image
Հրատապ լուրեր:

Սիրիայից՝ Հայաստան․ դաշնամուր վերանորոգող վարպետը

Սիրիայից՝ Հայաստան․ դաշնամուր վերանորոգող վարպետը

Առավոտյան ժամը 7-ին Հայկ Աբելյանը բացում է արհեստանոցի դուռը, միացնում երաժշտությունն ու անցնում գործի։ Հիմնականում դասական երաժշտությունն է լսում, հատկապես Բախ է սիրում։

Վարպետ Հայկի արհեստանոցը, կարծես, դաշնամուրների եւ ռոյալների վերակենդանացման բաժանմունք լինի։ Այստեղ բերում են շատ վատ վիճակում գտնվող գործիքները։ Իսկ վարպետի խնդիրն է այնպես նորոգել, որ նորի նման դառնան։

«Նախ պետք է իմանալ նորոգության իմաստը։ Սա ամենակարեւորն է։ Դաշնամուրը պետք է դարձնես նորի նման, ոչ թե ասես՝ մի մասը նորոգեցի։ Պետք է սիրել, նվիրվել գործին։ Երբ քեզ հրավիրում են աշխատանքի, պետք է միշտ լավագույնն անել»,- ասում է 62-ամյա վարպետը։

Արհեստանոցը գտնվում է Երեւանում սիրիահայերի արդյունաբերական կենտրոնում։ Այստեղ զրոյից վերոնորոգել է, կահավորել ու աշխատանքային միջավայրը հաճելի դարձրել իր համար։ Պահարաններով առանձնացված սենյակը երկու մասի է բաժանել։ Մի հատվածում դաշնամուրներն ու ռոյալներն են տեղավորում, իսկ մյուսում՝ հաստոցն ու գործիքները։ Հենց այս երկրորդ մասում էլ նա կենդանություն է տալիս անգործ կամ կենդանությունը կորցրած երաժշտական գործիքներին։

Հայկ Աբելյանը Սիրիայի Հալեպ քաղաքից է։ Մայրը ակորդեոն ուներ եւ հաճախ էր նվագում։ Վարպետն ասում է՝ այդ ակորդեոնով էլ արթնացավ սերը երաժշտության հանդեպ։ Չնայած դրան՝ մի քանի տարի մետաղի մշակում է սովորել, որն էլ հետագայում օգտակար դարձավ դաշնամուրի վերանորոգման գործում։

Երկաթի հետ աշխատանքից հետո զուգահեռահաբար սովորում էր դաշնամուր նվագել։ Ասում է՝ հարեւանուհի ունեին՝ երջանկուհի տիկին Դերձակյանը, նա էր քաջալերել։ 1976-1977 թթ․ տանն առաջին դաշնամուրը հայտնվեց։ Մի անգամ դաշնամուր լարող էին կանչել։ Դաշնամուրի մեխանիզմն սկսել էր հետաքրքրել Հայկ Աբելյանին։ Այդ օրվանից հետո, ասում է, գրեթե ամեն օր տան դաշնամուրը քանդում, հավաքում էր։ Իհարկե, շարունակում է, տնեցիները խոսում էին, բայց քանդածը միշտ հավաքում էր։

Մինչեւ բանակ գնալն արդեն սկսել էր խորանալ այդ արհեստում։ Բանակից վերադառնալուց հետո դա հիմնական, լուրջ արհեստ դարձավ նրա համար։ Նյու Յորքում բնակվող եղբորը խնդրել էր դաշնամուրի մասեր ուղարկել։ Եղբայրն ասել էր, որ դաշնամուր վերանորոգելու մասին գրքեր կան, թող այդտեղ նայի, գրի, որ մասն է անհրաժեշտ, ինքը կուղարկի։ Գրքի վերջին էջում դաշնամուր լարողների համար մի հոդված կար։ Այդտեղ նշված էր, որ ովքեր հետաքրքրված են այս գործով, կարող են բաժանորդագրվել ամենամսյա ամսագրերի համար։ Բաժանորդագրվել էր եւ այդ օրվանից սկսած ամեն ամիս սկսել ստանալ ամսագրերը։

Հալեպում իր առաջին արհեստանոցի տարածքն էր գնել։ 1990-ականներն էին։ Հետզհետե ոչ միայն Հալեպից, այլեւ ամբողջ Սիրիայից էին սկսել դաշնամուրներ ու ռոյալներ տանել վերանորոգման համար։ Դրան զուգահեռ կապեր էր հաստատել Հարավային Կորեայի «Սամիկ» ընկերության հետ։ Կարճ ժամանակում դարձել էր այդ ընկերության ներկայացուցիչը։ «Սամիկը» համագործակցում էր նաեւ գերմանական «Bechstein» ընկերության հետ։ Զրուցակիցս միանգամից այս երկու ընկերությունների ներկայացուցիչն էր դարձել։ «Սամիկի» դաշնամուրներն էր բերում Սիրիա ու վաճառում։ 2008, 2009, 2010 թթ․ Հայկ Աբելյանը պարգեւատրվել է «Սամիկի» կողմից՝ որպես լավագույն վաճառող։ Հիմա այս մրցանակները դրված են պահարանի տեսանելի հատվածում։

Սիրիայի պատերազմի պատճառով վարպետ Հայկն ընտանիքի հետ հաստատվել է Հայաստանում։ Նոր, անծանոթ միջավայրում մոտ 1,5 տարի աշխատանք չուներ։ Այս մասին չի խոսում, փոխարենը նրա տիկինը՝ Պերճուհին է պատմում։

Վարպետը դաշնամուրի նոր ստեղներն է ցույց տալիս։ Ասում է՝ աշխատանք չունենալը չի հիասթափեցրել իրեն։ Եթե պիտի հիասթափվեր, ուրեմն պետք է չմնար Հայաստանում։ «Երբ մենք որոշել էինք Հայաստան գալ, վերջ, Հայաստանում ենք լինելու, հայ ենք»,- ավելացնում է նա։ 

Մանրամասները՝ «Հետք»-ի պատրաստած նյութում.