Զոհված Նարեկ սարկավագին նվիրված հուշ-երեկո՝ Երուսաղեմում

Զոհված Նարեկ սարկավագին նվիրված հուշ-երեկո՝ Երուսաղեմում

2020 թվականին հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ զոհված  Նարեկ սարկավագ Պետրոսյանին նվիրված հուշ-երեկո  է անցկացվել Երուսաղեմում, տեղեկանում ենք Երուսաղեմի պատրիարքարանից: Միջոցառման ընթացքում ոգեկոչվել է գնդերեցի, Հայաստանի զինված ուժերի հոգեւոր առաջնորդության սպասավորի անցած ուղին, խոսվել հայ եկեղեցուն եւ հայրենիքին նրա ծառայության մասին: 

 

Նարեկ սարկավագ Պետրոսյանը ծնվել է 1988 թվականի մարտի 26-ին՝  Ստեփանակերտում։ 1994-2004 թվականներին սովորել է Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում։ 2004 թվականին ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր Ճեմարան։ 2008 թվականի դեկտեմբերի 25-ին՝ Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնին, Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի ձեռամբ ձեռնադրվել է սարկավագ։ Գեւորգյան Հոգեւոր ճեմարանը ավարտելուց հետո աշխատել է Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնում, ծառայել բանակում, ապա նշանակվել Հայաստանի զինված ուժերի հոգեւոր առաջնորդության քարտուղար։ Նարեկ սակավագն ամուսնացած էր, կինը Մարիամ Բզնունին է, դուստրը՝ Մարիամ-Աշխեն Պետրոսյանը։

 

 

44-օրյա պատերազմում զոհված գնդերեցը հասցրել էր կազմել «Ուխտավորի ուղեցույց», որը լույս է տեսել նրա մահից հետո: 

Հուղարկավորված է Եռաբլուր պանթեոնում: 

ՀՀ Նախագահի հրամանագրով Նարեկ սարկավագը հետմահու պարգեւատրվել է պետական պարգեւով՝ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: