image

Ռուբէն Վարդանեանը Պաքուի բանտէն պատասխանած է Փաշինեանի յայտարարութիւններուն

Ռուբէն Վարդանեանը Պաքուի բանտէն պատասխանած է Փաշինեանի յայտարարութիւններուն

Պաքուի բանտին մէջ հարցաքննութեան ժամանակ, Ռուբէն Վարդանեանին հարցումներ ուղղած են Հայաստանի վարչապետին վերջին ասուլիսին՝ Վարդանեանի հասցէին կատարած յայտարարութեան կապակցութեամբ:

Վարդանեան՝ ընտանիքին հետ հեռաձայնային զրոյցին՝ ստուգելով, թէ վարչապետը իրապէս նման յայտարարութիւն ըրած է, խնդրած է բաց ձեւաչափով հանրութեան հաղորդել իր հետեւեալ խօսքը.

«Առաջին հերթին՝ իւրաքանչիւր մարդ ուրիշի գործողութիւնների մասին դատում է՝ ելնելով իր կեանքի սկզբունքներից:

Երկրորդը՝ եթէ վարչապետը ինձ ինչ-ինչ հարցեր ունէր, նա հնարաւորութիւն ունէր դրանք ինձ ուղղելու 2022 Նոյեմբերին մեր վերջին հանդիպման ժամանակ, երբ ես նաեւ Պետական նախարարի պաշտօնն էի զբաղեցնում: Ամէն դէպքում, ես նոյնիսկ հիմա պատրաստ եմ, իմ ներկայի հնարաւորութիւնների իրավիճակում, պատասխանել նրա որեւէ հարցին:

Երրորդը՝ ցանկանում եմ վարչապետին յիշեցնել, որ 2018-ի գարնան, երբ մենք առաջին անգամ գործընկերներով, չորս հոգիով հանդիպեցինք նրա հետ, ես անկեղծօրէն նրան երեք կէտ ներկայացրեցի, որոնք պահպանել եմ ու շարունակելու եմ պահպանել.

1. Մենք գործընկերներով չենք ցանկանում եւ չենք միջամտի Հայաստանի քաղաքականութեան:

2. Մենք զբաղւում ենք բարեգործութեամբ՝ անկախ Հայաստանի իշխանութիւնների նկատմամբ վերաբերմունքից, քանի որ մենք դա անում ենք ժողովրդի համար: Ինձ համար մարդկանց օգնելը մնում է կարեւոր հարց եւ կարեւոր մարդասիրական առաքելութիւն:

3. Միակ բանը, որ կարող է փոխել իմ այդ մօտեցումը, Արցախի ճակատագիրն է:

2020-ի պատերազմն ու Արցախի նկատմամբ շարունակուող սպառնալիքը ինձ համար շրջադարձային եղան, ինչի մասին ես բազմիցս բաց ու հետեւողականօրէն յայտարարել եմ: Այդ ժամանակից ի վեր իմ բոլոր գործողութիւնները թելադրուած էին Արցախի եւ նրա ժողովրդի ճակատագրի նկատմամբ մտահոգութեամբ:

Հիմա մեր ժողովուրդն ապրում է իր պատմութեան ամնենաբարդ ու ծանր շրջափուլերից մէկը, բայց ես շարունակում եմ հաւատալ, որ չնայած դժուարութիւններին ու տարակարծութիւններին, մենք կը կարողանանք յաղթահարել այս փուլը եւս ու կառուցել խաղաղ ու լուսաւոր ապագայ»: