19 յունիսի մամուլի ասուլիսին Բագրատ Սրբազանն անդրադարձած է «Տաւուշը յանուն հայրենիքի» շարժման առաջնորդներէն Սուրէն Պետրոսեանի խնդրին։
«Սուրէն Պետրոսեանին ես հանդիպել եմ յունիսի 13-ի երեկոյեան, այդ դէպքից յետոյ, որը մեզ համար անհասկանալի մնաց։ Խօսել եմ իր հետ, շատ մանրամասն քննարկել ենք հարցերը։ Ինքը պատմել է եղելութիւնը, ինչը տեղի է ունեցել։ Ես ընդունել եմ այնպէս, ինչպէս պատմել է, որովհետեւ այլ միջոց չունենք քննելու։
Սուրէնը խնդրեց պարզապէս, որ մի քանի օրով արտերկիր պէտք է մեկնի։ Բայց վերադարձին մենք շատ հարցեր ունենք Սուրէնին, թէ ինչ է իրականում տեղի ունեցել եւ որոշելու, թէ այս ճանապարհը միասին անցնո՞ւմ ենք, թէ՞ ոչ։
Ես այդ օրը բեմից էլ յայտարարել եմ, որ, ըստ մեզ հասած տեղեկութիւնների, Սուրէն Պետրոսեանն առեւանգուել է։ Դա ինքը պէտք է կարողանայ հաստատել եւ դրան համապատասխան գործընթացները սկսել»,-ըսած է Սրբազանը։
Լրագրողներու հարցին, թէ Սուրէն Պետրոսեան իրեն բացատրութիւն տուա՞ծ է, որ եթէ զինք տարած են, ինչ պահանջած են, ինչի դիմաց պահանջած են, սրբազանը արձագանգած է. «Իրեն ուզեցել են ըստ իր ներկայացման ուղղակի դուրս պահել ամսի 12-ին մասնակցելուց կամ ընդհանուր շարժումից:
Յունիսի 12-ի առաւօտեան շատ մարդկանց են հեռաձայնել, հրաւիրել են ինչ-որ յատուկ տեղ, ԱԱԾ (Ազգային անվտանգութեան ծառայութիւն) կամ այլ տեղ, այդ թուում նաեւ Սուրէն Պետրոսեանին, ըստ իր պատմելու: Ինքը առաւօտեան չի գնացել, բայց երեկոյեան իրենք են մօտեցել Սուրէն Պետրոսեանին եւ սեւ մեքենայով երկու հոգով, եւ մի քանի հոգի էլ այլ կողմերից, նստեցրել են մեքենան եւ տարել են Հրազդան, ինչ-որ առանձին տեղ»: