտրություն ենք կատարում օրինականության և իշխանական դիրքի չարաշահման միջև, ՄԵՆՔ ընտրություն ենք կատարում սիրո, համերաշխության և խտրականության միջև, ՄԵՆՔ ընտրություն ենք կատարում Ազատության և բանտի միջև, ՄԵՆՔ ընտրություն ենք կատարում հանգստության և հալածանքի միջև, ՄԵՆՔ ընտրություն ենք կատարում մեր լեռնային գյուղերը շրջկենտրոն կապող ճանապարհների և հայության հանդեպ թշնաբար տրամադրված երկրները իրար կապող ճանապարհների միջև, ՄԵՆՔ ընտրություն ենք կատարում լույսի և խավարի միջև…

Սիրելինե՛րս, գիտեմ, որ շատ դժվար է մեզ, չունենք աշխատատեղեր, չունենք լավ կրթություն, սակայն, ընտրելով Սահակաշվիլի-Վաշաձեյին, մենք ունեցածն էլ ենք կորցնելու, հավատացեք, Սահակաշվիլին իր տված խոստումների 1%-ն էլ իվիճակի չէ իրականացնելու, նա և նրա թիմակիցները ցինիկաբար և առանց ամոթի խաբում են մեզ բոլորիս, ինչպես խաբում էին իրենց իշխանությունում եղած 10 տարիների ընթացքում, միթե մեր մեջ հարց չի ծագում, եթե Սահակաշվիլին ի վիճակի էր այս ամենն անելու, ապա ինչո՞ւ իր իշխանության եղած 10 տարիների ընթացքում, այս ամենի 1-% -ն անգամ չկատարեց, այլև քանդեց մեր միասնությունը, հալածեց մեր լավագույն զավակներին, շատերին ստիպեց բռնել տարագրության և օտարության ճանապարը, Հայոց դպրոցներից վերացրեց հայ ժողովրդի պատմությունը, թուլացրեց հայոց լեզուն ու գրականությունը, թվելիքս շատ է, բայց այսքանով կբավարարվեմ:

Սիրելինե՛րս, դեռևս նոր-նոր են ապաքինվում մեր այն վերքերը, որոնք ստացանք Սահակաշվիլու բռնապետական, հանցավոր ռեժիմի իշխանության տարիներին և իրավունք չունենք կրկին խաբվելու, իրավունք չունենք հերթական անգամ հարվածի տակ դնելու մեր պապերի գերեզմանները, մեր երեխաների ապագան, մեր ծննդավայրն ու հայրենի Վրաստանը…

Սիրելի՛ ջավախահայեր, ինչքան էլ մեծ լինեն Սահակաշվիլի-Վաշաձեի տված խոստումները, ինչքան էլ մեծ լինի նրանց կողմից բաժանվող ընտրակաշառքը, կոչ եմ անում Ձեզ նոյեմբերի 28-ին համախմբվենք ու միասնաբար մերժենք 5 համարին, միասնաբար մերժենք Սահակաշվիլի-Վաշաձե խաբեբա-ստահակներին, միասնաբար մերժենք ավտորիտարիզմին, մերժենք հայաթափությանը, մերժենք թուրքացմանը, միասնաբար մերժենք անհանդուրժողականությանը, մերժենք խտրականությանը, մերժենք իշխանական դիրքի չարաշահմանը, մերժենք ապակայունացմանը, մերժենք բանտին, մերժենք քաղաքական հալածանքներին, միասնաբար մերժենք խավարը:

Սիրելի՛ ջավախահայեր մենք ուժեղ ենք և հպարտ , կոչ եմ անոմ նոյեմբերի 28-ին համախմբվել, մեր ուժն ու հպարտությունը ցույց տալու ամբողջ աշխարհին…

Հարգանքներով՝ Վահագն Չախալյան»,-ասված է հայտարարության մեջ