Լիբանանի նորընտիր կառավարության երկու հայ նախարարներից մեկը՝ Զբոսաշրջության նախարար, ՀՅԴ ներկայացուցիչ Ավետիս Կիտանյանը հույս է հայտնել, որ նախագահ Միշել Աունի նախագահության մենարկի հետ կազմված նոր կառավարությունը թեթևացնելու է երկրի ու նրա քաղաքացիների բեռը: Նորընտիր նախարարն այդ մասին հայտնել է լիբանանյան «Ալ-Դիար» թերթին, ասելով. «Եթե առանցքային հարցերի վերաբերյալ չկարողանանք ինչ-որ բան տալ քաղաքացուն, մեր մասնակցությունը անիմաստ է լինելու»: ՀՅԴ անդամ նախարարը վստահեցրել է, որ ինքը նվիրվելու է քաղաքացիներին ծառայելուն, ընդգծելով, որ նախարարությունը միջոց պետք է դառնա՝ ծառայելու բոլորին անխտիր, անկախ դավանանքային տարբերակումներից: «Դաշնակցությունը ժողովրդից է և ժողովրդի համար, և ես այս սկզբունքով պիտի աշխատեմ»,-ասել է նա: Զբոսաշրջության հայ նախարարը նշել է նաև, որ ինքը հայկական համայնքի հասարակ խավի ներկայցուցիչ է և հույսեր ունի, որ կարդարացնի իրեն վստահված գործը, ավելացնելով, որ ներկա կառավարության համար ամենակարևոր նպատակը օրենքներ սահմանելն է:
Նշենք, որ Լիբանանի նորընտիր կառավարության կազմում ընդգրկված մյուս հայ նախարարը Ժան Օղասափյանն է. նա Կանանց հարցերի պետական նախարար է: