Հայկական սփյուռքի հարցախույզի չորրորդ փուլը մայիս 6-ին:
Հայկական սփյուռքի հարցախույզը այս գարնանը կիրականացվի Միացեալ Նահանգների (հատկապես Նիւ Եորք/Նիւ Ճրզի, Միչիգան, Լոս Անջելես) եւ Կանադայի Օնտարիո նահանգի հայկական համայնքներում:
Հայկական սփյուռքի հարցախույզը (ՀՍՀ) Գալուստ Կիւլպէնկեան hիմնարկութեան նախաձեռնությունն է, որը գործում է Լոնդոնի հայկական ինստիտուտի հովանու ներքո, մի խումբ մասնագետների և հետազոտողների առաջնորդությամբ:
Հետազոտությունը արժեքավոր պատկերացում է տալիս սփյուռքի հասարակական կարծիքի և բազմաթիվ հարցերի շուրջ մարդկանց մտքերի վերաբերյալ: Այն փաստահեն գիտելիք է տրամադրում հանրությանը և օգտակար տվյալներ՝ համայնքների անդամներին ու առաջնորդներին, ի թիվս այլոց, ինչը թույլ է տալիս ավելի լավ հասկանալ ու վերլուծել համայնքները՝ մանաւանդ ծրագրերի ու նախագծերի մշակման համար։
Ինչպես բացատրում է ՀՍՀ տնօրեն և Օքսֆորդի համալսարանի դասախոս դոկտոր Հրաչ Չիլինգիրյանը․ «Հետազոտության ընթացքում հարցվողներից փորձում ենք իմանալ նրանց տեսակետներն ու կարծիքը ինքնության, ինչպես նաև պատկանելության այլ խնդիրների վերաբերյալ` որպես հայեր և որպես տարբեր երկրների քաղաքացիներ: Այլ թեմաների թվում են լեզուն և մշակույթը, եկեղեցին և կրոնը, համայնքային ներգրավվածությունը, և Հայաստանի հետ հարաբերությունները»:
Միացեալ Նահագներում եւ Օնտարիո (Կանադա) բնակվող ցանկացած հայ, որի 18 տարեկանը լրացել է, կարող է մայիս 6-ից առցանց լրացնել հարցաթերթիկը՝ այցելելով www.armeniandiasporasurvey.com: Նրանց համար, ովքեր ցանկանում են առձեռն լրացնել, հասանելի կլինեն տպագիր հարցաթերթիկներ:
ՀՍՀ-ը մեկնարկել է 2018-ին, նախնական հետազոտություն կատարելով չորս համայնքում ՝ Բոստոն, Կահիրե, Մարսել և Փասադենա: Հաջողության հասնելով՝ 2019 թվականին հետազոտվել են ևս չորս համայնք ՝ Արգենտինա, Լիբանան, Կանադա (Մոնրեալ) և Ռումինիա, իսկ 2021 թվականին` Բելգիա, Բրիտանիա, Փարիզ և Դոնի Ռոստով:
2018 և 2019 թվականների ուսումնասիրությունների արդյունքները հրապարակվել են առանձին-առանձին: 2019-ի ուսումնասիրությունը հասանելի է հայերեն, անգլերեն և իսպաներեն: Բոլոր զեկույցները կարելի է անվճար ներբեռնել ՀՍՀ կայքէջից՝ https://www.armeniandiasporasurvey.com: