Էրիկա Բադալյանը փնտրում է իր հարազատներին։ Նա դիմում է հատկապես իրանահայերին։
«Սիրելի իրանահայեր,
Ես փորձում եմ գտնել իմ հայկական ընտանիքի անդամներին և հարազատներին։ Հույս ունեմ, որ գուցե ինչ-որ մեկին ծանոթ են այս անունները կամ երբևէ լսել են նրանց մասին։
Իմ տատիկի՝ Դուստրիկ Սահակյանի ծնողները գաղթել են Թավրիզից (Թավրիզ, Իրան) ։ 1915 թվականից հետո նրա ծնողները տեղափոխվել են Արարատ գյուղ։ 1970-ականներին նրա հորեղբայրը (մոր եղբայրը) եկել էր իր քրոջը և հարազատներին գտնելու և գտել էր իմ տատիկին ու նրա ընտանիքը։
Հետագայում իմ տատիկը կապի մեջ էր իր քեռիների երեխաների հետ՝
Գևորգ Մկրտչյանց
Գուրգեն Մարտիրոսյան
Բաբկեն Մարտիրոսյան
և նրանց քույրը՝ Շուշան Մարտիրոսյան
Ինչքան գիտեմ, նրանք հետո տեղափոխվել են Գերմանիա, ապա ԱՄՆ։ Նրանք կապի մեջ էին իմ տատիկի հետ մինչև մոտավորապես 2000 թվականը և նամակներ էին ուղարկում մեր ընտանիքին։ Այդ ժամանակ ես դեռ երեխա էի։ Հիշում եմ, որ լսում էի նրանց մասին, բայց տարիների ընթացքում կապը կորավ, և շատ բան փոխվեց։
Տատիկիս մահից հետո ես փորձում եմ վերականգնել մեր ընտանեկան պատմությունը և գտնել մեր հարազատներին։
Հիմա ես ապրում եմ Վարշավայում, Լեհաստան։ 2024 թվականին եղել եմ Լոս Անջելեսում և այնտեղ նույնպես փորձել եմ գտնել մեր ընտանիքի անդամներին, բայց առանց հաջողության։
Ինձ համար շատ կարևոր է գտնել մեր հարազատներին քանի որ ուզում եմ ավելի շատ իմանալ իմ տատիկ-պապիկների, մեր ընտանիքի պատմության և մեր հարազատների ճակատագրի մասին։
Եթե որևէ մեկին ծանոթ են այս անունները, հանդիպել է նրանց կամ կարող է որևէ տեղեկություն կամ կապ տրամադրել, ես շատ շնորհակալ կլինեմ»։