Այսօր նշվում է ՀՀ Սահմանադրության օրը:
Հայաստանի անկախ հանրապետության Սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին։
Հիշեցնենք, որ հայ իրականության մեջ Սահմանադրության առաջին տպագիր նախագիծը «Որոգայթ Փառաց»-ն է՝ Մադրասի խմբակի ծրագրային երկը, հայ իրավունքի կարևորագույն փաստաթղթերից մեկը, որտեղ առաջին անգամ հայ իրականության մեջ ներկայացվում է սահմանադրական իրավունքի նորմերի ամբողջական և կանոնակարգված համակարգ՝ ընդհանրացնելով հայ և համաշխարհային հասարակական մտքի, ինչպես նաև պետական նոր մտածողության սկիզբ դնելով։
Շուրջ 250 տարվա պատմություն ունեցող գիրքը պահվում է Հայաստանի ազգային գրադարանում և ցուցադրված է Գրատպության թանգարանում:
Նախագիծը տպագրվել է Հնդկաստանի Մադրաս քաղաքում՝ Հակոբ Շահամիրյանի անվան տպարանում՝ ինչպես տիտղոսաթերթին է նշված 1773 թվականին:Վերահրատարակվել է 1913 թվականին, Թիֆլիսում։ 2002 թվականին լույս է տեսել Հայաստանի Հանրապետության սահմանադրական իրավունքի կենտրոնի կողմից՝ ժամանակակից գրական հայերենով:
1773 թվականին տպագրված գիրքը բաղկացած է 339 գծափակ էջից, տիտղոսաթերթը ևս գծափակ է, առկա են գլխազարդեր, զարդագրեր, վերջազարդեր, խաչ պատկերող զարդանկար և այլն:
Այն կազմված է պատմական-տեսական մասից և 521 հոդած ներառող սահմանադրության նախագծից, որը մշակվելուց և հաստատվելուց հետո ստանալու էր օրենքի ուժ և գործադրվելու էր Հայկական նորաստեղծ Հանրապետության շրջանակներում։
«Որոգայթ փառաց»-ը 18-րդ դարի 2-րդ կեսի հայ լուսավորական մտքի և առաջադիմական գաղափարների արժեքավոր վավերագիր է։
Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսվել