Արման Չիրիշյանը Սիրիայից ընտանիքով Հայաստանում հաստատվել է 2012 թվականի սեպտեմբերի իննին: Նա ինչպես Սիրիայում, այնպես էլ Հայաստանում զբաղվում է արծաթի արտադրությամբ, վաճառքով, իսկ կինը պատրաստում է հրուշակեղեն, տորթեր և վաճառում խանութներում: «Սկզբում խնդիրը աշխատանքն էր, չէի կարողանում աշխատանք գտնել, իսկ հետո որոշեցի վերնիսաժում գործ հիմնել: Ես բախտավոր եմ, որ իմ աշխատանքը այստեղ ընդունված է»,-ասաց նա և նշեց, որ եկամտաբերությունը Սիրիայում և Հայաստանում արծաթի գործի առումով նույնն է:
Արման Չիրիշյանը սիրիահայերի, այդ թվում նաև իր, հիմնական խնդիրը համարեց տան հարցը: «Սիրիայում բոլորս տուն ունեինք, իսկ այստեղ վարձով ենք ապրում, բայց կարծում ենք, որ ընթացքում այդ հարցն էլ կկարգավորվի»,-ասաց նա:
Արման Չիրիշյանն ասաց, իր կարողության չափով Հայաստանը աջակցություն է ցուցաբերել: «Անվճար ցուցադրություններ են կազմակերպվել, ինչը հնարավորություն է տվել շատ մարդկանց հետ ծանոթանալ, հաճախորդներ ձեռք բերել, բայց հասկանում ենք, որ պետությունը հնարավորություն չունի տուն հատկացնի: Ամեն մարդ կցանկանա տան տեր դառնա, բայց դա ինչպե՞ս կարող է լուծվել»,-ասաց նա և նշեց, որ անձը ինքը պետք է կարողանա զարգացնել իր աշխատանքը:
Նա նկատեց, որ հատկապես սկզբնական շրջանում, երբ Հայաստանում հաստատվել են, նրանց գրեթե բոլորը հոգատար էին վերաբերում` իմանալով, որ Սիրիայից են եկել, իսկ հիմա արդեն սովորական են վերաբերվում:
Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի ներկայիս իշխանություններից, նա ասաց.«Հին իշխանություններից ընդհանրապես հույս չկար, մասամբ հուսահատ վիճակ էր, բայց հիմա կուզենք, որ մեր երազածի, ենթադրածի գոնե հիսուն տոկոսը իրականություն դառնա: Սիրիահայերի խնդիրները լայն են և չորս հինգ ամսվա ընթացքում հնարավոր չէ, որ բոլոր հարցերը լուծվի: Դրա համար չեմ կարող ասել, որ այս իշխանությունները ինչ-որ հարցերում թերացել կամ չեն թերացել, շատ հարցեր կան, որոնք դեռ պետք է շտկվեն»: Նա նշեց, որ սիրիահայերը ունեն այն նույն խնդիրները, որոնք վերաբերում են բոլորին:
«Ես օրինակ վաճառքի տեղ ունեմ, բայց շատ մարդիկ կան, որ տան մեջ են աշխատում, իրենք ցուցահանդեսի, հաճախորդներ ունենալու անհրաժեշտություն ունեն, իրենց հիմնական խնդիրը վաճառքի տեղ ունենալն է, կամ ցուցադրության տեղ ունենալն է»,-ասաց նա:
Արման Չիրիշյանը նկատեց, որ շատ սիրիահայեր են եղել, ովքեր չեն կարողացել գտնել աշխատանք և հեռացել են Հայաստանից: «Շատ մարդիկ էլ կային, որ իրենց համար Եվրոպա գնալը նպատակ էր, շատ մարդիկ էլ կային, որ ինքը գործեր են հիմնել, կիսատ թողել գնացել են Եվրոպա և Կանադա»,-ասաց նա:
Նա նշեց, որ անձամբ ինքը Հայաստանից հեռանալու ցանկություն երբևէ չի ունեցել, թեև նման հնարավորություն ունեցել է: «Անձամբ ես համոզված չեմ, ոչ Եվրոպայի կյանքի, և ոչ էլ Կանադայի կլիմայի հարցում, ինձ համար ավելի է լավ իմ հայրենիքի մեջ ապրել, քան օտար երկրներ գնալ»,-ասաց նա: