 
                    Տեղեկացայ, որ համացանցով կը տարածուին անպատշաճ բովանդակութեամբ ինչ-որ տեսանիւթեր, ատոնք փորձելով կապել իմ եւ ընտանիքիս հետ։ Ատոր զուգահեռ ալ, իրեն լրատուամիջոց համարող զրպարտչամիջոց մը երկնած է, իբրեւ թէ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հրաժարական ներկայացնելու պահանջ ներկայացուցած եմ։ Այս մասին գրած է Արշակ Սրբազանը։
«Իշխող քաղաքական ուժի տխրահռչակ ղեկավարի օգտագործած բառապաշարի ու նախասիրութիւնների համատեքստում՝ շատ բնական եմ համարում, որ իրեն սպասարկող լրատուամիջոցները այլ ընտրութիւն չունեն, քան տարածելու «Երկրի հակառակ կողմը» վերնագրուած պղծապատումին չզիջող այլասերութիւններ ու զրպարտութիւններ: Մարդկանցից շատեր ինձ խորհուրդ էին տալիս արագ արձագանգել եւ հերքել: Ցանկանում եմ արձանագրել, որ ուժերի գերլարումով իսկ, լուրջ դէմքով չեմ կարող լծուել յօրինուածքների ու զրպարտութիւնների հերքմանը։ Խելամիտ եմ համարում արհամարհել:
Հետեւաբար՝ շահագրգիռ անձանց հրապարակաւ «յղում եմ» իմ արհամարանքն ու քմծիծաղը: Առաջարկում եմ այդ տեսագրութիւնները տեղադրել նաեւ «Հայկական Ժամանակ» օրաթերթում, ինչպէս և քպ-ի սեռաբորբոք ներկայացուցիչների էջերի պատերին, որպէս իրենց նախասիրութիւնների ցայտուն վկայութիւն։ Ուղղակի զաւեշտական է, թէ երկրի շուրջ ծաւալող վտանգաւոր զարգացումների, հասարակութեան պառակտման, մոլեգնող յանցաւորութեան եւ նմանօրինակ ծանր մարտահրաւէրների պայմաններում ինչպիսի խեղկատակութիւններով է զբաղուած իշխող քաղաքական ուժի քարոզչամեքենան, անշուշտ, հետեւելով գործադիր իշխանութեան ղեկավարի հակաօրինական ուղորդումներին, այդ թւում եւ՝ հրապարակային։
Եկեղեցին տկարացնելու, եկեղեցականներին վարկաբեկելու, հանրութեանը պառակտելու, մարդկանց ահաբեկելու իշխանութեան յայտնի գործելաոճը, համոզուած եմ, որեւէ արդիւնք չի ունենալու։ Խնայէք Ձեր էներգիան, պարոնայք եւ տիկնայք, այն ձեզ պէտք է լինելու պատասխանատւութեան ժամին, երբ ամբողջապէս կը բացայայտուեն «ձեր երեսների հակառակ կողմերը»»։