image

Շուրջ 200 սիրիահայ երեխաներ $100-ին համարժեք տեղական արտադրանքի փաթեթներ ստացան. լուսանկար

Շուրջ 200 սիրիահայ երեխաներ $100-ին համարժեք տեղական արտադրանքի փաթեթներ ստացան. լուսանկար

Այսօր՝  դեկտեմբերի 28-ին, «Հալեպ» Հայրենակցական Բարեսիրական կազմակերպությունը, «One Armenia» կազմակերպության հետ համատեղ, Ամանորի բարգործական միջոցառում էր կազմակերպել՝ սիրիահայ շուրջ 200 երեխաների համար։

«One Armenia»-ն ամեն տարի կազմակերպում է «Պահանջվում են Ձմեռ պապիկներ» բարեգործական միջոցառումը՝ ընտրելով որևէ թիրախային խումբ։ Այս անգամ կազմակերպությունը նմանատիպ միջոցառում էր կազմակերպել սիրիահայ մանուկների համար։ Միջոցառման շրջանակներում «One Armenia»-ն նվերներ բաժանեց երեխաներին, ինչը մեծ խանդավառությամբ ընդունվեց փոքրիկների կողմից։ Նվերները յուրաքանչյուրը 100 ԱՄՆ դոլարին համարժեք հայկական դրամի արժողությամբ փաթեթներ էր։ Հատկանշական է, որ նվերները հիմնականում ընտրվում են տեղական արտադրանքից՝ աջակցելով տեղացի, այդ թվում նաև՝ սիրիահայ արտադրողներին։ Այս մասին «Հայ Ձայն»-ի թղթակցին հայտնեց One Armenia կազմակերպության ներկայացուցիչը։

«Հալեպ» կազմակերպությունը ևս բազմիցս իրականացրել է նմանանատիպ բարեգործական ծրագրեր՝ տարբեր կազմակերպությունների հետ համատեղ։

«Այս շաբաթվա ընթացքում միայն չորս միջոցառում է տեղի ունեցել, որոնց հովանավորությունը ստանձնել են տարբեր կազմակերպություններ։ Ամենամեծ միջոցառումն այսօրվանն է՝ One Armenia-ի կազմակերպածը»,- մեզ հետ զրույցում ասաց «Հալեպ» Հայրենակցական Բարեսիրական կազմակերպության նախագահ Անի Պալխյանը։

«Հունվարին նույնպես սպասվում է նմանատիպ համագործակցություն «Հալեպ»-ի և «One Armenia»-ի միջև, որի շրջանակներում վերջինս հովանավորելու է ևս 90 երեխայի»,-հավելեց տիկին Պալխյանը:

Նշենք, որ միջոցառման ընթացքում կազմակերպվեցին բազմաբնույթ զվարճալի խաղեր, որին Հայաստանում ապրող սիրիահայ երեխաները մեծ ոգևորությամբ մասնակցեցին։

Կազմակերպվել էր նաև ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որից ստացված ողջ հասույթը, ինչպես տեղեկացանք, ուղղվելու է երեխաների համար ամեն շաբաթ նախատեսվող միջոցառումների իրականացմանը։