image

«Չեմ կարծում, որ Ղարաբաղի իշխանութիւնները Հայաստանի գործերին միջամտելու հնարաւորութիւն ունեն» Նիկոլ Փաշինեան

«Չեմ կարծում, որ Ղարաբաղի իշխանութիւնները Հայաստանի գործերին միջամտելու հնարաւորութիւն ունեն»  Նիկոլ Փաշինեան

Նիկոլ Փաշինեանը չի կարծեր, «թէ Ղարաբաղի իշխանութիւնները Հայաստանի գործերին միջամտելու հնարաւորութիւն ընդհանրապէս ունեն»: Այդ մասին վարչապետը յայտարարած է ասուլիսի ժամանակ, պատասխանելով «Ազատութեան» հարցին, թէ չի կարծե՞ր արդեօք, որ Ստեփանակերտը կը միջամտէ Հայաստանի ներքին գործերուն՝ «օրինակ՝ երբ ասւում է, որ եթէ Ռոպերթ Քոչարեանը ազատութեան մէջ լինի, միասնականութեան ուղերձ է յղուելու միջազգային հանրութեանը, հակառակորդին, մեր ժողովրդին»:

«Եւ ընդհանրապէս՝ չկայ որեւէ ուժ էսօր Երկիր մոլորակի վրայ, որ կարողանայ Հայաստանի գործերին միջամտել, որովետեւ Հայաստանը ինքնիշխան պետութիւն է, եւ Հայաստանի Հանրապետութիւնում սեփական ժողովրդի վստահութեան քուէն ունեցող իշխանութիւն է: Չկայ ընդհանրապէս էդպիսի ուժ, չի կարող լինել էդպիսի բան», - վստահեցուցած է Փաշինեանը:

Ազգային միասնութեան մասին վարչապետը յայտարարած է․ - «Ես ասում եմ՝ քանի դեռ Սերժ Սարգսեանը չի պատասխանել էն հարցին, թէ ոնց է, որ մեր զինուորը պատշաճ ուտելիք չի ունեցել, իսկ իր ընտանիքի անդամները միլիոնատէր են եղել, ես իր հետ միասնական չեմ կարող լինել: Չեմ կարող եւ իմ մտքով չի անցնում: Որովհետեւ բաներ կան՝ ես չեմ կարող ներել ընդհանրապէս, բաներ կան՝ ես հիմա չեմ կարող բարձրաձայնել, բայց չեմ էլ կարող ներել»:

«Էն պետական պաշտօնեան, որ իր պաշտօնավարման արդիւնքում իր ընտանիքի անդամները դարձել են միլիոնատէր, ես իրենց հետ միասնական լինել չեմ կարող: Որովհետեւ եթէ ես իրենց հետ միասնական լինեմ, ես, նշանակում է, ընդունում եմ նաեւ իմ իրաւունքը, որ ես իրաւունք ունեմ՝ իմ ընտանիքի անդամները կարող են հիմա պիզնես ծաւալել եւ միլիոնատէր դառնալ: Ոչ, դա յանցագործութիւն է: Եթէ նոյնիսկ էսօրուայ Քրէական օրէնսգրքով դա երբեմն դժուար է ձեւակերպել, անցումային արդարադատութեան տրամաբանութեամբ մենք պէտք է սա ձեւակերպենք», - ըսած է Փաշինեանը՝ շարունակելով․ - «Եւ էդտեղ ի՞նչ միասնականութեան մասին է խօսքը: Էսօր հայ ժողովուրդը միասնական է, քան երբեւէ: Եթէ էդ միասնականութիւնից 4 հոգի պակաս կայ` միասնականութիւն մինուս (նուազ) 4, կամ 40 հոգի, կամ 100 հոգի, էդ իրենց խնդիրն է: Մինչեւ իրենք ժողովրդից թալանածը չեն վերադարձրել, իրենք չեն կարող՝ ի՞նչ միասնական: Թալանուողը թալանողի հետ ի՞նչ միասնական: Չկայ տենց միասնականութիւն, չի լինելու տենց միասնականութիւն, բացառուած է տենց միասնականութիւն»:

Ասուլիսի ժամանակ «Ազատութեան» մէկ այլ հարցի՝ «Իսկ որքա՞ն թալանուած փող եւ գոյք է այս ընթացքում վերադարձուել պետութեանը եւ ումի՞ց է վերադարձուել», վարչապետը արձագանգած է․ - «Ես 32 միլիառ դրամի մասին յիշատակեցի, եւ էստեղ հաշուառման որոշակի խնդիրներ կան: Օրինակ, կարծում եմ՝ մամուլում գրուել է, որ Սերժ Սարգսեանի եղբօր դրամական միջոցները այլ միջոցներով օգտագործուել են պետական ծրագիր իրականացնելու համար, եւ էդ գործընթացում իրականում, մի քանի անգամ եմ ասել, կան բարդութիւններ, որովհետեւ որոշակի ընթացակարգեր կան, քննչական մարմինների հնարաւորութեան սահմանափակումներ կան: Ասենք՝ 250 հազար դրամ ստացող քննիչի վարոյթում, օրինակ, կարող է լինել 40 քրէական գործ, որոնք կապուած են, ենթադրենք, 30 միլիառ դրամի հետ, եւ ինքը պէտք ա էդ գործը քննի․․․ եւ բոլորը բողոքում են, որ էդ գործերը պատշաճ չեն քննւում»:

«Ենթադրաբար կարող են լինել որոշակի կողմնակի ազդեցութիւններ, եւ այլն, եւ այլն, եւ ես էդ առումով հնչող մտահոգութիւնները կիսում եմ, բայց ես էդ մտահոգութիւնները կիսելով նաեւ ասում եմ, որ եկէք արձանագրեք մի բան, որ չի կարող լինել ստուերային համաձայնութիւններ, ինչ-որ քուլիսային համաձայնութիւններ, անսկզբունք համաձայնութիւններ, էն պայմանով, որ մենք առաջադրել ենք սկզբունքը՝ որ մեր խնդիրը մարդկանց բանտերը լցնելը չի, մեր խնդիրը ժողովրդից թալանուածը վերադարձնելն է: Բոլոր էն դէպքերում, երբ որ հնարաւոր կը լինի դա անել առանց մարդկանց բանտերը լցնելու, մենք կը նախընտրենք դա անել առանց մարդկանց բանտերը լցնելու: Սա նաեւ, կարծում եմ, մեր երկրի իմիճի հետ կապուող կարեւոր ցուցանիշ է», - շեշտած է Նիկոլ Փաշինեանը՝ շարունակելով․ - «Բայց, էլի եմ ասում, բացառուած է, որ որեւէ բան մոռացուի եւ որեւէ բան չքննուի»: