Մասյացոտնի Թեմի Առաջնորդ Տ. Գեվորգ եպս. Սարոյեան կը գրէ՝
Սիրելի հայորդիներ,
Ջերմորեն շնորհավորում ենք ամենքիդ Ամանորի և մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության գալիք տոների առիթով:
Սուրբ Ծննդյան Ավետիսով բացվող այս օրերին աղոթում ենք առ Բարձրյալն Աստված, որ 2023 թվականը համայն հայության, և մանավանդ՝ Արցախի մեր ժողովրդի համար լինի դժվարությունների ու փորձությունների շուտափույթ հաղթահարման, խաղաղության ու ազատ կյանքի հաստատման տարի։ Թող Տերը բուժի մեր ժողովրդի բոլոր վերքերը, ամոքի վշտացյալ հոգիները և մխիթարություն ու աներկբա հավատ շնորհի ամենքիս։
Սրտագին մեր մաղթանքն է, որ Մարդացյալ Աստվածորդին իր շնորհներն առատորեն հեղի բոլոր հայ ընտանիքներից ներս, իր Սուրբ Աջի հովանու ներքո պահի հայրենյաց սահմանները հսկող քաջարի մեր զինվորներին և օրհնի բարեպաշտ մեր ժողովրդին՝ այսօր և հավիտյան։
Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ,
Ձեզ եւ Մեզ մեծ աւետիս: