Ինչպես հաղորդել ենք, երեկ առավոտյան Ստամբուլում հարձակում է տեղի ունեցել հայտնի հայ բժիշկ, պրոֆեսոր Հակոբ Կոթողյանի առանձնատան վրա: Հարձակման արդյունքում կողոպտվել է բժշկի տունը: Հանցագործները հափշտակել են 1,5 միլիոն թուրքական լիրա (540,000 ԱՄՆ դոլար)՝ բռնության ենթարկելով Հակոբ Կոթողյանի կնոջը, որը ստիպված հայտնել է չհրկիզվող պահարանի կոդը:
«Արևելքը» կապ հաստատեց Ստամբուլում գտնվող Հակոբ Կոթողյանի գրասենյակի հետ, որտեղ այս պահին գտնվում են նրա ընկերները: Կոթողյանի բժիշկ ընկերներից մեկը հայտնեց, որ բժիշկը ծանր հոգեկան վիճակում է և ոչինչ չի կարող ասել դեպքի մասին: Ընկերները նշեցին նաև, որ բժշկի առանձնատունն ու անձնական հիմունքներով գործող աշխատասենյակը շրջապատված են ոստիկանական ուժերով, որոնք հետաքննություն են սկսել: Հակոբ Կոթողյանի կինը՝ Սյուզան Կոթողյանը, վնասվածքներով գտնվում է հիվանդանոցում:
Պոլսահայ լրագրող, Հակոբ Կոթողյանի մտերիմներից Րաֆֆի Հերմոն Արաքսը «Արևելքին» հայտնեց, որ Կոթողյանը ոչ միայն հայկական շրջանակներում է հայտնի, այլ նա նաև Թուրքիայի ամենահայտնի մաշկաբան-վիրաբույժներից մեկն է, որի մոտ այցելուներ են գալիս Հունաստանից, եվրոպական այլ երկրներից: Չնայած տարիքի առումով Հակոբ Կոթողյանն այլևս չի աշխատում պետական կառույցում (այժմ արդեն 77-ամյա բժիշկը երկար տարիներ աշխատել է Ստամբուլի Ջերահ փաշա հիվանդանոցում), բայց շարունակում է իր սեփական գրասենյակում բժշկական ծառայություններ մատուցել այցելուներին: Րաֆֆի Հերմոն Արաքսը, հայտնեց, որ Հակոբ Կոթողյանը բժշկության բարձր աստիճանների է հասել ինքնուրույն՝ սերելով աղքատ ընտանիքից: Երիտասարդ տարիներին տարբեր աշխատանքներ է կատարել, ինչպես օրինակ, ատաղձագործություն. հենց այդ ժամանակ էլ նա կորցրել է իր աջ ձեռքը: «Նրան Թուրքիայում բոլորը գիտեն իբրև «Կուլսուզ Հակոբ», որը թարգմանաբար նշանակում է «Անթև Հակոբ»: Բայց դա մականուն չէ, այլ առանձնակի հմայք է հաղորդում բժշկին, որը մեկ թևով հրաշագործություններ է կատարում, ոչ միայն բժշկում է, այլև կատարում է վիրահատություններ, մաշկային աննախադեպ միջամտություններ»,-նշեց մեր զրուցակիցը:
Ըստ Րաֆֆի Հերմոն Արաքսի, ծերերի հանդեպ վերջին շրջանում տեղի ունեցող բռնությունները և կողոպուտները՝ նրանց տներից, Թուրքիայի ընդհանուր լարված մթնոլորտի արդյունքն են, ինչից օգտվում են հանցագործները: Ըստ պոլսահայ լրագրողի, դրանց թիվը շատ է, և միայն որոշ դեպքեր են հայտնվում մամուլի ուշադրության կենտրոնում: «Հնարավոր է, որ այս կողոպուտը բացահայտվի: Թեկուզ ոչ շատ արագ, բայց ինձ թվում է՝ կբացահայտվի, ի վերջո նա Ստամբուլի ամենահայտնի մարդկանցից մեկն է, որի շնորհիվ Թուրքիայի մաշկային բժշկության համբավը տարածվել է երկրից դուրս: Նրան ասում են «վարպետաց վարպետ»: Նրա անձի և գույքի հանդեպ, կարծում եմ՝ հատուկ հսկողություն էր պետք, ինչը չկար, բժիշկը պարզ կյանքով էր ապրում, ինչի արդյունքում էլ տեղի ունեցավ այս դեպքը»,-նշեց մեր զրուցակիցը, ավելացնելով, որ աղքատ հիվանդներին Կոթողյանը սովորաբար ընդունում էր անվճար:
Բժիշկ Հակոբ Կոթողյանի առանձնատունը գտնվում է Բոսֆորի ափին՝ Էմիրգան թաղամասում, որը հայտնի է իր գեղատեսիլ պուրակներով և առանձնատներով: