Թուրքիայի լրատվամիջոցները լայնորեն անդրադարձել են Օրդուի հայ պղնձագործ Հարություն Արթունի մահվանը։ Նա մահացել է 102 տարեկանում եւ Օրդու մարզի հայտնի դեմքերից էր։
Նշվում է, որ պղնձագործի, ինչպես նաեւ՝ նրա հոր աշխատանքները հայտնի են մարզում, եւ որոշները գտնվում են հավաքածուներում։ Խոհանոցային պարագաներից զատ նրանք պատրաստել են նաեւ պղնձե եւ այլ մետաղից առարկաներ՝ բարձրաքանդակներով եւ նկարներով։

Հարություն Արթունի մասին նույնիսկ գիրք է գրվել․ նրա կյանքի պատմությունը ներառված է Սելջուկ Քյուփչյուքի «Սեւ ծովի կորուսյալ ինքնությունը» գրքում, որը հրատարակել է «Իլետիշիմ Յայընլարի» հրատարակչությունը՝ «Օրդու քաղաքի ոչ պաշտոնական պատմությունը. պղնձագործ Հարութ Ուստայի պատմությունը» վերնագրով։
Գրքում նշվում է նաեւ, որ նրա հայրը՝ Մկրտիչ Արթունը, նույնպես պղնձագործ էր։ Հարություն Արթունը ծնվել է Զաֆերի Միլլի թաղամասում, որտեղ հիմնականում ապրում էր քաղաքի ոչ մուսուլման բնակչությունը։ Իր սեփական հետազոտությունների համաձայն՝ նրա ընտանեկան արմատները հասնում են մինչև Օրդու՝ մոտ 240 տարի առաջ։ Զաֆերի Միլլիում՝ շագանակենիների մեծ խտությամբ տարածքում, նրա պապը կառուցել է փայտե առանձնատուն։
2004 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Հարություն Արթունը քաղաքային խորհրդի գլխավոր թեկնածուն էր՝ ներկայացնելով այն ժամանակվա ÖDP-ն (Ազատություն և համերաշխություն կուսակցություն) և քարոզարշավ էր անցկացնում այդ պաշտոնի համար։
Իր մասին գրված գրքում Հարություն Արթունը Օրդուի բնակիչներին ուղղված խոսք է թողել. «Ես միայն մեկ վերջին կամք ունեմ իմ համաքաղաքացիներին. որ նրանք լուսավորվեն, որ կարդան, որ հետազոտեն: Աշխարհում անգիտությունից ավելի անողոք բան չկա: Ես նաև ուզում եմ, որ նրանք պահպանեն քաղաքի գեղեցկությունը: Չնայած տգեղ շենքերին, այս քաղաքը դեռևս շատ գեղեցիկ է, դեռևս հարսնացուի պես է: Նրանք պետք է սիրեն քաղաքը, որպեսզի կարողանան այս գեղեցկությունը տանել ապագա: Մոտ ապագայում ես կարող է այստեղ չլինեմ, կարող է չթաղվեմ այս հողերում, բայց թող իմ համաքաղաքացիներն իմանան, որ իմ հոգին միշտ այստեղ կլինի»:
Հարություն Արթունի հուղարկավորության եկեղեցական կարգը կկատրվի այսօր՝ Ստամբուլի հայկական Սուրբ Վարդանանց եկեղեցում:
