Թուֆէնկեան բարեգործական հիմնադրամի եւ Code 3 Angels կազմակերպութեան համատեղ ջանքերով Մարտունի քաղաքում եւ շրջանի համայնքներում մեկնարկել են առաջին բուժօգնութեան քառօրեայ դասընթացները: Դասընթացների մեկնարկը տրուել է Ապրիլի 29–ին` Մարտունի քաղաքում, թեման «արիւնահոսութիւննէ էր: Մասնակցում էին ուսուցիչներ, զինղեկներ, փրկարար ծառայութեան, ոստիկանութեան ծառայակիցներ, բուժաշխատողներ, համայնքապետարանի աշխատողներ:
Ներկայ էին շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Վադիմ Դանիէլեանը, Թուֆէնկեան բարեգործական հիմնադրամի շինարարական ծրագրերի պատասխանատու Էդգար Դանիէլեանը:
Դասընթացը վարեց Code 3 Angels կազմակերպութեան հիմնադիր տնօրէն Ճօ Գրիգորեանը: Նրա խօսքով` Ամերիկայում շատ յաճախ են նմանատիպ դասընթացնէր կազմակերպում. «Stop the bleed ծրագիր ունենք Ամերիկայում, որի շրջանակում կազմակերպում ենք տարբեր դասընթացնէր: Այս դասընթացների միջոցով փորձում ենք անհրաժեշտ գիտելիքներ փոխանցել մարդկանց, որպէսզի կարողանան ցանկացած իրավիճակում առաջին բուժօգնութիւն ցուցաբերել տուժածին, մինչեւ շտապ օգնութեան հասնելը: Որոշեցինք մեր փորձն ու գիտելիքները փոխանցել նաեւ Արցախի մեր հայրենակիցներին: Դասընթացները շատ կարեւոր են աշակերտների, ինչպէս նաեւ ցանկացած մասնագիտութեան տէր մարդկանց համար: Խնայելով ժամանակը` կը կարողանան ժամանակին ու ճիշտ կողմնորոշուելու արդիւնքում փրկել կեանքեր», նշեց Ճ. Գրիգորեանը:


Կարեւորելով նման դասընթացների անհրաժեշտութիւնը, մեզ հետ ունեցած զրոյցի ընթացքում Թուֆէնկեան բարեգործական հիմնադրամի տնօրէն Գրիգոր Պետէանը մասնաւորապէս նշեց. «Այս ուսուցումը կարեւոր է, քանի որ գիւղական համայնքներում տրաւմատիկ վնասուածքները շատ յաճախ են լինում` գիւղտեխնիկայի հետ աշխատելու, խոշոր կենդանինէր պահելու ժամանակ, կամ վթարների պատճառով: Հաշուի առնելով, որ ամենամօտ հիւանդանոցները գտնւում են գիւղերից բաւականին հեռու, գիտելիքը կարող է բառացիօրէն կեանքեր փրկել նման կրիտիկական իրավիճակներում»:
«Տղաները հայրենիքում նմանատիպ դասընթացներ կազմակերպելու մեծ փորձ ունեն, այդ իսկ պատճառով Թուֆէնկեան բարեգործական հիմնադրամի համար մեծ պատիւ է համագործակցել նրանց հետ, հովանաւորել այս ծրագիրը` թէ՛ ֆինանսապէս, թէ՛ կազմակերպչական առումով», նշեց Թուֆէնկեան բարեգործական հիմնադրամի հանրային կապերի տնօրէն Ռուբէն Ճանպազեանը:
Դասընթացի ընթացքում մասնակիցներն ամրապնդեցին իրենց գիտելիքները, ստացան նոր, շատ կարեւոր ու անհրաժեշտ գիտելիքներ: Վերջում մասնակիցները Code 3 Angels կազմակերպութեան կողմից Stop the bleed դասընթացին մասնակցելու համար ստացան վկայագրեր եւ առաջին բուժօգնութեան համար նախատեսուած անհրաժեշտ պարագաներով փոքրիկ պայուսակներ:
Դասընթացները կը շարունակուեն` Ապրիլի 30–ին` Բերդաշէն, Մայիսի 2–ին` Կարմիր Շուկայ, Մայիսի 3-ին` Սօս համայնքներում: