Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Հայաստանում գտնված ժամանակ նվեր է ստացել Երևանում բնակվող սիրիահայ Ծովակ Գանթարջյան-Օհանյանի գործած սփռոցը: «Արեւելքի» տեղեկություններով Ծովակ Գանթարջյան-Օհանյանը կանցլերի համար ձեռագործ նվեր պատրաստելու առաջարկը ստացել է կառավարությունից և իբրև այդպիսին հարմար գտել ութ տարի առաջ սկսած իր ասեղնագործ աշխատանքներից մեկը, որը Այնթափի հռչակավոր ասեղնագործության դպրոցի կատարյալ նմուշ է համարվում՝ նորացված մոտիվներով:
Սփռոցը Անգելա Մերկելին է նվիրվել ի երախտագիտություն գերմանական GIZ կազմակերպության, որը 2015 թվականից հովանավորում է Հայաստանում բնակվող մի խումբ սիրիահայ կանանց՝ ձեռագործ աշխատանքներ պատրաստելու և դրանց վաճառքով իրենց ապրուստը հոգալու հարցում: Կանցլերը հուզմունքով է ընդունել նվերը, իսկ bundeskanzlerin էջը նկար է հրապարակել հայ ժողովրդական վարպետուհու հետ հանդիպումից և գրառում արել սոցիալական ցանցում:
Սիրիահայ Ծովակ Գանթարջյան-Օհանյանը ժողովրդական վարպետի կոչում է ստացել Հայաստանում: Նա տիրապետում է հայկական զարդանախշերի ու հայկական ավանդական կարատեսակների՝ Վան-Սվազի, Ուրֆայի, Մարաշի, Այնթապի և այլ վայրերի ասեղնագործության գաղտնիքներին, ինչպես նաև՝ շղարշ ասեղնագործությանը և իր փորձն է փոխանցում բազմաթիվ մարդկանց:
Լուսանկարում՝ Ծովակ Գանթարջյան-Օհանյանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ