image

Ստեփանակերտի մէջ քանդած են մարշալ Բաղրամեանի յուշարձանը

Ստեփանակերտի մէջ քանդած են  մարշալ Բաղրամեանի յուշարձանը

Մինչ ատրպէյճանական զօրքերը երթով կը քալէին Մոսկուայի Կարմիր հրապարակին վրայ, եւ Հայաստանի վարչապետն ու Ռուսիոյ նախագահը կը դիտէին ամպիոնէն, Ստեփանակերտի մէջ քանդեցին մարշալ Բաղրամեանի յուշարձանը, մինչեւ արմատը՝ առանց հետք թողելու։ Մինչ այդ անոնք պղծած էին արձանը՝ կտրելով քիթը եւ ոչնչացնելով հայերէն արձանագրութիւնները։

Այս մասին դիմատետրեան իր էջին գրած է «Արցախի մշակոյթի եւ զբօսաշրջութեան զարգացման գործակալութիւն» Հասարակական կազմակերպութեան նախագահ Սերգէյ Շահվերդեան։

«Այն Ստեփանակերտում մնացած վերջին քանդակագործական յուշարձանն էր մինչեւ 2025 թուականի մայիսի 9-ը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի աւարտի 80-ամեակը։ Մինչ Հայաստանում Ռուսաստանի դեսպանը զայրացած է եւ կատաղած՝ իր արդարացի զայրոյթով յիշատակելով Բաղրամեանի անունը, իսկ Մարիա Զախարովան փորձում է արդարացնել Ալիեւի բացակայութիւնը Յաղթանակի շքերթից, ադրբեջանական օկուպացիոն (բռնագրաւող) վարչակազմը քանդում է խորհրդային դարաշրջանի ականաւոր ռազմական գործիչներից մէկի յուշարձանը։ Մենք սպասում ենք Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանի զայրացած բաց նամակին»,- գրած է ան։