ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում էր Սինգապուրում՝ մասնակցելու Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ Առաքելական Եկեղեցու 190-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին, տեղեկանում ենք հանձնակատարի գրասենյակից։
Եկեղեցու հոգաբարձուների կողմից կազմակերպված միջոցառումներին ներկա է եղել շուրջ 110 մասնակից՝ 14 երկրից։
Գլխավոր հանձնակատարն Եկեղեցու 190-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը հանդես է եկել շնորհավորական ուղերձով, որում ընդգծել է Սինգապուրի փոքրաթիվ հայ համայնքի՝ տարիներ շարունակ կատարած ահռելի աշխատանքն՝ ի նպաստ հայկական ժառանգության, հայոց լեզվի և մշակույթի, ինչպես նաև հոգևոր արժեքների պահպանմանն ու տարածմանը։
Խորհրդանշական միջոցառումների շրջանակում տեղի է ունեցել նաև Սինգապուրի Հայկական ժառանգության կենտրոնի և նոր համայնքային ընդունելությունների սրահի բացման արարողությունը։
Զարեհ Սինանյանն այցի ընթացքում մի շարք հանդիպումներ է ունեցել Սինգապուրի, ինչպես նաև այլ երկրներից ժամանած՝ այդ թվում Ավստրալիայից, Բանգլադեշից, Վիետնամից, Հնդկաստանից և այլ հայ համայնքների ներկայացուցիչների հետ։
Քննարկվել են Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմանը, հայապահպանությանը, հայ մշակույթի պահպանմանն ու տարածմանը, ինչպես նաև երկկողմ փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Գլխավոր հանձնակատարն այցի շրջանակում մասնակցել է նաև Եկեղեցում Սուրբ Պատարագի, որը մատուցել է Սիդնեյից ժամանած Գերաշնորհ Տ. Վարդան Արքեպիսկոպոս Նավասարդյանը։
Հանդիսավոր միջոցառումներն ամփոփվել են գալա ընթրիքով, որի շրջանակում անցկացվել է «Armenian Street» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպված հանգանակությունը։ Միջոցառման մեկնարկին ողջույնի խոսքով հանդես է եկել Զարեհ Սինանյանը՝ մաղթելով արդյունավետ և հաջող ընթացք։
Հանդիսավոր միջոցառումներին ներկա է գտնվել նաև Սինգապուրի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Սերոբ Բեջանյանը։
